Մարդկության պահանջարկը ջրի նկատմամբ աճում է։ Ջրային ռեսուրսների վրա ճնշումը մեծանում է գերօգտագործման, աղտոտվածության և կլիմայի փոփոխության պատճառով: Երաշտներն ու շոգ եղանակները դառնում են ավելի ուժգին ու հաճախակի։ Ծովի մակարդակի բարձրացումը հանգեցնում է աղի ջրի ներթափանցմանը ափամերձ ջրատար տարածքներ: Ստորերկրյա ջրատար տարածքները սպառվում են։
Ջուրը կարող է տարաձայնության, բայց նաև համագործակցության աղբյուր լինել։ Կարևոր է, որ միասին աշխատենք ջրի բոլոր աղբյուրների, այդ թվում՝ ստորերկրյա ջրերի ավելի լավ կառավարումն ու ռացիոնալ սպառումն ապահովելու համար: Ստորերկրյա ջրերը տեսադաշտից դուրս են, բայց չենք կարող թույլ տալ, որ դրանք անտեսվեն: Ժայռերի և հողի մեջ պահպանված ստորերկրյա ջրերը հեղուկ քաղցրահամ ջրի մեր ամենամեծ աղբյուրն են: Դա ապահովում է խմելու ջրի մատակարարումը, սանիտարական համակարգերը, գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը և էկոհամակարգերը: Այնուամենայնիվ, աշխարհի ջրատար տարածքների մոտ 20 տոկոսը գերշահագործվում է։
Շատ վայրերում պարզապես չգիտենք՝ որքա՞ն կարող է գոյություն ունենալ այս թանկարժեք ռեսուրսը: Պետք է բարելավենք ստորերկրյա ջրային ռեսուրսների ուսումնասիրությունը, վերահսկումն ու վերլուծությունը՝ դրանք պաշտպանելու և ավելի լավ կառավարելու և Կայուն զարգացման նպատակներին հասնելու համար:
Հաջորդ տարի ջրային հարցերի քննարկման համար գումարվող ՄԱԿ-ի կոնֆերանսը որոշիչ հնարավորություն է տալիս ջրային ռեսուրսների պաշտպանության ու պահպանման գործողությունները խթանելու համար՝ միտված կայուն զարգացմանը:
Ջրի համաշխարհային օրը եկե՛ք պարտավորվենք ակտիվացնել միջոլորտային և երկրների միջև համագործակցությունը, որպեսզի կարողանանք կայուն կերպով հավասարակշռել մարդկանց և բնության կարիքները և օգտագործել ստորերկրյա ջրերը ներկա և ապագա սերունդների համար: