«Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն» համաժողովի առանցքում՝ կրթության ոլորտում գրանցված արդյունքները և առաջիկա անելիքները
18 November 2024
Դիլիջան, 18-ը նոյեմբերի 2024թ․ - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը նոյեմբերի 18-ին կազմակերպեցին «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն» խորագրով համաժողով՝ Հայաստանում Եվրոպական միության աջակցությամբ։ Համաժողովը միավորեց կրթության ոլորտի, այդ թվում միջազգային և սփյուռքի տարբեր կառուցներից, ավելի քան 70 ներկայացուցչի։
Համաժողովի շրջանակում անցկացվեց կրթական էքսպո, որտեղ ինը կրթական, սփյուռքի, ՏՏ կազմակերպություններ ներկայացրեցին իրենց կրթական ծրագրերն ու նախաձեռնությունները, որոնք ուղղված են կրթության նոր չափարոշչի ներդրմանը և կրթական բարեփոխման առաջխաղացմանը։
Թվով երկրորդ այս համաժողովը արդեն դարձել է մի ձևաչափ, որով նախարարությունը հրավիրում է զարգացման գծով իր գործընկերներին քննարկելու առաջընթացը, առկա խնդիրները, լսելու փորձագիտական եզրակացությունները, երկխոսության միջոցով առաջարկներ ստանալու և համադրելու ռեսուրսները հետագա քայլերի համար։
Միջոցառմանը բացման արարողությանը ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Նախարար Ժաննա Անդրեասյանը, ողջունելով ներկաներին, ընդգծել է կրթության ոլորտում կարևոր անելիքների շուրջ քննարկումների հնարավորությունը, ինչպես նաև շնորհակալություն հայտնել Եվրոպական միության գործընկերներին համատեղ ջանքի համար: Անդրադառնալով համաժողովի վայրի ընտրությանը՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ այն պատահական չէ ընտրված. «Հանրակրթության ոլորտի կարևորագույն բարեփոխումները և հանրակրթության չափորոշչի փորձարկումը սկսել ենք հենց Տավուշի մարզից, և դրանք բոլորովին հեշտ ժամանակներ չէին: Երբ ամբողջ աշխարհը համավարակի պայմաններում կրթության շարունակականության խնդիր էր փորձում կարգավորել, կարծես խենթություն էր այդ պայմաններում բարեփոխումների գործընթաց մեկնարկելը: Այդ դժվարությունների համատեքստում կարողացանք գործընթացը մեկնարկել, և դա, իհարկե, համատեղ աշխատանք էր, որովհետև հանրակրթության չափորոշչի բարեփոխումների ծրագիրն իրականացրել ենք Եվրոպական միության գործընկերների և Համաշխարհային բանկի աջակցությամբ»:
Անդրադառնալով ոլորտի կարևոր թիրախներին՝ Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ուսուցչի մասնագիտության գրավչության բարձրացման նպատակով Կառավարության իրականացրած ծրագրերը, որոնք վերաբերում են ուսուցիչների ատեստավորմանը, վարձատրության բարելավմանը և մասնագիտական զարգացմանը: Նրա խոսքով՝ այս քաղաքականությունների արդյունքում նախորդ տարի համակարգում գրանցվել է ավելի քան 3 հազար նոր ուսուցչի մուտք դպրոց։
«Մարդիկ արձագանքում են իրականացվող քաղաքականությանը, և ուսուցչի մասնագիտությունը դրանով իսկ դառնում է շատ ավելի գրավիչ: Հատկապես ուրախալի է, որ դպրոց նոր մուտք գործած ուսուցիչների շրջանում մեծ համամասնություն են կազմում երիտասարդները. մինչև 40 տարեկան ուսուցիչները կազմում են նոր մուտք գործած ուսուցիչների շուրջ 60 տոկոսը, ինչը բավականին լուրջ թիվ է: Կարևորում եմ նաև, որ նոր ուսուցիչների շուրջ 56 տոկոսն աշխատում է գյուղական դպրոցներում. սա նշանակում է, որ մեր առանձին թիրախային ծրագրերը, որոնք ուղղված էին հենց այս խնդիրների կարգավորմանը, տալիս են իրենց առաջին արդյունքները:
«Եվրոպական միությունը մեծ ներդրումներ է կատարել հօգուտ Լոռու, Տավուշի, Շիրակի, ինչպես նաև Սյունիքի մարզերի կրթության, և մեզ համար սա կարևոր ներդրում է մարդկային կապիտալի զարգացման և Հայաստանի Հանրապետության դիմակայունության ամրապնդման տեսանկյունից։ Մենք աջակցել ենք ԲՏՃՄ (STEM) լաբորատորիաների գործունեությանը, ներդրումներ ենք կատարել միջնակարգ դպրոցների և նախակրթարանների վերակառուցման, ինչպես նաև ոչ ֆորմալ կրթության և արտադասարանային պարապմունքների ուղղությամբ: Այս բոլոր ուղղություններով և
կրթությունից անդին շատ կարևոր է շարունակել ներգրավել երիտասարդներին, որպեսզի նրանք հնարավորություն ունենան նշանակալից դեր ստանձնելու և նպաստելու քաղաքականությունների մշակմանը, քանզի այն քաղաքականությունը, որ մշակվում է այսօր անմիջական կերպով անդրադառնալու է նրանց ապագա կյանքի վրա»,- ընդգծեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը՝ կարևորելով ոլորտում բազմակողմանի գործընկերության շարունակականությունը։
«Այն, ինչ կրթության մեջ հաջողություն էր համարվում, հիմնովին այլ է մեր օրերում. այսօր խոսքը վերաբերում է նրան, որ օգնենք երեխաներին զարգացնել իրենց ինքնությունը, ճանաչողական, սոցիալական և էմոցիոնալ հմտությունները, որոնք անհրաժեշտ են նրանց իրենց հասարակությունը ձևավորելու համար: Կարևոր է այս երկու մոտեցումները բալանսավորել երեխաներին հիմնավոր գիտելիքներ և կարողություններ ուսուցանելիս։
Հայաստանը առաջընթաց է արձանագրել երկու ուղղությամբ, որի մասին նշվել է ՄԱԿ-ի երեխայի իրավունքների կոմիտեի վերջին Եզրափակիչ դիտարկումներում»,- նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի պաշտոնակատար Սիլվիա Մեստրոնին՝ ընդգծելով, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ը կշարունակի աջակցել Հայաստանում կրթական բարեփոխումների իրականացմանը, այդ թվում տրամադրելով տեխնիկական աջակցություն «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսության» շրջանակում։
Համաժողովին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսյա Սվաջյանը ներկայացրեց հանրակրթության և վաղ մանկական կրթության գծով բարեփոխումների առաջընթացը: Վերջին տարում ստեղծվել է մենթոր մանկապարտեզների ցանկ, որի համաձայն իրականացվել են առցանց և առկա ձևաչափերով վերապատրաստումներ մենթոր մանկապարտեզների կողմից իրենց կցվաց մանկապարտեզների համար։ Այլ ձևաչափով նաև տրամադրվել է շարունակական աջակցության, որը կարևոր դեր է ունեցել չափորոշչի արդյունավետ ներդրման համար։
Վերջին տարվա ընթացքում շուրջ հինգ-վեց անգամ հավաստագրում է իրականացվել մանկապարտեզների տնօրենների համար, որը դրական է անդրադարձել կառավարման որակի վրա։ Դրան զուգահեռ, լիցենզավորվել են բազմաթիվ մասնավոր մանկապարտեզներ։ Հանրակրթության ոլորտում տեղի են ունեցել մի շարք փոփոխություններ՝ կրթության կազմակերպումից մինչ գնահատման համակարգը, դասագրքերի մշակում, մասնագիտական կարողությունների զարգացում և այլն։ Տավուշի մարզում ավարտական քննությունները երեք կրթական մակարդակներում արդեն կազմակերպվել են նոր կերպով։ Թեև արձանագրվել են բազմաթիվ խնդիրներ, դպրոցների փորձը նաև փաստում է, որ այն նպաստել է աշակերտների ստեղծագործ կարողությունների արտահայտմանը։ Մի շարք դպրոցներում արդեն առկա են խմբակներ, կատարվում է նախագծային ուսուցում, որը դրական է անդրադարձել ուսուցչի ընդհանուր ծանրաբեռնվածության, ինչպես նաև սովորողների ուսումնական մոտիվացիայի վրա։
Ամենակարևոր գործընթաց է հանդիսացել դասագրքերի ստեղծումը։ Ըստ նախարարի տեղակալի՝ այդ գործընթացում հետաքրքրություն են հայտնել ներգրավվելու բազմաթիվ նոր կազմակերպություններ, և որքան մեծ լինի մրցակցությունը, այնքան արդյունքներն էլ լավը կլինեն։ Դեռևս չլուծված է մնում ավագ դպրոցի դասագրքերի խնդիրը, մասնավորապես՝ ավագ դպրոցի պատմության դասագրքի հարցը։
Այս տարի ներդրվել է ուսուցչի կարիքի գնահատման հիման վրա վերապատրաստումների համակարգ, որը ավելի թիրախային կդարձնի մասնագիտական կարողությունների զարգացման ծրագիրը։ Տարեկան շուրջ 1500 մանկավարժ անցնում է վերապատրաստում, այդ թվում մանկավարժահոգեբանական ուղղություններով, օրինակ՝ կրթության առանց բռնության և բուլինգի։ 3903 ուսուցիչ արդեն ատեստավորվել է կամավոր ատեստավորման համակարգով և ստանում է ավելի բարձր աշխատավարձ։
ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Այբ կրթական հիմնադրամի հետ համատեղ և ԵՄ ֆինանսավորմամբ նախարարությունը նաև իրականացնում է կրթության կառավարման և առաջնորդության վերապատրաստումների ծրագիր դպրոցների տնօրենների շուրջ 60 հավակնորդների համար։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ նաև իրականացվում է հատուկ դպրոցների վերափոխման ծրագիր, որը պիլոտային փուլում է։
Վաղ մանկական ուսումնառության և հանրակրթության թեմաներից բացի համաժողովի մասնակիցները քննարկեցին միջին մասնագիտական և բարձրագույն կրթության շուրջ բարեփոխումների ընթացքը, ծանոթացան կրթության արագ դիագնոստիկ հետազոտության նախնական տվյալներին, ինչպես նաև վերանայվեց Հայաստանի Հարապետության կրթության զարգացման ռազմավարության գործողությունների պլանը։