Մամուլի հաղորդագրություն

ՄԱԱԶԿ-ն աջակցում է ԱՐՄՍՏԱՆԴԱՐՏ-ի էլեկտրական տրամաչափման կարողությունների զարգացմանը

20 հունիսի 2025

Երևան, Հայաստան – 2025 թ․ հունիսի 16- 20 – ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունը (ՄԱԱԶԿ) ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն որակի ենթակառուցվածքին Հայաստանում» ծրագրի շրջանակում հնգօրյա վերապատրաստում կազմակերպեց Ստանդարտների և չափագիտության ազգային մարմնի (ԱՐՄՍՏԱՆԴԱՐՏ) աշխատակիցների համար՝ ուղղված ԱՐՄՍՏԱՆԴԱՐՏ-ի էլեկտրական տրամաչափման լաբորատորիայի տեխնիկական կարողությունների զարգացմանը։ 

Նկարագրություն՝ ԱՐՄՍՏԱՆԴԱՐՏ-ի էլեկտրական տրամաչափման լաբորատորիայի տեխնիկական կարողությունների զարգացմանն ուղղված վերապատրաստում:
Լուսանկարը՝ © UNIDO

Էլեկտրական տրամաչափման լաբորատորիայում ներքին աուդիտի վերաբերյալ անցկացված դասընթացի նպատակն էր բարելավել որակի կառավարման համակարգերը և նախապատրաստել  լաբորատորիայի միջազգային հավատարմագրմանը՝ ISO/IEC 17025 ստանդարտի պահանջներին համապատասխան։ 

Հնգօրյա դասընթացի ընթացքում միջազգային փորձագետի աջակցությամբ իրականացվեց մոդելային աուդիտ՝ մասնակիցներին հնարավորություն ընձեռնելով գնահատել ընթացիկ լաբորատոր գործընթացները, վեր հանել բացթողումները և ուրվագծել բարելավմանն ուղղված քայլերը:

Նկարագրություն՝ Պրակտիկ աշխատանք ԱՐՄՍՏԱՆԴԱՐՏ-ի էլեկտրական տրամաչափման լաբորատորիայի տեխնիկական կարողությունների զարգացմանն ուղղված վերապատրաստման ընթացքում։
Լուսանկարը՝ © UNIDO

Վերապատրաստումը կարևոր փուլ է ԱՐՄՍՏԱՆԴԱՐՏ-ի նորաբաց Էլեկտրական տրամաչափման լաբորատորիայի տրամաչափման ծառայությունների միջազգային հավատարմագրման նախապատրաստման ուղղությամբ։ Էլեկտրական տրամաչափման լաբորատորիայի կարողությունների ուժեղացումը նպաստում է Հայաստանի չափագիտության և որակի ենթակառուցվածքի համապատասխանեցմանը միջազգային լավագույն չափանիշներին։

«Աջակցություն որակի ենթակառուցվածքին Հայաստանում» ծրագիրն իրականացնում է ՄԱԱԶԿ-ը՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ։ Ծրագրի հիմնական նպատակն է զարգացնել ԱՐՄՍՏԱՆԴԱՐՏ-ի կարողությունները՝ շահառուներին միջազգայնորեն ընդունելի չափագիտական ծառայություններ մատուցելու համար։ Հայաստանի չափագիտության համակարգի իրավական, կառուցվածքային և տեխնիկական կարգավորումների բարելավման միջոցով ծրագիրը նպաստում է համակարգի արդիականացմանը՝ խթանելով տնտեսության դիվերսիֆիկացիան և առևտրի մրցունակության բարձրացումը, ինչը համահունչ է ԵՄ-ի հետ ստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով» (CEPA) Հայաստանի ստանձնած հանձնառություններին։

________________________________________

Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել` 

Ծրագրի ղեկավար Ցոնգ Վուին` C.WU@unido.org

Ծրագրի համակարգող Հայաստանում Մանե Թափալցյանին`  m.tapaltsyan@unido.org  

Մանե Թափալցյան

ՄԱԱԶԿ
ԵՄ ֆինանսավորմամբ և ՄԱԱԶԿ աջակցությամբ իրականացվող «Աջակցություն որակի ենթակառուցվածքների զարգացմանը Հայաստանում» ծրագրի համակարգող

Այս նախաձեռնությանը մասնակցող ՄԱԿ-ի գործակալությունները

ՄԱԱԶԿ
ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպություն

Նպատակները, որոնց մենք աջակցում ենք այս նախաձեռնությամբ