«Մի՞թե օրհնություն չէ գիտակցել, որ կարողացել ես օգնել ուրիշներին մնալ և բարիք ստեղծել իրենց երկրի համար»:
Երբ 20 տարի առաջ Էդիկ Հարությունյանը սկսեց հողագործությամբ զբաղվել, նա ուներ փոքր հողատարածք, բայց մեծ նպատակ։ Նա ձգտում էր իր համագյուղացիներին ապացուցել, որ հնարավոր է հողագործությամբ բավականաչափ գումար վաստակել ապրուստի համար: Սա, իհարկե, այնքան էլ տարածված մտածելակերպ չէր մի երկրում, որտեղ հազարավոր մարդիկ ամեն տարի մեկնում են արտերկիր՝ սեզոնային աշխատանք փնտրելու:
Հյութեղ խաղողով, ծիրանով և սալորով հարուստ իր այգիներն այսօր տարածվում են 10 հեկտար տարածքի վրա։ Բոլոր չափանիշներով նա հաջողել է՝ չնայած իր ճանապարհին ընկած բազմաթիվ դժվարություններին։
Նկարագրություն՝ Էդիկ Հարությունյանը գիտակցում էր, որ իր այգիները խնամելու և մեծացնելու ճանապարհին բազմաթիվ փորձություններ են լինելու։
«Ես գիտակցում էի, որ այգիներս խնամելու և մեծացնելու ճանապարհին բազմաթիվ փորձություններ են լինելու», - ասում է Էդիկն ու ավելացնում, որ բնական աղետները, ինչպիսիք են կարկուտն ու ցրտահարությունը և ջրի պակասը հաճախ փչացնում էին ամբողջ բերքը:
Սակայն նա հաստատակամորեն շարունակեց իր գործը և որոշակի աջակցության շնորհիվ աստիճանաբար զարգացրեց իր բիզնեսը:
Օգնության ձեռք մեկնած մարդկանց թվում էին նաև ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) փորձագետները, ովքեր եկել էին՝ օգնելու նրան ուղիներ գտնել «այգեգործական պայմանները բարելավելու համար», - ասում է նա:
Նկարագրություն՝ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) աջակցությամբ Էդիկ Հարությունյանը ուղիներ գտավ այգեգործական պայմանները բարելավելու համար։
ՊԳԿ-ի աջակցությամբ խաղողի այգու մի մասը ծածկվեց հակակարկտային ցանցերով, իսկ փորձագետներն օգնեցին Էդիկին տեղադրել կաթիլային ոռոգման համակարգ: Շուտով նրա խաղողի այգին դարձավ ցուցադրական այգի, որտեղ տարածաշրջանի մյուս ֆերմերները կարող էին ծանոթանալ այգեգործության նորարարական մոտեցումներին և դրանք կիրառել իրենց այգիներում: Նախորդ տարի Էդիկն արտահանել է գրեթե 60 տոննա միրգ՝ 5 տարի առաջվա 15 տոննայի փոխարեն։
Էդիկի խաղողի այգիների աճին զուգահեռ մեծանում է նաև դրանցում աշխատողների քանակը։ Վերջիններս աշխատանքի ընթացքում ստացված գիտելիքը կիրառում են նաև իրենց սեփական տնտեսություններում:
Նկարագրություն՝ Էդիկ Հարությունյանի խաղողի այգին դարձավ ցուցադրական այգի, որտեղ տարածաշրջանի մյուս ֆերմերները ծանոթանում էին այգեգործության նորարարական մոտեցումներին և դրանք կիրառում իրենց այգիներում:
Էդիկն ասում է, որ «աշխարհում ամենամեծ երջանկությունը» հայրենի հողում ներդրած քրտնաջան աշխատանքի պտուղները վայելելն է: Իսկ «մի՞թե նաև օրհնություն չէ գիտակցել, որ օգնել եք ուրիշներին մնալ և բարիք ստեղծել սեփական երկրի համար», - ավելացնում է նա։
Նրա կինը, որդիներն ու թոռները նույնպես օգնում են խնամել իր այգին, ինչն օգնում է փորձը փոխանցել հաջորդ սերնդին:
«Ունեցած բոլոր միջոցները հողի մշակման մեջ ներդնելը համարձակ քայլ է»,- ասում է Էդիկը: Սակայն, վերջ ի վերջո, «մենք դա անում ենք, քանի որ հավատում ենք, որ անձնուրաց աշխատանքի շնորհիվ կարող ենք հասնել մեր մեր ուզած ապագային»:
ՊԳԿ-ն Էդիկին աջակցություն է ցուցաբերել Եվրոպական միության «Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման ծրագրի» (ԵՀԳԳԶԾ/ENPARD) միջոցով ֆինանսավորված ծրագրի շրջանակում։