ՄՄԿ և ՀՀ կառավարության գործընկերության արդյունքում ներդրվել է աշխատանքային գործունեության հիմքով կացության կարգավիճակի տրամադրման միասնական էլեկտրոնային հարթակ։
Միգրացիայի միջազգային կազմակերպության և ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայության նախաձեռնությամբ սույն թվականի ապրիլի 19-ին տեղի ունեցավ աշխատանքային գործունեության հիմքով կացության կարգավիճակի տրամադրման միասնական էլեկտրոնային հարթակի ներկայացման միջոցառումը։
Միգրացիայի Միջազգային Կազմակերպությունը (ՄԿԿ) 2018 թվականից ի վեր աջակցում է ՀՀ կառավարությանը՝ աշխատանքային միգրացիայի կառավարման գործում։ Համատեղ գործընկերության արդյունքում ներդրվել է աշխատանքային գործունեության հիմքով կացության կարգավիճակի տրամադրման միասնական էլեկտրոնային հարթակ, որի միջոցով օտարերկրացի աշխատակից ներգրավելու ցանկություն ունեցող գործատուներն ամբողջությամբ էլեկտրոնային տարբերակով ներկայացնում են թեկնածուին աշխատանքի հիմքով կացության կարգավիճակի տրամադրման հայտ։
Միևնույն ժամանակ, այն պետությունների քաղաքացիները, որոնք ազատված են աշխատանքի թույլտվական փաստաթուղթ ստանալու պահանջից, կարող են գրանցվել հարթակում և ստանալ համապատասխան տեղեկանք՝ բնակության օրինականությունը հավաստելու նպատակով։
«ՄՄԿ-ի նպատակն է աջակցել աշխատանքային միգրացիայի համակարգի բարելավմանը՝ բարելավելով աշխատանքի թույլտվության տրամադրման մեխանիզմները՝ միջազգային լավագույն փորձին համապատասխան։ Այս եղանակով մենք նպաստում ենք միգրանտների իրավունքների պաշտպանությանը և կայուն տնտեսական զարգացմանը՝ ի շահ բոլորի»,-նշեց ՄՄԿ-ի հայաստանյան առաքելության գրասենյակի ղեկավար Իլոնա Տեր-Մինասյանը։
2022 թ-ի հունվարի 1-ից գործարկված https://workpermit.am/ կայքի միջոցով Միգրացիոն ծառայությունն արդեն ստացել է մոտ 700 հայտ, գրանցվել են մոտ 250 գործատուներ, տրամադրվել է ավելի քան 260 ժամանակավոր կացության կարգավիճակ և ավելի քան 170 բնակության օրինականությունը հավաստող տեղեկանք՝ ԵԱՏՄ քաղաքացիներին։
Միջոցառման երկրորդ հատվածում գործատուները ներկայացրին իրենց նկատառումներն ու առաջարկները, ՄԾ աշխատանքային միգրացիայի և մոնիթորինգի բաժնի պետ Վարդան Մաթևոսյանը պատասխանեց հնչեցված հարցերին։
Հավելյալ տեղեկությունների համար այցելեք www.workpermit.am կայքը։