ՄԱԱԶԿ-ը, ԵՄ պատվիրակությունը և ՀՀ համապատասխան կառույցները նշեցին Չափագիտության համաշխարհային օրը
27 մայիսի 2025
Երևան, 27 մայիսի, 2025 թ. – Մայիսի 27-ին Հայաստանի Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմինը (ԱՐՍՏԱՆԴԱՐՏ), ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունը (ՄԱԱԶԿ) և Եվրոպական միության պատվիրակությունը նշեցին Չափագիտության համաշխարհային օրը, որի այս տարվա կարգախոսն է՝ «Չափումներ բոլոր ժամանակների և բոլոր մարդկանց համար»։
Կարգախոսը հիշեցում է չափագիտության կայուն և համընդհանուր դերի մասին։ Ճշգրիտ չափումները հանդիսանում են գիտական բացահայտումների, արդար առևտրի, սպառողների անվտանգության և կայուն զարգացման հիմնասյունը բազմաթիվ ոլորտներում՝ լաբորատորիաներում օգտագործվող գործիքներից մինչ առօրյայում օգտագործվող ապրանքներն ու ծառայությունները։
Չափագիտության համաշխարհային օրը նշվում է Մետրական կոնվենցիայի ստորագրման օրվանից՝ 1875 թվականի մայիսի 20-ից, ինչը հիմք դրեց Միջազգային միավորների համակարգի (SI) և միջազգային համագործակցությանը չափումների գիտության ոլորտում։ Այս տարվա միջոցառումն առանձնահատուկ նշանակություն ուներ Հայաստանի համար, քանի որ միջոցառմանը ներկա էին միջազգային չափագիտական կազմակերպությունների՝ Միջազգային քաշերի և չափերի բյուրոյի (BIPM) և Օրենսդրական չափագիտության միջազգային կազմակերպության (OIML) ղեկավարները։
Միջոցառումը անցավ ԱՐՄՍՏԱՆԴԱՐՏ-ի շենքում և միավորեց պետական գերատեսչությունների ներկայացուցիչների, միջազգային գործընկերների, գիտական ու կրթական հաստատությունների, մասնավոր հատվածի և որակի ենթակառուցվածքի ոլորտի այլ շահառուների՝ ընդգծելու չափագիտության առանցքային դերը ժամանակակից աշխարհի տարբեր ոլորտներում։
Հայաստանը ներկայումս առաջ է շարժվում ինչպես BIPM-ի, այնպես էլ OIML-ի անդամակցության ուղղությամբ, ինչը կարևոր քայլ է միջազգային չափագիտական համակարգում ինտեգրվելու համար։ Միջոցառումն ապահովեց երկխոսության և համագործակցության հարթակ շահագրգիռ կողմերի՝ այդ թվում ԱՐՄՍՏԱՆԴԱՐՏ-ի ներկայիս և պոտենցիալ հաճախորդների, բուհերի և որակի ենթակառուցվածքի այլ մարմինների միջև։
«Այս մշտական իմաստությունը մեզ հիշեցնում է, որ չափագիտությունը՝ չափումների գիտությունը, հիմնարար նշանակություն ունի», – իր ողջույնի խոսքում նշեց Ֆրանկ Հեսսը, Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար։
Միջոցառման ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը նշեց, որ երկրի չափագիտական ենթակառուցվածքները շարունակաբար հզորանում են՝ ապահովելով տեղական և միջազգային շուկաները մրցունակ ծառայություններով։
ՄԱԱԶԿ-ի գլխավոր տնօրենի հատուկ ներկայացուցիչը Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում Ջոզեֆ Կառլ Պելիկանը կարևորեց ԵՄ/ՄԱԱԶԿ «Աջակցություն Հայաստանում որակի ենթակառուցվածքին» ծրագրի միջոցով Հայաստանում իրականացվող աշխատանքը, մասնավորապես 4 տրամաչափարկան լաբորատորիաների ստեղծումը, ինչը ԵՄ-ի և ՄԱԱԶԿ-ի միջև շարունակական գործընկերության նշանակալի ձեռքբերում է։
Միջազգային չափագիտական կազմակերպությունների ղեկավարները ևս մեկ անգամ ընդգծեցին ճշգրիտ չափումների կարևոր նշանակությունը։ Ինչպես նշեց BIPM-ի տնօրեն դոկտոր Մարտին Ջ. Թ. Միլթոնը, չափագիտության հիմնական նպատակ է ապահովել բոլորին հավասարապես հասանելի, ճշգրիտ և վստահելի չափումները։ OIML-ի փոխտնօրեն Յան Դանմիլը հավելեց՝ Հայաստանը վճռական քայլերով ձգտում է դառնալ միջազգային չափագիտական հանրության մաս։
Մասնակիցները կիսվեցին իրենց փորձով՝ անդրադառնալով տեխնոլոգիական նոր լուծումներին, գլոբալ համադրման ուղղությամբ կատարվող աշխատանքներին, ինչպես նաև չափագիտական կարողությունների ամրապնդման ռազմավարություններին զարգացող երկրներում։ ԱՐՄՍՏԱՆԴԱՐՏ-ը ներկայացրեց իր վերջին ձեռքբերումները, կարողությունների զարգացման ընթացիկ աշխատանքները և միջազգային գործընկերների հետ համագործակցությունը, որոնք միտված են Հայաստանում ժամանակակից, կայուն և միջազգային չափանիշներին համապատասխան որակի ենթակառուցվածքի զարգացմանը։
Միջոցառման ընթացքում ներկայացված հիմնական ուղերձներից էին՝ Մետրական կոնվենցիայի 150-ամյակի միջոցառումը՝ «Չափումներ բոլոր ժամանակների, բոլոր մարդկանց համար», OIML-ի 70-ամյակը և համաշխարհային չափագիտության ապագան, ՄԱԱԶԿ-ի աջակցությունը՝ բոլորին ճշգրիտ չափումների ապահովման գործում։
Չափագիտության համաշխարհային օրվան նվիրված միջոցառումից հետո կազմակերպվեց շրջայց, որի ընթացքում մասնակիցները ծանոթացան լաբորատորիաների կողմից մատուցվող բազմաբնույթ տրամարափարկման և չափման ծառայություններին, որն օգնեց այցելուներին ավելի լավ պատկերացնել չափագիտության կենսական դերը արտադրանքի որակի ապահովման, նորմատիվ պահանջներին համապատասխանության և միջազգային շուկայում մրցունակության պահպանման գործում։
Միջոցառումը ևս մեկ անգամ ընդգծեց Հայաստանի կայուն առաջընթացը՝ դեպի միջազգային չափագիտական և որակի ենթակառուցվածքների համակարգերի խոր ինտեգրում, ինչը վկայում է չափագիտության առաջ մղմանն ուղղված հանձնառության մասին՝ որպես նորարարության, տնտեսական զարգացման և միջազգային ճանաչման խթան։ Սա համահունչ է Հայաստանի ստանձնած ռազմավարական պարտավորություններին սահմանված Եվրամիության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով (CEPA), ինչպես նաև՝ Դիմակայունության և աճի ծրագրում ներկայացված առաջնահերթություններին, ինչպիսիք են առևտրի դիվերսիֆիկացումը։