ՄԱԱԶԿ-ն անցկացրեց ոչ ավտոմատ կշռող սարքերի համապատասխանության գնահատման ընթացակարգերի դասընթաց
21 նոյեմբերի 2025
Երևան, Հայաստան – 2025 թ. նոյեմբերի 10-ից 14-ը – ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունը (ՄԱԱԶԿ) ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն որակի ենթակառուցվածքին Հայաստանում» ծրագրով կազմակերպեց օրենսդրական չափագիտության հնգօրյա դասընթաց, որի ընթացքում անդրադարձ կատարվեց ոչ ավտոմատ կշռման սարքերին (NAWI)՝ Եվրոպական միության 2014/31/EU կանոնակարգի պահանջներին համապատասխան։
Դասընթացի ընթացքում Ստանդարտների և չափագիտության ազգային մարմնի (ԱՐՄՍՏԱՆԴԱՐՏ) տեխնիկական փորձագետները խորացրին գիտելիքներն ոչ ավտոմատ կշռման սարքերի (NAWI) կանոնակարգի պահանջների վերաբերյալ՝ անդրադարձ կատարելով տեխնիկական, չափագիտական պահանջներին և համապատասխանության գնահատման մոդուլներին։ Դիտարկվեցին ԱՐՄՍՏԱՆԴԱՐՏ-ի՝ ոչ ավտոմատ կշռման սարքերի փորձարկումների արդյունքները՝ համաձայն EN 45501:2015 համապատասխանեցված ստանդարտի և միջազգային OIML R-76 առաջարկությունների։
Չեխիայի չափագիտության ինստիտուտի փորձագետների աջակցությամբ անցկացված դասընթացը ներառում էր տեսական և գործնական բաղադրիչներ՝ մասնակիցներին հնարավորություն ընձեռնելով ուսումնասիրել հիմնական պահանջները, համապատասխանության գնահատման գործիքակազմը և չափիչ սարքերում ծրագրային ապահովման ներդրումը։ Դասընթացի ավարտին մասնակիցները կատարեցին վարժություններ և քննարկեցին հաջորդ քայլերը, այդ թվում՝ առաջիկա ուսումնական այցը Չեխիա։
Այս նախաձեռնությունը ևս մեկ կարևոր քայլ է ոչ ավտոմատ կշռման սարքերի (NAWI) վերաբերյալ Եվրոպական միության 2014/31/EU կանոնակարգի իրականացման գործում՝ նպաստելով Հայաստանի օրսենդրական չափագիտության համակարգի համապատասխանեցմանը եվրոպական կանոնակարգերին և միջազգային լավագույն փորձին։
«Աջակցություն որակի ենթակառուցվածքին Հայաստանում» ծրագիրն իրականացնում է ՄԱԱԶԿ-ը՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ։ Ծրագրի հիմնական նպատակն է զարգացնել ԱՐՄՍՏԱՆԴԱՐՏ-ի կարողությունները՝ շահառուներին միջազգայնորեն ընդունելի չափագիտական ծառայություններ մատուցելու համար։ Հայաստանի չափագիտության համակարգի իրավական, կառուցվածքային և տեխնիկական կարգավորումների բարելավման միջոցով ծրագիրը նպաստում է համակարգի արդիականացմանը՝ խթանելով տնտեսության դիվերսիֆիկացիան և առևտրի մրցունակության բարձրացումը, ինչը համահունչ է ԵՄ-ի հետ ստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով» (CEPA) Հայաստանի ստանձնած հանձնառություններին։
Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել`
Ծրագրի ղեկավար Ցոնգ Վուին` C.WU@unido.org
Ծրագրի համակարգող Հայաստանում Մանե Թափալցյանին` m.tapaltsyan@unido.org