Արմենուհին ապրում է Շիրակի մարզում և ունի երկու անչափահաս երեխա: Ինչպես շատերը Հայաստանում, Արմենուհին ևս, իր ամուսնու հետ, տարիներ շարունակ մեկնում էր Մոսկվա, որտեղ աշխատում էր ռեստորանում՝ որպես խոհարար, և գումար էր վաստակում իր ընտանիքի համար: Վերջին ամիսներին ՔՈՎԻԴ-19-ի համավարակը ստեղծեց մի աննախադեպ իրավիճակ, որն ազդեց յուրաքանչյուրի վրա, այդ թվում՝ Արմենուհու և իր ընտանիքի:
Առողջական ճգնաժամը արագորեն սկսեց ազդել մարդկանց կյանքի բոլոր ոլորտների վրա՝ հանգեցնելով սոցիալ-տնտեսական խնդիրների և զարգացման մարտահրավերների: Որպես աշխատանքային միգրանտներ՝ Արմենուհին և նրա ամուսինը այն մարդկանց թվում էին, ովքեր համավարակի հետևանքով ամենից շատն են տուժել: Երկրի սահմանների փակումը և երկրի ներսում տեղաշարժվելու սահմանափակումները թույլ չտվեցին, որ նրանք և շատ այլ ընտանիքներ վերադառնան Ռուսաստան և վերսկսեն իրենց աշխատանքը: Ընտանիքը կորցրեց իրենց եկամտի աղբյուրը, չէր կարողանում բավարարել իր հիմնական կարիքները և կախման մեջ ընկավ ծնողների աջակցությունից:
Աղքատության հաղթահարման տեսանկյունից՝ շարժունությունը անչափ կարևոր է միգրանտների և նրանց ընտանիքների համար: Աշխատանքային միգրանտների կողմից ուղարկվող փոխանցումները, կատարվող ներդրումները, ինչպես նաև՝ նրանց շնորհիվ տեղի ունեցող առևտրի և գիտելիքների փոխանակումը նպաստում են հայրենի երկրների տնտեսության զարգացմանը: Հայաստանում գրեթե 250,000 մարդ կախված է արտերկրում աշխատող ընտանիքի անդամների կողմից ուղարկված փոխանցումներից: Ըստ Հայաստանի Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ ստացված փոխանցումների 98 տոկոսն օգտագործվում է սպառման առաջնային ծախսերը հոգալու համար: ՔՈՎԻԴ-19-ի հետևանքով՝ այս ընտանիքների եկամուտները խիստ նվազել են կամ որոշ դեպքերում՝ ընդհատվել, ինչը շարունակում է սպառնալ համաշխարհային աշխատուժին:
ՔՈՎԻԴ-19-ի սոցիալ-տնտեսական հետևանքները լուծելու և աշխատանքային միգրանտներին աջակցելու համար՝ ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ) նախաձեռնել է միկրո ձեռնարկատիրության զարգացման ծրագիր, որն ամենաարագ և արդյունավետ միջոցն է` բնակչության տարբեր խմբերի, այդ թվում՝ սոցիալապես կամ տնտեսապես անապահով խմբերի սոցիալական վիճակի բարելավման համար, ինչն իր հերթին նպաստում է աշխատատեղերի ստեղծմանը և աղքատության կրճատմանը:
«ՔՈՎԻԴ-19 համավարակի և վերջինիս հետ կապված ճամփորդության սահմանափակումների բացասական հետևանքները մեղմելու համար՝ ՄՄԿ-ն աջակցում է աշխատանքային միգրանտներին փոքր ձեռնարկություններ հիմնելու հարցում` տրամադրելով միկրո դրամաշնորհներ և բիզնես խորհրդատվություն, ապահովելով կայուն ապրուստ, և միաժամանակ ընդլայնում է եկամտի ստեղծման հնարավորությունները Հայաստանի ամենաաղքատ, ամենից շատ աշխատանքային միգրանտներ ունեցող մարզերի՝ Շիրակի, Լոռիի և Տավուշի բնակչության համար», - ասում է ՄՄԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Իլոնա Տեր-Մինասյանը:
Ծրագրի շրջանակում, Արմենուհին ստացել է միկրո դրամաշնորհ՝ սեփական բիզնեսը սկսելու համար, ինչը կօգնի նրա ընտանիքին հաղթահարել ոչ միայն առկա մարտահրավերները, այլև՝ դառնալ ավելի դիմացկուն՝ ի դեմս հետագա սպառնալիքների:
«Փոքր բիզնես հիմնելու այս մեծ աջակցության շնորհիվ՝ ես այժմ անասնաբուծական բիզնես եմ վարում հայրենիքում և կարողանում եմ բավարար գումար վաստակել՝ ընտանիքիս կարիքները հոգալու համար: Բացի այդ այլևս ստիպված չեմ լինի լքել իմ հարազատներին և ապրել արտերկրում», - ասում է Արմենուհին:
ՄԱԿ-ի «Վերականգնվել ավելի ուժեղ» հիմնադրամը հնարավորություն կտա աջակցել առավել խոցելի ևս 50 աշխատանքային միգրանտներին և նրանց ընտանիքներին, որ տուժել են համավարակի հետևանքով: Աջակցությունը հնարավորություն կտա աշխատանքային միգրանտներին ունենալ կայուն ֆինանսական եկամուտ, որը թույլ կտա ճգնաժամից հետո էլ ունենալ զարգացման հեռանկարներ և այլընտրանքային զբաղվածություն: Ինչն էլ իր հերթին կնպաստի երկրի տնտեսական զարգացմանը և ժողովրդագրական անկման մեղմմանը:
«Հայաստանի կառավարությունը խիստ կարևորվում է ՔՈՎԻԴ-19-ի ժամանակ հայ աշխատանքային միգրանտներին տրամադրվող աջակցությունը և տեղական զբաղվածության հնարավորությունների ստեղծումը», - ասում է ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը, - «Աջակցությունը կայուն ազդեցություն կունենա տեղական համայնքների զարգացման և անկանոն միգրացիայի կանխարգելման վրա»: