ՊՀԾ և ԱՄՆ ՄԶԳ այցը՝ գնահատելու Հայաստանում փախստականներին տրամադրվող աջակցությունը
21 օգոստոսի 2024
ՊՀԾ հայաստանյան գրասենյակը հյուրընկալել էր երկօրյա այցով Հայաստան ժամանած ԱՄՆ ՄԶԳ մարդասիրական օգնության բյուրոյի պատվիրակությանը։
Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) հայաստանյան գրասենյակը վերջերս հյուրընկալել էր երկօրյա այցով Հայաստան ժամանած ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) մարդասիրական օգնության բյուրոյի պատվիրակությանը, որի նպատակն էր գնահատել փախստական ընտանիքներին տրամադրվող աջակցությունը Հայաստանի մի շարք մարզերում:
Այցի ընթացքում Տարածաշրջանային մարդասիրական հարցերով խորհրդական Ադրինե Թումայանը և պատվիրակության ներկայացուցիչները հանդիպեցին տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչներին, սոցիալական աշխատողներին և փախստական ընտանիքներին, ովքեր աջակցություն են ստացել ԱՄՆ ՄԶԳ մարդասիրական օգնության բյուրոյի կողմից: Արարատի և Կոտայքի մարզերում նրանք համապարփակ քննարկումներ ունեցան մարզպետարանի ներկայացուցիչների և սոցիալական աշխատողների հետ՝ գնահատելու վերջին հակամարտությունների ազդեցությունը փախստական ընտանիքների վրա և բացահայտելու նրանց կարիքները:
Առանձնահատուկ ջերմ, սակայն դժվար այցելություն էր Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում բնակվող փախստական ընտանիքի՝ 90-ամյա տատիկին, ով խնամում է իր երեք ծնողազուրկ թոռներին և հաշմանդամ որդուն: Տեղահանվելով և կորցնելով փաստաթղթերը՝ այս ընտանիքն անասելի դժվարությունների միջով է անցել, որպեսզի հոգա իր առաջնային խնդիրները։ Ընտանիքը նաև չի կարողանում լիարժեք կերպով օգտվել պետության աջակցությունից։
ԱՄՆ ՄԶԳ Մարդասիրական օգնության բյուրոյի աջակցության շնորհիվ այս ընտանիքը ստացել է երեք ամսվա առաջին անհրաժեշտության պարենային փաթեթներ։ Այս աջակցությունը կենսական նշանակություն է ունեցել ընտանիքի համար և օգնել նրանց հաղթահարել առօրյա մարտահրավերները: Թիմը նաև վերանայել է սննդի բաշխման գործընթացները և քննարկել փախստականների լայնածավալ կարիքները՝ նշելով, որ Կոտայքում արձանագրվել է փախստականների ամենամեծ թիվը, որը էական աջակցության անհրաժեշտություն է ստեղծում։
Առաքելությունն ընդգծեց, թե որքան մեծ դեր ունի ԱՄՆ ՄԶԳ-ի շարունակական աջակցությունը, քանզի այս խոցելի ընտանիքները հնարավորություն են ունենում ստանալ անհրաժեշտ օգնություն այս դժվարին ժամանակներում: ՊՀԾ-ի և ԱՄՆ ՄԶԳ-ի համատեղ հանձնառությունը նշանակալիորեն փոխում է առավել կարիքի մեջ գտնվող մարդկանց կյանքը։
ԱՄՆ կառավարության ՄԶԳ-ի մարդասիրական օգնության բյուրոյի միջոցով տրամադրած 1.13 միլիոն դոլարի աջակցությամբ՝ ՊՀԾ հայաստանյան գրասենյակը ապահովել է մոտ 30,000 փախստականների կենսական նշանակություն ունեցող պարենային աջակցությունը յոթ ամիսների ընթացքում: Պարենային փաթեթները բաշխվել են տարբեր մարզերում 2024թ․-ի փետրվարից մինչև սեպտեմբեր ամիսը, իսկ սննդի աջակցության քարտերը տրամադրվել են փախստականներին 2024 թվականի հունիսից մինչև հուլիսի վերջը ընկած ժամանակահատվածում:
Այս աջակցությունը նպաստել է առաջնային կարիքների բավարարմանը և ապահովել է տեղահանված ընտանիքների բարեկեցությունը։