Մամուլի հաղորդագրություն

ՅՈՒՆԻՍԵՖ-ը Մարդու իրավունքների պաշտպանի հետ համատեղ այցելեց Սյունիք՝ ամփոփելու հինգամյա փոխհամագործակցությունը

25 փետրվարի 2022

  •  

UNICEF Representative in Armenia Christine Weigand and Human Rights Defender of Armenia Arman Tatoyan during a field visit to Syunik marz getting acquainted with the work carried out in the field of protection of children's rights.
Նկարագրություն՝ UNICEF Representative in Armenia Christine Weigand and Human Rights Defender of Armenia Arman Tatoyan during a field visit to Syunik marz.
Լուսանկարը՝ © UNICEF Armenia/2021/Martirosyan

Երևան, 25-ը փետրվարի, 2022թ – Փետրվարի 17-18-ը Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը և ՅՈՒՆԻՍԵՖ-ի թիմը միացան Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին և պաշտպանի գրասենյակի թիմին համատեղ այցելելու Սյունիք և տեղում ծանոթանալու երեխաների և կանանց իրավիճակին։



«Նախորդ հինգ տարիների ընթացքում ՅՈՒՆԻՍԵՖ-ը երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտում արդյունավետորեն համագործակցել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ։ Մի շարք ձեռքբերումներ ենք գրանցել․ 2017թ-ին միասին հիմնեցինք երեխայի իրավունքների հատուկ բաժինը և սկսեցինք ողջ երկրում մշտադիտարկել երեխաների իրավունքները։ Այս տարիների ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը(ՄԻՊ-ը) նաև դարձավ Երեխաների հարցերով օմբուդսմենների եվրոպական ցանցի լիիրավ անդամ։ Միասին ստեղծել ենք մի շարք գործիքներ և իրականացրել մի շարք վերապատրաստումներ, որի շնորհիվ ՄԻՊ-ն ամբողջ կարողությամբ աշխատում է երկրում երեխաների իրավունքների պաշտպանության ուղղությամբ։ Այս տարիների ընթացքում երեխաները սկսել են նաև անձամբ դիմել ՄԻՊ-ին, ինչը կարևոր ձեռքբերում է բոլոր երեխաների համար արդարադատության հասանելիության ապահովման տեսանկյունից։ Ուրախ եմ, որ միացա Սյունիքում երեխաների իրավիճակը դիտարկելու պրն Թաթոյանի առաքելությանը»,- նշեց տկն Վայգանդը։

 

Տկն Վայգանդը և պրն Թաթոյանը այցելեցին Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիր, հանդիպեցին տնօրենի հետ, շրջայց կատարեցին կրթահամալիրում և շփվեցին սաների հետ։

«Այս կրթահամալիրը շարունակում է բարեհաջող աշխատել ծնողների հետ, ինչի արդյունքում նվազել է համալիրում գիշերող երեխաների թիվը»,- ներկայացրեց տկն Վայգանդը։ «Այն մասնագիտական փորձը, որ այս կենտրոնը կուտակել է, շատ կարևոր է Հայաստանում շուրջօրյա խնամքի հաստատությունների վերակազմավորման գործընթացի համար»,- ավելացրեց տկն Վայգանդը։ 



Այցի շրջանակում ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Մարդու իրավունքների պաշտպանը այցելեցին նաև երկու կենտրոն, որոնք աջակցում են համայնքի առավել խոցելի երեխաներին և նրանց ընտանիքներին։ Կենտրոններից մեկը գործում է Կապանի քաղաքապետարանին, մյուսը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական պաշտապնության նախարարությանն առընթեր։ Երկու կենտրոններն էլ Սյունիքի և Լեռնային Ղարաբաղից Սյունիքում հաստատված երեխաներին ցերեկային խնամքի ծառայություններ են տրամադրում, այդ թվում՝ վերականգնողական աշխատանք հաշմանդամություն ունեցող երեխաների հետ, հոգեբանական աջակցություն բռնության ենթարկված երեխաներին, իրավական աջակցություն աղքատության մեջ ապրող ընտանիքներին և այլն։

 

Քաղաքապետարանի աջակցությամբ գործող Մանկական կենտրոնում տեղեկացանք, որ անձնակազմի կարողությունների զարգացման, վերանորոգման, նոր սարքավորումներով վերազինման կարիք կա։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՄԻՊ-ի աշխատակիցները նաև տեղեկացան արդյունավետ ներառական ուսուցում իրականացնելուն խոչընդոտող մարտահրավերների մասին և հասարակության հետ աշխատելու, իրազեկման արշավներ իրականացնելու անհրաժեշտության մասին։

 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն առընթեր գործող Երեխաների և ընտանիքի աջակցության կենտրոնը նախկին շուրջօրյա հաստատություն է, որը ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ վերափոխվել և դարձել է համայնքային ցերեկային խնամքի կենտրոն: 2021 թվականին կենտրոնին լիազորվել է նաև ճգնաժամային կենտրոնի գործառույթներ՝ աջակցելու համայնքում և Լեռնային Ղարաբաղից տեղահանված և համայնքում բնակվող դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին և ընտանիքներին։ Խնամքի ծառայություններից բացի, այն ներկայումս ապաստան է տրամադրում 2-ից 18 տարեկան տասը երեխայի։

 

Գործընկերները նկատեցին հատկապես արտակարգ իրավիճակներում համայնքին ավելի լավ աջակցություն ցուցաբերելու կենտրոնի ներուժը։ 2021 թվականին ՅՈՒՆԻՍԵՖ-ի շնորհիվ վերանորոգվել և վերակահավորվել են կենտրոնի երեք սենյակները, իսկ այս տարի լրացուցիչ աջակցություն կտրամադրվի, ներառյալ՝ կենտրոնի անձնակազմի կարողությունների զարգացում, ինչպես նաև կենտրոնի հետագա հարմարեցում շահառուների, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ընտանիքների կարիքներին։

 

«Համատեղ այցը հնարավորություն տվեց մեզ վերհանելու խնդիրներ, որոնց բախվել են Սյունիքում ապրող երեխաներն ու նրանց ընտանիքները թե՛ հակամարտության, թե՛ համավարակի պատճառով»,- նշեց տկն Վայգանդը։ «Հակամարտությունը և համավարակը բացասաբար են անդրադարձել երեխաների և նրանց խնամակալների հոգեկան առողջության վրա, իսկ Սյունիքի սահմանային որոշ շրջաններում ստեղծված իրավիճակը մտահոգում է բոլորին և է՛լ ավելի է վնասում երեխաների բարեկեցությանը՝ խաչընդոտելով նրանց անհրաժեշտ ծառայությունների հասանելիությանը և տրամադրմանը»:

 

ՅՈՒՆԻՍԵՖ-ը շարունակելու է աջակցել ՀՀ կառավարությանը երեխայի պաշտպանությանը և սոցիալական ապահովությանն ուղղված բարեփոխումների գործում, որպեսզի ապահովենք, որ բոլոր և հատկապես ամենախոցելի երեխաները ժամանակին ստանան իրենց անհրաժեշտ ծառայությունները։ Մենք նաև շարունակելու ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության, սփյուռքի կազմակերպությունների և մասնավոր այլ ընկերությունների հետ՝ հանուն Հայաստանում համայնքային ծառայությունների հետագա ընդլայնման և զարգացման։

 

ՅՈՒՆԻՍԵՖ-ն ակնկալում է շարունակել արդյունավետ համագործակցությունը Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ՝ ավելի զարգացնելու երեխաներից դիմումների ստացման և արձագանքման մեխանիզմը և բարձրացնելու երեխաների իրավունքների մասին իրազեկվածությունը՝ Երեխայի իրավունքների մասին կոնվենցիային համահունչ»:

Zara Sargsyan

Զառա Սարգսյան

ՅՈՒՆԻՍԵՖ
Հաղորդակցության բաժնի ղեկավար

Այս նախաձեռնությանը մասնակցող ՄԱԿ-ի գործակալությունները

ՅՈՒՆԻՍԵՖ
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ

Նպատակները, որոնց մենք աջակցում ենք այս նախաձեռնությամբ