Մամուլի հաղորդագրություն

ՄԱԱԶԿ-ն աջակցել է ԱՐՄՍՏԱՆԴԱՐՏ-ի լաբորատորիաների միջազգային հավատարմագրմանը

11 մարտի 2026

Երևան, Հայաստան – 2025 թվականի հոկտեմբերի 23–24-ն Ազգային ստանդարտների և չափագիտության մարմնի (ԱՐՄՍՏԱՆԴԱՐՏ) նորաստեղծ էլեկտրական, ուժի մոմենտի և ճնշման տրամաչափարկման լաբորատորիաները հաջողությամբ ավարտել են միջազգային ճանաչում ունեցող հավատարմագրման մարմնի իրականացրած հավատարմագրման գնահատման գործընթացը։ Այս կարևոր ձեռքբերումը նշանակալի քայլ է Հայաստանի չափագիտական ենթակառուցվածքի եվրոպական և միջազգային չափանիշներին համապատասխանեցման ճանապարհին և նպաստում է ԵՄ–Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով (CEPA) ստանձնած պարտավորությունների իրականացմանը։

International accreditation
Նկարագրություն՝ Միջազգային հավատարմագրում
Լուսանկարը՝ © UNIDO

Հավատարմագրման 1450 վկայականը հաստատում է, որ ԱՐՄՍՏԱՆԴԱՐՏ-ի տրամաչափարկման լաբորատորիաները համապատասխանում են ISO/IEC 17025 միջազգային ստանդարտի պահանջներին՝ ապահովելով տեխնիկական կարողություններ, չափումների հետագծելիություն և որակի կառավարման կայուն համակարգ։ Արդյունքում, ԱՐՄՍՏԱՆԴԱՐՏ-ի կողմից տրամադրվող տրամաչափարկման վկայականները միջազգայնորեն ճանաչվում են, ինչը նպաստում է չափումների արդյունքների փոխադարձ ընդունմանը, տեխնիկական խոչընդոտների նվազեցմանը և հայկական արտադրության մրցունակության բարձրացմանը համաշխարհային շուկաներում։

Հայաստանում միջազգայնորեն ճանաչված տրամաչափարկման ծառայությունների հասանելիությունը շոշափելի օգուտներ կբերի բազմաթիվ ոլորտների համար, ինչպիսիք են՝ էներգետիկան, հեռահաղորդակցությունը, արդյունաբերությունը, շինարարությունը, բարձր տեխնոլոգիաներն ու էլեկտրոնիկան, առողջապահությունը, գիտահետազոտական կառույցները, համապատասխանության գնահատման մարմինները, փորձարկման և տեսչական լաբորատորիաները, ինչպես նաև ավիատիեզերական և ավտոմոբիլային ոլորտները։ Տեղում տրամաչափարկման ծառայությունների հասանելիությունը թույլ կտա կազմակերպություններին խնայել ժամանակ և ֆինանսական միջոցներ, բարձրացնել արտադրանքի որակն ու անվտանգությունը և ամրապնդել մրցունակությունը՝ առանց արտերկրում այդ ծառայություններից օգտվելու անհրաժեշտության։

Այս արդյունքները ձեռք են բերվել Հայաստանի կառավարության, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ) և Եվրոպական միության սերտ համագործակցության շնորհիվ՝ ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն որակի ենթակառուցվածքին Հայաստանում» ծրագրի շրջանակում։ Ծրագրի միջոցով ժամանակակից լաբորատոր սարքավորումների տրամադրումը, մասնագետների կարողությունների զարգացումը և հավատարմագրման պատրաստվածության ապահովմանն ուղղված աջակցությունն առանցքային դեր են ունեցել Հայաստանի որակի ենթակառուցվածքի զարգացման գործում։

«Աջակցություն որակի ենթակառուցվածքին Հայաստանում» ծրագիրն իրականացնում է ՄԱԱԶԿ-ը՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ։ Ծրագրի հիմնական նպատակն է զարգացնել ԱՐՄՍՏԱՆԴԱՐՏ-ի կարողությունները՝ շահառուներին միջազգայնորեն ընդունելի չափագիտական ծառայություններ մատուցելու համար։ Հայաստանի չափագիտության համակարգի իրավական, կառուցվածքային և տեխնիկական կարգավորումների բարելավման միջոցով ծրագիրը նպաստում է համակարգի արդիականացմանը՝ խթանելով տնտեսության դիվերսիֆիկացիան և առևտրի մրցունակության բարձրացումը, ինչը համահունչ է ԵՄ-ի հետ ստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով» (CEPA) Հայաստանի ստանձնած հանձնառություններին։

Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել`
Ծրագրի ղեկավար Ցոնգ Վուին` C.WU@unido.org 
Ծրագրի համակարգող Հայաստանում Մանե Թափալցյանին` m.tapaltsyan@unido.org

Մանե Թափալցյան

ՄԱԱԶԿ
ԵՄ ֆինանսավորմամբ և ՄԱԱԶԿ աջակցությամբ իրականացվող «Աջակցություն որակի ենթակառուցվածքների զարգացմանը Հայաստանում» ծրագրի համակարգող

Այս նախաձեռնությանը մասնակցող ՄԱԿ-ի գործակալությունները

ՄԱԱԶԿ
ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպություն

Նպատակները, որոնց մենք աջակցում ենք այս նախաձեռնությամբ