Երեխաների պաշտպանության միջազգային օրը երեխաները իրենց հարցերն են ուղղում որոշում կայացնողներին
03 հունիսի 2025
Հունիսի 2, 2025 թ. ԵՐԵՎԱՆ - Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ և ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ հունիսի 1-2-ը անցկացվել է Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի հերթական նիստը։ Միջոցառումը բացառիկ հնարավորություն էր երեխաների համար՝ ուղղել իրենց հարցերը տարբեր ոլորտների պատասխանատուներին և որոշում կայացնողներին:
«Երեխայի իրավունքները պետք է կողմնացույց լինեն այնպիսի ապագայի կերտման համար, որը մենք ենք ցանկանում ու որով կարող ենք հպարտանալ»:
«Մեր առաջնահերթությունն է ապահովել, որ երեխաների ձայնը լսելի լինի, և որ յուրաքանչյուր որոշում, որը վերաբերում է երեխաներին, ընդունվի նրանց մասնակցությամբ։ Մենք պետք է ոչ միայն լսենք երեխաներին, այլև ստեղծենք անհրաժեշտ պայմաններ նրանց լիարժեք զարգացման և պաշտպանության համար։ Այս խորհրդի նիստը ևս մեկ քայլ է այդ նպատակին հասնելու ճանապարհին։ Շնորհակալություն եմ հայտնում ՅՈՒՆԻՍԵՖ-ին, խորհրդի բոլոր անդամներին, գործընկեր կառույցներին և հատկապես մեր երեխաներին՝ իրենց անմիջական մասնակցության համար», – նշել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։
«Կարևոր է ոչ միայն քննարկել երեխայի իրավունքների հարցերը, այլև պատասխանատու լինել երեխաներին տված մեր խոստումներից բխող գործողությունների համար։ Սա կարող է հեշտ ուղի չլինել, քանի որ ապրում ենք շարունակական փոփոխությունների դարաշրջանում՝ պայմանավորված կլիմայական փոփոխություններով, խաթարող տեխնոլոգիաներով և մի շարք այլ զարգացումներով։ Այս բոլոր փոփոխություններին ու ցնցումներին զուգահեռ՝ երեխայի իրավունքները պետք է կողմնացույց լինեն այնպիսի ապագայի կերտման համար, որը մենք ենք ցանկանում ու որով կարող ենք հպարտանալ», - ասել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը: «Անցած 30 տարիների ընթացքում ՅՈՒՆԻՍԵՖ-ը համագործակցել է ՀՀ կառավարության հետ՝ նպաստելով հօգուտ երեխաների արված մի շարք ձեռքբերումների իրականացմանը: Նախապատրաստելով կառավարության հետ համատեղ աշխատանքի հաջորդ հինգ տարիների ծրագիրը՝ հույս ունենք՝ կկարողանանք այս հիմնասյան վրա ավելին կառուցել, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա հավասար հնարավորություններ ունենա իրացնելու իր ներուժը»։
Ողջունելով նիստի մասնակիցներին և շնորհավորելով Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ՝ Ժաննա Անդրեասյանը կարևորել է երեխաների ձայնը լսելի դարձնող հարթակների ձևավորումը, որոնք հնարավորություն են տալիս ձևակերպելու երեխաների ասելիքը, ներկայացնելու նրանց տեսակետներն ու հարցերը: Ժաննա Անդրեասյանը նշել է՝ ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի ձևավորմամբ ևս երեխաների մասնակցայնության խնդիր է դրվել:
«Ոլորտային ամենակարևոր անելիքներն ու ռազմավարական հարցերը ցանկանում էինք նաև աշակերտների հետ քննարկել, իմանալ նրանց կարծիքը, քանի որ կրթության համակարգի հիմնական շահառուները հենց երեխաներն են: Եթե խոսում ենք կրթության ոլորտի բարեփոխումներից, առաջին հերթին աշակերտներին լսելու կարիք ունենք»,- ասել է Ժաննա Անդրեասյանն ու տեղեկացրել՝ քաղաքացիների ընդունելության գործընթացին զուգահեռ ԿԳՄՍ նախարարությունում պարբերաբար կազմակերպվում են նաև հանդիպումներ աշակերտների և ուսանողների հետ՝ նրանց հուզող հարցերին անդրադառնալու նպատակով:
Պանելային քննարկումներում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Ազգային ժողովի առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ինչպես նաև Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը քննարկել են շրջակա միջավայրի ազդեցությունը երեխաների իրավունքների իրացման վրա։
Առցանց տիրույթում երեխայի անվտանգությանն ու սոցիալական ցանցերի ազդեցությանը երեխաների հոգեկան առողջության վրա երկրորդ պանելային քննարկմանն անդրադարձել են Անահիտ Մանասյանը, Քրիսթինե Վայգանդը, Ազգային ժողովի աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի խորհրդական Մարթա Սանդոյանը։
Մասնակիցները կարևորել են համակարգային մոտեցման և ոլորտային համագործակցության անհրաժեշտությունը՝ երեխաների իրավունքների պաշտպանության հիմնախնդիրներն արդյունավետ լուծելու համար։ Պանելային քննարկումները վարում էին երեխաները, ինչը հնարավորություն տվեց պատշաճ կերպով հաշվի առնել բոլոր բարձրացված հարցերը, որոնք Խորհուրդը հետագայում կքննարկի Մարդու իրավունքների պաշտպանի հետ համատեղ։