Հողերի չօգտագործումը՝ Հայաստանում հողային բարեփոխումների օրակարգի առաջնահերթություն
ՀՀ կառավարությունը փորձում է լուծել հողերի չօգտագործման խնդիրը և բարելավել գյուղացիական տնտեսությունների կառուցվածքը ու հողօգտագործման ձևերը։
Այսօր Երևանում ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի և ՊԳԿ հայաստանյան ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի մասնակցությամբ անցկացվեց «Հայաստանում hողային բարեփոխումների օրակարգի ձևավորում. հողերի չօգտագործման մարտահրավերը և գյուղացիական տնտեսությունների կառուցվածքի բարելավման միջոցով գյուղատնտեսական ներուժի արդյունավետ օգտագործման հնարավորությունը» խորագիրը կրող հողային բարեփոխումների թեմայով միջազգային համաժողովը:
Պետական մարմինների, գիտակրթական շրջանակների, քաղաքացիական հասարակության, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները և ոլորտի փորձագետները քննարկում ծավալեցին այն հարցի շուրջ, թե ինչպես լուծել հողերի չօգտագործման հիմնախնդիրը՝ միևնույն ժամանակ բարելավելով գյուղացիական տնտեսությունների կառուցվածքը։
Հողերի չօգտագործման խնդիրը բոլորիս է հայտնի, ինչը փաստվել է քաղաքականության մակարդակով: Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարության մեջ ամրագրված է, որ հողերի չօգտագործման հիմնախնդրին պետք է լուծում տրվի հողերի կոնսոլիդացման, հողային բանկի, հողի շուկայի զարգացման ու փոքր արտադրողներին աջակցելու միջոցով։
«Համաժողովի նպատակն է պետական և ոչ պետական դերակատարների շրջանում մեծացնել հողային բարեփոխումների օրակարգի հիմքերի վերաբերյալ իրազեկումը, նպաստել քաղաքական երկխոսությանը և որոշել հետագա անելիքները», - նշեց Հայաստանում ՊԳԿ-ի ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն։ «Չափազանց կարևոր է երկխոսության մեջ ներգրավել միջազգային զարգացման կազմակերպություններին և հողային բարեփոխումների օրակարգի շուրջ համագործակցության ու գործընկերության վերաբերյալ համաձայնություն ձեռք բերել»։
2019 թ. նոյեմբերին ՊԳԿ-ն մեկնարկեց հողերի կառավարման գործիքների և ինստիտուցիոնալ դաշտի ստեղծման տեխնիկական աջակցության ծրագիր՝ աջակցելու ՀՀ Էկոնոմիկայի նախարարությանը կարգավորիչ դաշտի ձևավորման և հողերի կառավարման գործիքակազմի ներդրման հարցերում, որի նպատակն էր լուծել գյուղատնտեսական հողերի չօգտագործման հիմնախնդիրը և բարելավել գյուղացիական տնտեսությունների կառուցվածքը՝ նվազեցնելով հողերի մասնատվածությունը ու դյուրացնելով կամավոր հիմունքներով գյուղացիական տնտեսությունների խոշորացման գործընթացը։
ՊԳԿ-ի կողմից կատարված վերլուծությունից պարզ է դառնում, որ հողերի չօգտագործումը բազմահատույթ երևույթ է՝ փոխկապակցված տնտեսական, բնապահպանական և սոցիալական խորքային պատճառներով: Հայաստանում առկա են որոշ բացասական միտումներ, ինչպիսիք են տնտեսությունների անարդյունավետ կառուցվածքը, ծերացող գյուղական բնակչությունը, արտագաղթը, գյուղատնտեսական արտադրության կախվածությունը ոռոգման ջրից, ոռոգման ենթակառուցվածքների անբավարար վիճակը, հողերի դեգրադացիան և և գյուղատնտեսական արժեշղթայի հետ զուգակցվող մի շարք խնդիրներ, որոնք բոլորը միասին հանգեցնում են հողերի չօգտագործմանը։
Վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանում ընթանում է հողային բարեփոխումների օրակարգի վերաբերյալ ազգային կոնսենսուսի ձևավորման գործընթաց և հողային բարեփոխումներին նվիրված ազգային համաժողովն այս գործընթացի շարունակությունն է:
Համաժողովը կխթանի համագործակցությունն ու համակարգումը, ինչպես նաև կնպաստի Հայաստանում հողային բարեփոխումների շարունակական գործընթացի բարձր մակարդակի հանձնառությանը։