«Աջակցություն որակի ենթակառուցվածքներին Հայաստանում» ծրագրի ղեկավար կոմիտեի 2-րդ նիստ
01 փետրվարի 2024
Հանդիպման ընթացքում ամփոփվեցին 2023 թվականի հուլիսից դեկտեմբեր ժամանակահատվածում ծրագրի առաջընթացն ու իրականացված աշխատանքները:
Փետրվարի 1-ին անցկացվեց ԵՄ ֆինանսավորմամբ և ՄԱԱԶԿ-ի աջակցությամբ իրականացվող «Աջակցություն որակի ենթակառուցվածքին Հայաստանում» ծրագրի ղեկավար կոմիտեի 2-րդ նիստը։ Հանդիպման ընթացքում ամփոփվեցին 2023 թվականի հուլիսից դեկտեմբեր ժամանակահատվածում ծրագրի առաջընթացն ու իրականացված աշխատանքները:
Հանդիպմանը ներկա էին ՀՀ կառավարության, Հայաստանում ԵՄ պատվիրակության, ՄԱԱԶԿ կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ։ Մասնակիցների թվում էր նաև Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի (ՍՉԱՄ), Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի, Ազգային հավատարմագրման մարմնի, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության, ՀՀ առևտրի պալատի ղեկավար անձնակազմը։
Նիստը նախագահում էր
ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը։ Բացման խոսքում նա նշեց.
«Հայաստանի կառավարությունը հանձնառու է շարունակել համագործակցությունը շահառուների հետ չափագիտության զարգացման համար՝ կայուն և միջազգային չափանիշներին համապատասխան։ Ծրագիրն ուղղված է ոչ միայն տեխնիկական կարողությունների զարգացմանը, այլ նպատակ ունի հզորացնել իրավական ու վարչարարական կարողությունները` ի նպաստ կայուն զարգացմանը և չափագիտության համակարգի շարունակական բարելավմանը։ Լիահույս եմ, որ դրական արդյունքներ կարձանագրվեն որակի ենթակառուցվածքի տարբեր ոլորտներում»։
Հայաստանում ԵՄ պատվիրակության hամագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը նշեց.
«Այս ծրագիրը գործում է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) համատեքստում։ Հարկ է նշել, որ տարբեր ոլորտներում բարեփոխումները պետք է իրականացվեն կառավարության հետ համատեղ՝ կարևորելով որակի եվրոպական չափանիշների ներդրումն ու կիրառումը։ Հաջողության հիմնասյուներից է նաև կառավարության և մասնավոր ոլորտի համագործակցության ընդլայնումը»։
ՄԱԱԶԿ ծրագրի ղեկավար Ցոնգ Վուն, շնորհակալություն հայտնեց նիստի մասնակիցներին ծրագրում ակտիվ ներգրավվածության համար։
«Կարիք չկա նշելու, թե ինչ առանցքային դեր ունի միջազգայնորեն ճանաչված որակի ենթակառուցվածը տնտեսության կայուն զարգացման և առևտրի համար։ Որակի միջազգային ենթակառուցվածքին ինտեգրումը կարող է նպաստել նաև գիտելիքի փոխանակմանը, տեխնոլոգիաների ու նորարարությունների տարածմանը։ Ծրագիրն աջակցում է կառավարությանը տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու գործում»։
Նիստի ընթացքում ներկայացվեց 2023թ-ի հուլիսից դեկտեմբեր ժամանակահատվածի իրականացված միջոցառումներն ու դրանց արդյունքները: Հիմնական միջոցառումների թվում էին Օրենսդրական չափագիտության միջազգային կազմակերպությանը (OIML) և Չափերի և կշիռների միջազգային բյուրոյին (BIPM) անդամակցության համապարփակ վերլուծությունը, որակի ենթակառուցվածքի բաղադրիչների (ստանդարտացում, շուկայի վերահսկողություն, համապատասխանության գնահատում և հավատարմագրում) կարիքների գնահատումը, ՍՉԱՄ ներկայացուցիչների վերապատրաստումներն ու մասնակցությունը միջազգային չափագիտական ինստիտուտների միջոցառումներին, չափագիտական տրամաչափարկման սարքավորումների գնման ու մատակարարման գործընթացի զարգացումները, միջազգային փորձագետի կողմից ՍՉԱՄ Կառավարման խորհրդի ձևավորման ուսումնասիրությունն ու չափագիության ոլորտը կանոնակարգող օրենսդրական փոփոխությունների գործընթացը։
Ծրագրի աջակցությամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նշեց 2023 Որակի համաշխարհային օրը, ինչը նպաստեց պետական ու մասնավոր ոլորտների որակի ենթակառուցվածքի մասին իրազեկության բարձրացմանը։
Ղեկավար կոմիտեի նիստն ավարտվեց ներկայացված հաշվետության ու 2024 թվականի հունվար-հունիս ժամանակահատվածի աշխատանքային պլանի հաստատմամբ։
«Աջակցություն որակի ենթակառուցվածքին Հայաստանում» ծրագիրն իրականացնում է ՄԱԱԶԿ-ը ՀՀ կառավարության հետ համատեղ՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ: Ծրագրի անմիջական նպատակն է զարգացնել Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի (ՍՉԱՄ) կարողությունները՝ շահառուներին միջազգայնորեն ընդունելի չափագիտական ծառայություններ մատուցելու համար։ Ծրագիրը գործում է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» (CEPA) դրույթների ներքո՝ նպաստելով միջազգային առևտրի մրցունակության բարձրացմանը։