ՊՀԾ-ն ընդլայնում է իր ներկայությունը Հայաստանում Սյունիքում նոր գրասենյակ բացելով՝ գյուղատնտեսության զարգացման նպատակով
19 հուլիսի 2022
ՊՀԾ-ի ծրագրերը նպատակ ունեն ամրապնդել պարենային համակարգերը և ապահովել համարժեք և առողջ սննդի հասանելիությունն ու առկայությունը ամբողջ տարվա ընթացքում։
ԵՐԵՎԱՆ- Ի պատասխան Հայաստանի հարավային մարզերում պարենային անապահով մարդկանց թվի աճին՝ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) Կապան քաղաքում նոր գրասենյակ է բացել՝ ընդլայնելու Սյունիքի մարզում իր գործունեությունը։ ՊՀԾ-ն կաջակցի այն համայնքներին, որոնք ապավինում են գյուղատնտեսությանը որպես զբաղվածության աղբյուր՝ օգնելով ոռոգման համակարգերով և կառուցելով կայուն, կլիմայի նկատմամբ զգայուն պարենային համակարգեր:
Քանի որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից հետո Սյունիքի ֆերմերները զրկվել են հողերից և արոտավայրերից, ՊՀԾ-ն ներդրումներ է կատարում ավելի արդյունավետ հողային ռեսուրսների մեջ՝ բարելավելու գյուղատնտեսության ոլորտն ու մարզում ապրող մարդկանց կյանքի որակը:
«Սյունիքի մարզում մեծ ներուժ կա, և մենք ցանկանում ենք զարգացնել գյուղատնտեսական ենթակառուցվածքները և լրացուցիչ հնարավորություններ ստեղծել մարդկանց համար: ՊՀԾ-ն արդյունավետորեն համագործակցում է Հայաստանի կառավարության հետ և ներգրավելով համայնքի անդամներին՝ խթանելու կայունությունը տարածաշրջանում՝ բացահայտելով և լուծելով մարզում առկա մարտահրավերները», - նշել է ՊՀԾ-ի փոխտնօրեն և տնօրենի պաշտոնակատար տիկին Նաննա Սկաուն և հավելել․ «ՊՀԾ-ի ծրագրերը նպատակ ունեն ամրապնդել պարենային համակարգերը և ապահովել համարժեք և առողջ սննդի հասանելիությունն ու առկայությունը ամբողջ տարվա ընթացքում՝ միաժամանակ խթանելով գյուղատնտեսությանը՝ կլիմայի նկատմամբ զգայուն լուծումներում ներդրումների միջոցով»։
2021թ․-ի վերջին ՊՀԾ-ն սկսել է իրականացնել ոռոգման ջրի ենթակառուցվածքի ծրագիր Սյունիքի մարզի չորս համայնքների տասնմեկ գյուղերում: Ավելի քան 35 կմ երկարությամբ ոռոգման ջրանցքների կառուցումը կոռոգի ավելի քան 1000 հեկտար հող՝ նպաստելով գյուղատնտեսության զարգացմանը, ինչն էլ կբարձրացնի շուկայական հնարավորությունները ֆերմերների համար և հնարավորություններ կստեղծի արդյունավետորեն զբաղվել բարձրարժեք գյուղատնտեսությամբ:
Բացի այդ, Սյունիքում գյուղատնտեսական գործունեության տնտեսական կենսունակությունը խթանելու նպատակով ՊՀԾ-ն ներդրումներ է կատարում հատիկընդեղենի շահութաբեր արժեշղթայում: Նպատակն է տեղական համայնքներին հասանելի դարձնել ագրոբիզնեսին առնչվող սննդամթերք և գիտելիք, միևնույն ժամանակ աշխատանքի հնարավորություններ ընձեռելով տղամարդկանց և կանանց համար:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Սյունիքի մարզպետարանի և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ խթանելու դիմակայունությունը Սյունիքում ՝ կատարելով ներդրումներ կլիմայապես զգայուն, տնտեսապես կայուն պարենային համակարգերում: Փոխըմբռնման հուշագիրը կբարձրացնի գյուղացիական տնտեսությունների արտադրողականությունն ու շահութաբերությունը և կբարելավի գյուղատնտեսական ենթակառուցվածքները:
«Շնորհավորում ենք ՊՀԾ-ին Սյունիքի մարզում նոր գրասենյակ բացելու կապակցությամբ»,- նշել է էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը և մանրամասնել․ «Սյունիքում գրասենյակի առկայությունը և վերջերս ստորագրված փոխըմբռնման հուշագիրը կբարձրացնեն մարզի փոքր և միջին գյուղացիական տնտեսությունների արտադրողականությունն ու շահութաբերությունը»:
Ծրագրի շրջանակում ՊՀԾ-ն աշխատում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ՝ աջակցելու գյուղատնտեսական ծրագրերին և զարգացնելու ֆերմերների կարողությունները: Վերապատրաստման դասընթացները և խորհրդատվական ծառայություններն օգնում են ֆերմերներին տիրապետել նորարարական գյուղատնտեսական տեխնոլոգիաներին և ձեռք բերել անհրաժեշտ հմտություններ՝ իրենց համայնքներում գյուղատնտեսությունը խթանելու և կայունության հասնելու համար:
«Մեկ տարուց ավել է, ինչ մենք աշխատում ենք ՊՀԾ-ի հետ, և այդ ժամանակից ի վեր համագործակցությունը դրականորեն է ազդել մեր համայնքի և ժողովրդի վրա: ՊՀԾ-ի հետ միասին մենք ցանկանում ենք բարելավել գյուղատնտեսության աճը և ստեղծել ուսումնական միջավայր, որպեսզի մարդիկ կարողանան ավելացնել իրենց եկամուտները և հոգալ իրենց սննդի և այլ կարիքները»,- ասել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը:
ՊՀԾ-ն Սյունիքում 2013թ․-ից իրականացնում է «Դպրոցական սնունդ» ծրագիրը՝ ապահովելով ավելի քան 4000 տարրական դասարանների երեխաներին տաք և սննդարար կերակուրներով: Ծրագիրը հաջողությամբ ազգայնացվել է 2016թ.-ին: ՊՀԾ-ն նաև իրականացնում է դպրոցական գյուղատնտեսական ծրագրեր ամբողջ Հայաստանում, այդ թվում՝ Սյունիքում, որտեղ դպրոցներին աջակցում են ագրո-կարողություններով՝ ջերմատների, ինտենսիվ այգիների և արևային կայանների տեսքով, որոնք երկակի դեր են խաղում և ունեն կրթական նշանակություն՝ դպրոցների համար վերածվելով եկամուտի աղբյուրի և ապահովելով դրանց ինքնակայությունը։