Մամուլի հաղորդագրություն

ԱՄԿ-ն աջակցում է Հայաստանում կայուն զբաղվածության ապահովմանն ուղղված hասարակական աշխատանքների ծրագրերի մշակմանը

17 փետրվարի 2025

Երևան, 5 փետրվարի, 2025 – Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (ԱՄԿ)՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ, կազմակերպել է բարձր մակարդակի քննարկում՝ հասարակական աշխատանքների ծրագրերի (ՀԱԾ) վերաբերյալ։ Միջոցառումը համախմբել է քաղաքականություն մշակողներին, սոցիալական գործընկերներին և միջազգային փորձագետներին՝ Հայաստանում զբաղվածության հնարավորությունների ընդլայնման ռազմավարությունների քննարկման նպատակով։

 

Նկարագրություն՝ ԱՄԿ-ն կազմակերպել է բարձր մակարդակի քննարկում հասարակական աշխատանքների ծրագրերի վերաբերյալ Կառավարության ներկայացուցիչների, Խորհրդարանի անդամների, սոցիալական գործընկերների ու ՄԱԿ-ի մասնակցությամբ։
Լուսանկարը՝ © ILO

Հայաստանում ընթանում են աշխատաշուկայի էական բարեփոխումներ, որոնք ուղղված են աղքատության նվազեցմանը և սոցիալական աջակցության հասցեականության բարելավմանը։ Վերջերս ընդունված օրենսդրական փոփոխությունների համաձայն՝ ընտանեկան և սոցիալական նպաստներ ստացող շուրջ 85,000 ընտանիքների վերագնահատում է նախատեսվում։ Արդյունքում, այն անձանց համար, որոնց նպաստները կարող են դադարեցվել, կայուն զբաղվածության և եկամտի հնարավորությունների ապահովումը դարձել է քաղաքականության առաջնահերթություն։ Այս համատեքստում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախատեսում է ներդնել հասարակական աշխատանքների ծրագրեր՝ որպես սոցիալական պաշտպանության գործիք։

Իր բացման խոսքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը կարևորել է հասարակական աշխատանքների դերը՝ Հայաստանի նոր ընդունված զբաղվածության ռազմավարության իրականացման գործում. «Մեր ռազմավարության իրագործման փուլում հասարակական աշխատանքների ծրագրերը ունենալու են առանցքային դեր։ Այս քննարկումը նպատակ ունի մշակելու ավելի արդյունավետ հասարակական աշխատանքների ծրագրեր, որոնք կօգնեն քաղաքացիներին վերասոցիալիզացվել, հաղթահարել կյանքի դժվարին իրավիճակները և ավելի հեշտությամբ ինտեգրվել աշխատաշուկա»։

Նկարագրություն՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը ողջույնի խոսքի ընթացքում ընդգծել է հասարակական աշխատանքների ծրագրերի կարևորությունը։
Լուսանկարը՝ © ILO

Հասարակական աշխատանքների ծրագրերը միջազգային մակարդակում վաղուց ճանաչվել են որպես զբաղվածության ստեղծման, աղքատության նվազեցման և տնտեսական կայունության ապահովման արդյունավետ միջոց։ ԱՄԿ-ն ավելի քան մեկ դար աջակցել և կատարելագործել է այս մոտեցումները տարբեր համատեքստերում՝ սկսած հետկոնֆլիկտային վերականգնումից մինչև տնտեսական ճգնաժամեր ու բնական աղետներ։ Երբ հասարակական աշխատանքների ծրագրերը ռազմավարական տեսանկյունից են մշակվում, դրանք ոչ միայն կարճաժամկետ զբաղվածություն են ապահովում, այլև նպաստում են երկարաժամկետ հմտությունների զարգացմանը, կայուն աշխատատեղերի ստեղծմանը և համայնքային ռեսուրսների հզորացմանը։

ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը իր խոսքում ընդգծել է հասարակական աշխատանքների ծրագրերի լայնածավալ կարևորությունը. «Մեր առաջնահերթություններից մեկն է Հայաստանում անհավասարությունների հաղթահարմանն ուղղված քայլերը, և այդ համատեքստում արժանապատիվ աշխատանքի խթանումը մեզ համար ռազմավարական նշանակություն ունի։ Հասարակական աշխատանքները պարզապես գումար տրամադրելու կամ ժամանակավոր աշխատանք ապահովելու մասին չեն. դրանք պետք է ստեղծեն արժեք անհատների, համայնքների և երկրի համար։ Հայաստանը կարող է մշակել ծրագրեր, որոնք զարգացնում են հմտություններ, ամրապնդում են հասարակության հանդեպ մասնակցության զգացումը և նպաստում երկարաժամկետ զբաղվածությանը»։

Նկարագրություն՝ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը ելույթ է ունենում հասարակական աշխատանքների ծրագրերի մասին բարձր մակարդակի քննարկման ժամանակ։
Լուսանկարը՝ © ILO

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի (ՀԱՄԿ) նախագահի տեղակալ Տիրուհի Նազարեթյանը կարևորել է այս քննարկումների նշանակությունը՝ «մենք ողջունում ենք այն նախաձեռնությունները, որոնք նպաստում են արժանապատիվ աշխատանքի միջավայրի բարելավմանը։ Աշխատաշուկայում նաև մշակութային փոփոխություններ են նկատվում, հատկապես նպաստների համակարգի առաջիկա բարեփոխումների համատեքստում։ Հասարակական աշխատանքների ծրագրերի ներդրումը և դրանց ինստիտուցիոնալացումը կարևոր և սպասված քայլ է»։

Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) նախագահ Վահագն Համբարձումյանը շեշտել է hասարակական աշխատանքների ծրագրերի վերափոխիչ ներուժը՝ նշելով. «Հասարակական աշխատանքների ծրագրերը պետք է նպաստեն մարդկանց կարգավիճակի և մտածելակերպի փոփոխությանը՝ նրանց նպաստառուի կարգավիճակից տեղափոխելով աշխատաշուկա։ Որպես սոցիալիզացիայի փուլ, այս ծրագրերը հնարավորություն են տալիս անձանց ինտեգրվել աշխատաշուկային, ինչը գործատուների տեսանկյունից միանշանակ դրական է։ Մենք պատրաստ ենք աջակցել այս ծրագրերի իրականացմանը»։

Նկարագրություն՝ ԱՄԿ փորձագետը ներկայացնում է հասարակական աշխատանքների ծրագրերի բնույթը և տեսակները բարձր մակարդակի քննարկման ժամանակ։

Լուսանկարը՝ © ILO

Միջոցառումն հարթակ է ապահովել շահագրգիռ կողմերի միջև փորձի փոխանակման, համագործակցության ամրապնդման և hասարակական աշխատանքների ծրագրերի հստակ տեսլականի մշակման համար։ Քննարկումների հիմնական առանցքը եղել է hասարակական աշխատանքների ծրագրերի համադրումը միջազգային լավագույն փորձի հետ՝ հաշվի առնելով Հայաստանի ազգային առանձնահատկությունները։ Մասնակիցները դիտարկել են հմտությունների ուսուցման և զբաղվածության ծառայությունների ինտեգրման հնարավորությունները hասարակական աշխատանքների ծրագրերում՝ ապահովելու համար նման ներդրումների երկարաժամկետ ազդեցությունը։

ԱՄԿ-ն և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կշարունակեն համագործակցել՝ ապահովելու, որ hասարակական աշխատանքների ծրագրերը նպաստեն աղքատության նվազեցմանը, տնտեսական ներառականությանը և կայուն զբաղվածությանը։

Բարձր մակարդակի քննարկումից հետո՝ փետրվարի 6-7-ը, կազմակերպվել է երկօրյա գործնական աշխատաժողով, որին մասնակցել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Միասնական սոցիալական ծառայության քաղաքականություն մշակողներ և ծրագրի իրականացնողներ։ Աշխատաժողովը նպատակ ուներ խորությամբ քննարկելու hասարակական աշխատանքների ծրագրերի նախագծման և իրականացման գործընթացները, խթանելու փորձի փոխանակումը և դիտարկելու hասարակական աշխատանքների տարբեր մոդելները՝ մշակելու հստակ և իրագործելի առաջարկներ Հայաստանի համար ։

Միջոցառումները կազմակերպվել են ԱՄԿ կողմից ֆինանսավորվող «ԱՄԿ լիազոր գործընկերների կարողությունների զարգացում՝ աշխատանքի ոչ ֆորմալ դրսևորումների կանխման և ֆորմալացմանն անցմանը խթանման ուղղությամբ, փախստականների հետ կապված ճգնաժամի համատեքստում» ծրագրի շրջանակներում։

Այս նախաձեռնությանը մասնակցող ՄԱԿ-ի գործակալությունները

ԱՄԿ
Աշխատանքի միջազգային կազմակերպություն

Նպատակները, որոնց մենք աջակցում ենք այս նախաձեռնությամբ