ՄԱԱԶԿ-ն անցկացրեց օրենսդրական չափագիտության առցանց դասընթացներ ԱՐՄՍՏԱՆԴԱՐՏ-ի և Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի աշխատակիցների համար
04 օգոստոսի 2025
Երևան, Հայաստան – 2025 թ. հուլիսի 24, 30 և 31 – ԵՄ/ՄԱԱԶԿ «Աջակցություն որակի ենթակառուցվածքին Հայաստանում» ծրագրով անցկացվեց օրենսդրական չափագիտության թեմայով մասնագիտացած առցանց դասընթացների շարք՝ ուղղված Ստանդարտների և չափագիտության ազգային մարմնի (ԱՐՄՍՏԱՆԴԱՐՏ) և Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի (ՇՎՏՄ) 28 աշխատակցի կարողությունների բարձրացմանը
Չեխիայի չափագիտության ինստիտուտի աշխատակիցները ներկայացրել են ԵՄ օրենսդրական չափագիտության հիմնական, այդ թվում՝ նախապես փաթեթավորված ապրանքների (PPP), ոչ ավտոմատ կշռող սարքերի (NAWI) և չափող սարքերի (MID) վերաբերյալ կանոնակարգերը։
Հուլիսի 24-ի դասընթացին մասնակիցները ծանոթացան նախապես փաթեթավորված ապրանքների (PPP) վերաբերյալ իրավական փաստաթղթերի կառուցվածքին, ինչպես նաև նշումների, պիտակավորման, չափագիտական պահանջներին և ստուգման ընթացակարգերին։ Միջազգային փորձագետը ներկայացրեց նախապես փաթեթավորված ապրանքների կառավարման իրավական շրջանակը՝ ընդգծելով 76/211/EEC հրահանգի կիրառումը, սպառողի պաշտպանության կարևորությունը և ԵՄ օրենսդրության պարտադիր կատարման ենթակա դրույթները։ Քննարկվեցին նաև «е»-նշման, անդրսահմանային փաթեթավորման կանոնակարգերի բարդությունները և տարբեր երկրներում իրականացվող մեկնաբանություններից բխող խնդիրները։
Հուլիսի 30-ի՝ ոչ ավտոմատ կշռող սարքերի (NAWI) վերաբերյալ հրահանգին նվիրված դասընթացին անդրադարձ կատարվեց ԵՄ համապատասխան օրենսդրությանը, հիմնական սահմանումներին, համապատասխանության գնահատման ընթացակարգերին, չափագիտական պահանջներին, CE նշմանը և տնտեսվարողների պարտականություններին։ Չեխիայի չափագիտության ինստիտուտի մասնագետները ներկայացրեցին չափագիտական և տեխնիկական հիմնական պահանջները սահմանող EN 45501:2015 համապատասխանեցված ստանդարտները և միջազգային OIML R76 առաջարկությունները։
Հուլիսի 31-ի դասընթացը նվիրված էր չափող սարքերի կանոնակարգին (MID), որի շրջանակում հատուկ ուշադրություն դարձվեց ավտոմատ կշռող սարքերին: Մասնակիցները ծանոթացան հրահանգի նպատակներին, հիմնական պահանջներին ԵՄ միասնական շուկայում։ Քննարկվեցին համապատասխանության գնահատման մոդուլները, ավտոմատ կշռող սարքերի դասակարգումը, տեխնիկական և բնապահպանական պահանջները, ինչպես նաև OIML R51 և այլ համապատասխանեցված ստանդարտները։
Բոլոր դասընթացները ներառում էին տեսական և գործնական բաղադրիչներ, այդ թվում՝ դեպքի վերլուծություն, հարցուպատասխան և խմբային քննարկումներ։ Վերջիններս մասնակիցներին հնարավորություն ընձեռնեցին ծանոթանալ օրենսդրական չափագիտության համապատասխանության, վերահսկողության և ԵՄ չափանիշների հետ ներդաշնակեցման արդյունավետ գործիքակազմին և լավագույն փորձին։
Ի լրումն առցանց դասընթացների՝ օգոստոսին Երևանում անցկացվելու են առավել խորացված և գործնական դասընթացներ առդեմ ձևաչափով։
«Աջակցություն որակի ենթակառուցվածքին Հայաստանում» ծրագիրն իրականացնում է ՄԱԱԶԿ-ը՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ։ Ծրագրի հիմնական նպատակն է զարգացնել ԱՐՄՍՏԱՆԴԱՐՏ-ի կարողությունները՝ շահառուներին միջազգայնորեն ընդունելի չափագիտական ծառայություններ մատուցելու համար։ Հայաստանի չափագիտության համակարգի իրավական, կառուցվածքային և տեխնիկական կարգավորումների բարելավման միջոցով ծրագիրը նպաստում է համակարգի արդիականացմանը՝ խթանելով տնտեսության դիվերսիֆիկացիան և առևտրի մրցունակության բարձրացումը, ինչը համահունչ է ԵՄ-ի հետ ստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով» (CEPA) Հայաստանի ստանձնած հանձնառություններին։
________________________________________
Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել`
Ծրագրի ղեկավար Ցոնգ Վուին` C.WU@unido.org
Ծրագրի համակարգող Հայաստանում Մանե Թափալցյանին` m.tapaltsyan@unido.org