Հանդիսավորապես բացվեց ՄԱԿ-ի Փախստականների գործակալության Գորիսի գրասենյակը
ՄԱԿ-ի Փախստականների գործակալությունը (ՄԱԿ ՓԳՀ) Գորիս խոշորացված համայնքի Վերիշեն բնակավայրում հանդիսավորապես բացեց Գորիսի իր գրասենյակը։
2022 թ. մայիսի 24-ին Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության Փախստականների գործակալությունը (ՄԱԿ ՓԳՀ) Գորիս խոշորացված համայնքի Վերիշեն բնակավայրում հանդիսավորապես բացեց Գորիսի իր գրասենյակը։
Միջոցառմանը մասնակցեցին Սյունիքի փոխմարզպետ պ-ն Հայկ Հարությունյանը, Սիսիան համայնքի ղեկավարի պաշտոնակատար պ-ն Արմեն Հակոբջանյանը, Գորիս համայնքի ավագանու անդամ տ-ն Իրինա Յոլյանը, ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար տ-ն Լիլա Փիթրս Յահիան, ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցիչ տ-ն Աննա-Կարին Օստը, Եվրոպական միության պատվիրակության, ՄԱԿ-ի գրասենյակի, տարածքային և տեղական իշխանությունների, համայնքահեն հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի, «Հայկական Կարիտասի», «Վորլդ Վիժնի», «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի, «Հայկական Կարմիր խաչի ընկերության» և այլ կազմակերպությունների՝ Սյունիքում գործող դաշտային գրասենյակների ներկայացուցիչները նույնպես ներկա գտնվեցին միջոցառմանը։
Ժապավենը կտրելու արարողությունից հետո Սյունիքի փոխմարզպետը ողջունեց հյուրերին և ՄԱԿ ՓԳՀ-ին շնորհավորեց նոր գրասենյակի բացման կապակցությամբ՝ համայնքի անունից երախտիքի խոսք հայտնելով ՄԱԿ-ին՝ շարունակական և սրտացավ աջակցության համար։ Նա հատկապես կարևորեց ՄԱԿ ՓԳՀ-ի ջանքերը Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների կարիքներին մարդասիրական ծրագրերով ժամանակին և արդյունավետորեն արձագանքելու համար և իր համերաշխությունը հայտնեց Սյունիքի ընդունող համայնքում բնակվող տեղահանված անձանց։
Իր բացման խոսքում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար տ-ն Լիլա Փիթրս Յահիան շնորհակալություն հայտնեց Գորիս համայնքին, Սյունիքի մարզպետարանին, ՄԱԿ-ի գործակալություններին և գործընկեր կազմակերպություններին՝ համակարգված մարդասիրական արձագանքման համար՝ կարևորելով համագործակցության դերը տեղահանված անձանց և ընդունող համայնքներին կայուն լուծումներ առաջարկելու միջոցով խնդիրների հասցեագրման գործում։
«ՄԱԿ-ն աջակցում է ընդունող համայնքներին և ջանում թեթևացնել նրանց բեռը՝ ապահովելով զարգացման ծրագրեր և համայնքների հզորացում, ինչպես նաև կարողությունների զարգացում, մարդու իրավունքների պաշտպանություն և գենդերային հավասարություն՝ միտված ուժեղ համայնքներ և բոլորին հասանելի կայուն հնարավորություններ ունենալուն», - նշեց տ-ն Փիթրս Յահիան։
ՄԱԿ ՓԳՀ-ին և ՄԱԿ-ի գործակալություններին գրասենյակի տարածք տրամադրելու կապակցությամբ ՀՀ-ում ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցիչ տ-ն Աննա-Կարին Օստը համայնքին իր երախտագիտությունը հայտնեց՝ նշելով, որ «ՄԱԿ-ի ընտանիքն ու իր գործընկեր կազմակերպությունները միասնական ջանքերով աջակցեցին Գորիսին և մյուս ընդունող համայնքներին՝ տեղահանված ընտանիքներին ապահովելով բազմատեսակ մարդասիրական օգնությամբ, որին հաջորդեցին համայնքների հզորացմանն ու համայնքահեն հասարակական կազմակերպությունների կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրեր։ ՄԱԿ ՓԳՀ-ն պատրաստակամորեն կշարունակի աջակցել ընտանիքներին և ընդունող համայնքներին, ինչպիսին Գորիսն է ու Սյունիքի ամբողջ մարզը»։
Գրասենյակի բացման հանդիսավոր արարողությունից հետո ՄԱԿ-ի գործընկերները հանդիպումներ ունեցան մարզային և տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ և այցելեցին ՄԱԿ ՓԳՀ-ի և ՄԱԿ-ի աջակցությամբ իրականացվող ծրագրեր՝ Գորիսում նորակառույց խաղահրապարակ ու մարզադաշտ, ինչպես նաև համայնքահեն հասարակական կազմակերպությունների գրասենյակներ Գորիսում և Սիսիանում։ Մասնավորապես՝ հյուրերը եղան Գորիսի Կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամի, «Գորիսի երիտասարդական կենտրոնի», «Արևը Սյունիքից», «Գործընկերություն և Ուսուցում» և «Սիսիանի մեծահասակների կրթության կենտրոն» ՀԿ-ների գրասենյակներում` ընթացիկ միջոցառումների հաջող ընթացքը դիտարկելու և դրանցում ներգրավված տեղահանված կանանց, երեխաների և երիտասարդների հետ զրուցելու նպատակով։