Մամուլի հաղորդագրություն

ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Ավստրիական զարգացման գործակալությունը հայտարարում են նոր համագործակցության մասին, որի նպատակն է աջակցել Հայաստանում երիտասարդներին և համայնքներին՝ դառնալու կլիմայի փոփոխությունների նկատմամբ ավելի դիմակայուն

23 հոկտեմբերի 2024

Երևան, 23 հոկտեմբերի, 2024 թ. ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Ավստրիական զարգացման գործակալությունը (ԱԶԳ), որը Ավստրիական զարգացման համագործակցության գործառնական մարմինն է, հայտարարել են եռամյա համագործակցության մեկնարկի մասին (2024-2027), որի նպատակն է աջակցել երիտասարդներին և համայնքներին ամբողջ Հայաստանում՝ դառնալու կլիմայի փոփոխության նկատմամբ ավելի դիմակայուն:

Այս ծրագրի շրջանակում ԱԶԳ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը համագործակցում են մի շարք նախարարությունների (Շրջակա միջավայրի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների, Առողջապահության), պետական այլ կառույցների և քաղաքացիական հասարակության գործընկերների հետ՝ հասնելու իրենց առջև դրված նպատակներին՝ կլիմայական և շրջակա միջավայրին վերաբերող ռազմավարություններն ու քաղաքականությունները դարձնել ավելի երեխայակենտրոն և հարմարեցված դեռահասների կարիքներին, բարելավել խոշորացված համայնքների կարողությունները՝ կլիմայական գործողություններում ավելի ներառական լինելու և ռիսկերը կառավարելու համար, սովորեցնել դեռահասներին՝ կանաչ հմտություններ և խրախոսել նրանց ավելի ակտիվորեն ներգրավվել կլիմայական գործողություններում:

«Կլիմայի փոփոխության հետևանքով եղանակային ծայրահեղ դրսևորումների և աղետների հաճախականությունն ու սրությունը, ինչպես նաև շրջակա միջավայրին վերաբերող ռիսկերը, ինչպիսին է օդի աղտոտվածությունը, որոնց ազդեցությունը սրվում է ջերմաստիճանի բարձրացման պատճառով, լուրջ սպառնալիք են Հայաստանում երեխաների հիմնարար իրավունքների և բարեկեցության համար,- նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի պաշտոնակատար Սիլվիա Մեստրոնին:- Այս համագործակցության շնորհիվ մենք կգործենք բազմաթիվ փոխկապակցված ուղղություններով ազգային և տեղական մակարդակներում, ինչը կհանգեցնի ավելի երկարաժամկետ, երեխայի առողջ միջավայրում մեծանալու իրավունքը հարգող սոցիալական փոփոխության»:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը կաշխատի գործընկերների հետ՝ վերանայելու կլիմայի փոփոխությանը վերաբերող հիմնական ազգային քաղաքականություններն ու ծրագրերը՝ դարձնելու դրանք երեխաների կարիքներին համապատասխանեցված և ներառական: Մշակելու է գործողությունների ծրագիր Երեխաների, երիտասարդների և կլիմայի գործողությունների մասին միջկառավարական հռչակագրով ստանձնած պարտավորությունների իրականացման համար, որ Հայաստանը ստորագրել է 2023 թվականին, ինչպես նաև կուսումնասիրի կլիմայի փոփոխությամբ պայմանավորված հիվանդությունները և կմշակի կլիմայական և աղետների ռիսկերի գնահատման միասնական մոդել:

Հայաստանի շուրջ 300 բնակավայր ընդգրկող 20 խոշորացված համայնքներ հնարավորություն կստանան՝ իրականացնելու կլիմայական ռիսկերի գնահատում և արտացոլելու հայտնաբերված խոցելիություններին արձագանքող գործողություններ, որոնք արտացոլված կլինեն համայնքների զարգացման ծրագրերում և բյուջեներում: Տեղական մակարդակում գործընկերները նաև կնպաստեն կլիմայի փոփոխության վերաբերյալ կրթության բարելավմանը, կաջակցեն դեռահասներին ու երիտասարդներին՝ հանդես գալու կլիմայի փոփոխության հետևանքները մեղմելուն ուղղված նորարարական լուծումներով և նախաձեռնություններով:

2024-2027 թվականներին գործընկերները կշարունակեն համագործակցությունը՝ հիմնվելով ԱԶԳ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի 2020-2023 թվականներին իրականացրած ծրագրի ձեռքբերումների և քաղած դասերի վրա, որն օգնեց զարգացնելու 33 համայնքների ավելի քան 400 ուսուցիչների կարողությունները կլիմայի փոփոխության վերաբերյալ նախագծային ուսուցման շրջանակում, իրականացնելու ավելի քան 275 տեղական բնապահպանական նախագծեր 2015 սովորողի ջանքերով՝ իրենց ուսուցիչների վերահսկողությամբ, ինչպես նաև ներառելու կլիմայի փոփոխության մասին կրթությունը ազգային ուսումնական ծրագրերում։ Այս նույն ծրագրի շրջանակում հնարավոր եղավ իրականացնել 31 խոշորացված համայնքների (365 բնակավայրերով)՝ երեխաների կարիքները հաշվի առնող ռիսկերի կառավարման մեթոդաբանությամբ կլիմայական ռիսկերի գնահատում։

Այս նախաձեռնությանը մասնակցող ՄԱԿ-ի գործակալությունները

ՅՈՒՆԻՍԵՖ
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ

Այս նախաձեռնությանը մասնակից այլ գործակալությունները

ԱԶԳ
Ավստրիական զարգացման գործակալություն

Նպատակները, որոնց մենք աջակցում ենք այս նախաձեռնությամբ