ՅՈՒՆԻՍԵՖ-ը և գործընկերները Հայաստանի ամենահարավային հատվածում բացել են երիտասարդների համար նոր համաստեղծման լաբորատորիա
15 հունվարի 2026
Տարեկան ավելի քան հարյուր դեռահաս և երիտասարդ կօգտվեն տրամադրվող հմտությունների զարգացման և համաստեղծման ծառայություններից:
ԱԳԱՐԱԿ, հունվարի 12, 2026 թ. – ՅՈՒՆԻՍԵՖ-ը՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (EIF), Մեղրիի համայնքապետարանի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի Նորարարությունների գրասենյակի աջակցությամբ, պաշտոնապես բացել է նոր համաստեղծման (co-creation) լաբորատորիա Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում։ Հայաստանի ամենահեռավոր հարավային համայնքներից մեկում գործող այս կենտրոնը նպատակ ունի հզորացնել դեռահասներին և երիտասարդներին՝ նրանց համար հասանելի դարձնելով ժամանակակից գործիքները, տրամադրելով մենթորություն և համատեղ զարգացման հնարավորություններ։ Այն՝ Սիսիանում 2024 թվականի ապրիլին ՅՈՒՆԻՍԵՖ-ի և EIF-ի գործընկերությամբ հիմնված համաստեղծման լաբորատորիայից հետո թվով երկրորդն է։
Նորաբաց կենտրոնը արդեն իր փորձնական փուլում ընդունել է 70 երիտասարդ՝ իրազեկման միջոցառումների և ներածական դասընթացների շրջանակում։ Առաջիկայում ակնկալվում է, որ այն տարեկան կսպասարկի ավելի քան 100 դեռահասի և երիտասարդի՝ առաջարկելով հմտությունների զարգացման շարունակական ծրագրեր, թվային գրագիտության աշխատարաններ և գործնական նախագծերի մշակման հնարավորություններ։
Ագարակ համայնքը առանցքային դեր է ունեցել կենտրոնի ստեղծման գործում՝ համայնքի վարչական շենքում անվճար տրամադրելով համապատասխան տարածք։ Համայնքը նաև հոգում է կենտրոնի կոմունալ ծախսերը և ստանձնել է երկարաժամկետ աջակցության պարտավորություն՝ կենտրոնի շարունակական գործունեությունն ապահովելու համար։ Այս ներդրումը արտացոլում է համայնքի ավելի լայն նպատակը՝ ընդլայնել տեղական երիտասարդների հնարավորությունները՝ նրանց հնարավորություն տալով ոչ միայն ավելի ակտիվ մասնակցել համայնքային կյանքին, այլև ներդրում ունենալ տեղական և տարածաշրջանային պլանավորման ու զարգացման գործընթացներում։
Որպես տարածաշրջանային նորարարական և ձեռնարկատիրական լաբորատորիա՝ Ագարակի համաստեղծման լաբորատորիան դեռահասներին, ուսանողներին, երիտասարդ նորարարներին և ստարտափներին տրամադրում է մի միջավայր, որտեղ կարելի է ուսումնասիրել գաղափարներ, փորձարկել և զարգացվել դրանք՝ վերածելով գործնականում կիրառելի լուծումների։ Մասնակիցները կունենան ոչ ֆորմալ կրթություն ստանալու հնարավորություններ, ոլորտի մասնագետների մենթորություն, ինչպես նաև իրենց հասակակիցների հետ համագործակցելու հնարավորություն՝ ստեղծարար, տեխնոլոգիական և ձեռնարկատիրական նախաձեռնությունների շուրջ։
«Այս լաբորատորիան միտված է բացահայտելու տեղական երիտասարդների ներուժը։ Սա մի տարածք է, որտեղ երիտասարդները կարող են ձեռք բերել նոր հմտություններ, փորձարկել գաղափարներ և ստեղծել թվային պրոդուկտներ, որոնք կնպաստեն Սյունիքի մարզի զարգացմանը», – նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը։ «Տարածաշրջանում գործող թվով երկրորդ համաստեղծման լաբորատորիայի շնորհիվ երիտասարդները հնարավորություն կունենան ուսումնասիրել թվային արվեստ, անիմացիա և մուլտիմեդիա նախագծեր, ինչպես նաև մասնակցել տեխնոլոգիական հաքաթոնների, սեմինարների և գործնական աշխատարանների։ Ամենակարևորը՝ այս լաբորատորիան կօգնի Սյունիքի դեռահասներին և երիտասարդներին զարգացնել 21-րդ դարի հմտություններ, որոնք կբարձրացնեն նրանց ինքնավստահությունը, ստեղծարարությունը և դիմակայունությունը»։
Կրթությանը, արդյունաբերությանը և ձեռնարկատիրության ոլորտները միավորելով՝ լաբորատորիան կօգնի երիտասարդներին պատրաստվել 21-րդ դարի արագ փոփոխվող պահանջներին։ Ծրագրերը նախատեսված են ամրապնդելու թվային, ինժեներական և գործարար հմտությունները՝ միաժամանակ խթանելով ստեղծարարությունն ու նորարարությունը։ Կենտրոնը նպատակ ունի հնարավորություններ ստեղծել երիտասարդների համար՝ ներգրավվելու Հայաստանի զարգացող բարձր տեխնոլոգիաների ոլորտում և մասնակցելու տարածաշրջանային զարգացման հեռանկարային հնարավորություններին։
«Մեր նպատակն է արագացնել տեխնոլոգիական ոլորտի զարգացումը Սյունիքի մարզում և բացահայտել դրա նորարարական ներուժը՝ ներդրնելով հօգուտ տեղական տաղանդի դրսևորման և ստեղծելով հնարավորություններ, որպեսզի երիտասարդները կարողանան զարգանալ հենց այնտեղ, որտեղ ապրում են», - ասել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը։ «Երիտասարդներին ապահովելով գործնական հմտություններով, մենթորությամբ և ժամանակակից տեխնոլոգիաների հասանելիությամբ՝ այս լաբորատորիաները հնարավորություն են տալիս նրանց ձեռք բերել արդի գիտելիքներ, զարգացնել մասնագիտական կարողություններ և ստեղծել նորարարական լուծումներ՝ ապրելով և աշխատելով իրենց սեփական համայնքներում։ Այս մոտեցումը ոչ միայն նպաստում է տեղական սոցիալ-տնտեսական զարգացմանը, այլև ամրապնդում է Հայաստանի լայնածավալ նորարարական էկոհամակարգը»։
Բացման արարողությանը հաջորդել են երիտասարդների համար նախատեսված երկու զուգահեռ ինտերակտիվ աշխատարաններ, որոնց ընթացքում ներկայացվել են տեխնոլոգիաների ոլորտում կարիերայի ուղիները՝ կլիմայի փոփոխության վերաբերյալ թեմատիկ շեշտադրումներով, ինչպես նաև խաղային ոլորտում կերպարների զարգացման ուղղությունները։ Երրորդ զուգահեռ հանդիպումը նախատեսված էր ծնողների և ուսուցիչների համար և անցկացվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի «Gamechangers» համաշխարհային ծրագրի երիտասարդ մասնակիցների կողմից։