Press Release

ՅՈՒՆԻՍԵՖ-ը միանում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին՝ նշելու Երեխաների համաշխարհային օրը Հայաստանում

11 November 2024

Գործընկերները Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը լուսավորում են ՅՈՒՆԻՍԵՖ-ի կապույտ գույնով և Խաչատրյանի անվան 12-րդ միջազգային փառատոնի անդրանիկ համերգը նվիրում Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի տարեդարձին։

ԵՐԵՎԱՆ, նոյեմբերի 21, 2024 թվական. Երեխաների համաշխարհային օրվա և Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի ընդունման տարեդարձի առթիվ Հայաստանը միացել է աշխահի այլ երկրներին՝ կապույտ գույնով լուսավորելու խորհրդանշական կառույցներ, այս անգամ նոր հայեցակարգով: ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանի ազգային դեսպան Սերգեյ Սմբատյանի գլխավորած՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի աջակցությամբ ՅՈՒՆԻՍԵՖ-ը կապույտով լուսավորեց Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը:

Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի նորանշանակ անդամները: ՅՈՒՆԻՍԵՖ-ը 2022 թվականից ի վեր աջակցել է Խորհրդի ստեղծմանն ու գործունեությանը։ Երեխաները Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդի և ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հետ միասին սեղմեցին լուսասփռման կոճակը՝ նշանավորելով Երեխայի իրավունքների մասին Կոնվենցիայի 35-րդ տարեդարձը։

«Այսօր Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի 35-ամյակը տոնելիս մենք համաշխարհային մակարդակում խորքային փոփոխությունների ենք ականատես լինում։ Աննախադեպ մեծ թվով երեխաներ են հայտնվում հումանիտար աղետներում, ենթարկվելով տեղահանության։ Տեւական մարտահրավերները, ինչպիսիք են աղքատությունը, անհավասարությունը և խտրականությունը, ոտնահարում են երեխաների իրավունքները, իսկ կլիմայական ճգնաժամերն ու շրջակա միջավայրի դեգրադացիան ավելի են սրում այս խնդիրները։ Այդուհանդերձ, այս բոլոր վայրիվերումների մեջ երեխաների իրավունքները պետք է մշատես լինեն ոչ բանակցելի: Սա մեր բաղձալի ապագայի կենսագործման կողմնացույցն է։ Ուստի այսօր մեր շուրջը սփռելով այս կապույտ լուսավորությունը՝ լիահույս ենք, որ սա այսօրվա և վաղվա առաջնորդներին ուղերձ է առ այն, որ պետք է ավելիմեծ ջանքեր գործադրել՝ ստեղծելու մի աշխարհ, ուր յուրաքանչյուր երեխայի յուրաքանչյուր իրավունք լիարժեք պաշտպանված է», - նշել է Քրիսթինե Վայգանդը։

Նոյեմբերի 20-ին Երեխաների համաշխարհային օրվան նվիրված տոնական միջոցառումների շրջանակում աշխարհի տարբեր երկրներում այդ օրը կապույտով են լուսավորվում շինություններ, հուշարձաններ և տեսարժան վայրեր։ Նախորդ տարիներին խորհրդանշական կապույտ լույսի ներքո լուսավորվել են Սիդնեյի օպերային թատրոնը, Աթենքի Ակրոպոլիսը, Գիզայի բուրգերը, «Ջրային խորանարդը» Պեկինում, Էմփայր Սթեյթ Բիլդինգը Նյու Յորքում, Պետրան Հորդանանում և բազմաթիվ այլ կառույցներ։ Բոլոր այս շինությունները կապույտ գույն էին ստացել՝ հաջակցություն երեխաների իրավունքների։

Խորհրդանշական արարողությանը հաջորդեց Խաչատրյանի անվան 12-րդ միջազգային փառատոնի բացումը, որը տարածաշրջանում մեծ հանդիսությամբ տոնվող դասական երաժշտության փառատոններից մեկն է։ Նոյեմբերի 20-ի «Յուրաքանչյուր երեխայի համար. իրավունքների և երազանքների սիմֆոնիա» խորագիրը կրող փառատոնի բացման համերգը նիվրված էր Կոնվենցիայի տարեդարձին և Երեխաների համաշխարհային օրվան համերգին ելույթ ունեցավ 18-ամյա մեծատաղանդ կատարող Լեյա Զուին։

«Երաժշտությունը համամարդկային լեզու է և սիմֆոնիկ նվագախումբը հավատում է երաժշտության միաբանող ու փոխակերպիչ ուժին։ Այն բոլորին հասու և ազդեցիկ կերպով իրազեկում է մարդկանց երեխաների իրավունքների մասին և ավելի մեծ ուժ հաղորդում նրանց ձայնին», - ասաց Մաեստրո Սմբատյանը։ «Չափազանց կարևոր է յուրաքանչյուր օր հիշել, որ երեխաներն ու երիտասարդները պետք է մշտապես մեր ուշադրության կենտրոնում լինեն։ Մենք նրանց գաղափարներին պետք է լուրջ մոտենանք և ակտիվորեն ներգրավենք փոքր և մեծ որոշումների կայացման գործին, որոնք ազդում են մեր կյանքի վրա։ Այսօրվա մեր համերգն այդ հանձնառության արտացոլումն է»։

«Վերջին երեք տասնամյակների ընթացքում ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակն ականատես է եղել և նպաստել անթիվ երեխաների կյանքի խորքային փոփոխություններին Հայաստանում, ներառյալ և չսահմանափակվելով որակյալ կրթության մատչելիության ընդլայնմամբ, առողջապահական ծառայությունների բարելավմամբ, մինչև 5 տարեկան երեխաների մահացության ցուցանիշի կիսով չափ կրճատմամբ, խնամքի հաստատություններում գտնվող երեխաների թվի նվազեցմամբ և խնամքի համակարգի ստեղծմամբ ու շատ ավելին: Այս ամենն անհնարին կլիներ կյանքի կոչել առանց մեր ինստիտուցիոնալ և անհատ գործընկերների, մեր ազգային դեսպանների ու աջակիցների անսասան նվիրվածության, որոնց նվիրումն օգնեց առաջ մղել երեխաների իրավունքները Հայաստանում», - ասաց Քրիսթինե Վայգանդը:

###

Խմբագիրների համար.
2021 թվականին Հայաստանում լուսավորվել են Երևանի մերձակայքում գտնվող հինավուրց Զվարթնոց տաճարի ավերակները՝ խորհրդանշելու ՅՈՒՆԻՍԵՖ-ի մանդատը, այն է՝ սատար կանգնել յուրաքանչյուր երեխայի իրավունքներին, որտեղ էլ նա ապրի։

2022 թվականին լուսավորվեցին Հաղթանակի զբոսայգում Մեծ Անիվը և Մայր Հայաստան հուշարձանը, ինչպես նաև Մատենադարանն ու Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնը,- այս ամենը խորհրդանշելու, թե ինչ է անհրաժեշտ երեխաներին առողջ ու երջանիկ մեծանալու համար՝ ուրախություն և զվարճալի ժամանց, պաշտպանություն ու խաղաղություն, կրթություն ու մշակույթ, ինչպես նաև առողջություն ու սնուցում ընտանեկան միջավայրում։

Zara Sargsyan

Zara Sargsyan

UNICEF
Communication Specialist

UN entities involved in this initiative

ՅՈՒՆԻՍԵՖ
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ

Goals we are supporting through this initiative