«Ալավերդի. մաքուր էներգիայի անցում» երիտասարդների իրազեկության արշավ և «Իմ կանաչ Ալավերդի» գաղափարների մրցույթ
08 հունիսի 2023
Ստացած գիտելիքների և ուղղորդման հիման վրա երիտասարդները իրենց համայնքների համար կգեներացնեն գաղափարներ՝ միտված կլիմայի փոփոխության մեղմմանը։
Հունիսի 5-ին և 7-ին ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից իրականացվող և ԵՄ կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն կլիմայի համար» և «Համայնքի կայունության ամրապնդում էներգաարդյունավետության և ցածր արտանետումների զարգացման միջոցով» Շվեդիայի կառավարության կողմից ֆինանսավորմամբ (Sida) ծրագրերի շրջանակներում՝ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ, անցկացվեցին Ալավերդի համայնքի երիտասարդների իրազեկության բարձրացման արշավի առցանց հանդիպումները:
«Ալավերդի. մաքուր էներգիայի անցում» իրազեկության արշավը նպատակ ուներ կոչ անել մեկտեղված գործողությունների հանուն ավելի կանաչ ապագայի՝ բարձրացնելով 50 երիտասարդների (15-21 տարեկան) իրազեկությունը կլիմայի փոփոխության, դրա հետևանքների, մթնոլորտի վրա գլոբալ եվ տեղական մակարդակներում մարդկային գործունեության ազդեցության, մասնավորապես՝ էներգիայի արտադրության եվ օգտագործման եղանակների, վերականգվող էներգիայի կիրառման վերաբերյալ։
Առցանց հանդիպման առաջին օրը՝ Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա առթիվ, փորձագետները խոսեցին կլիմայի փոփոխության հիմնախնդիրների, էներգետիկ ոլորտի, մանավորապես՝ էներգաարդյունավետության, ՋԳ արտանետումների հիմնական աղբյուրների և հարակից այլ թեմաների մասին։
Առցանց երկրորդ հանդիպումը նվիրված էր էկոլոգիական քաղաքների, մասնավորապես՝էներգաարդյունավետությանը միտված շենքերի եվ փողոցային լուսավորության արդիականացման հարցերին, վերականգնվող էներգետիկայում նորարարական լուծումներին և «Խելացի» տուն համակարգի մոդելին:
Ստացած գիտելիքների, տեղեկատվական աղբյուրների և ուղղորդման հիման վրա երիտասարդները իրենց համայնքների համար կգեներացնեն գաղափարներ՝ նախագծեր կամ գործողություններ՝ միտված կլիմայի փոփոխության մեղմանը։ Այդ գաղափարներով էլ կմասնակցեն «Իմ կանաչ Ալավերդի» գաղափարների մրցույթին՝ ներկայացնելով իրենց գաղափարային լուծումները (նախագծեր կամ գործողություններ) և այդ կերպ ներդրում ունենալով իրենց համայնքի կանաչ և կայուն զարգացման համար:
Իրազեկության արշավը և մրցույթը անցկացվում է ԵՄ կայուն էներգիայի շաբաթվա (հունիսի 20-22) շրջանակներում:
Հեղինակ՝
Օֆելյա Սուքիասյան
ՄԱԶԾ
Հաղորդակցության և հանրային իրազեկման օգնական, «ԵՄ-ն կլիմայի համար» ԵՄ-ՄԱԶԾ ծրագիր