Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի աշխատակիցները մասնակցեցին Զեների ստանդարտի կիրառմամբ էլեկտրական չափման թեմայով վերապատրաստմանը
11 November 2024
Երևան, Հայաստան, նոյեմբերի 4-8, 2024թ. – ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունը (ՄԱԱԶԿ), ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Աջակցություն որակի ենթակառուցվածքին Հայաստանում» ծրագրի շրջանակում, հինգօրյա վերապատրաստում էր կազմակերպել Զեների ստանդարտ թեմայով։ Էլեկտրական լարման ճշգրիտ չափման այս ստանդարտը լայնորեն կիրառվում է չափագիտական լաբորատորիաներում կայուն լարում ապահովելու ու թվանշային մուլտիմետրերի ճշգրիտ չափումների համար:
Վերապատրաստմանը մասնակցեցին Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի (ՍՉԱՄ) հինգ տեխնիկական փորձագետ։ Վերապատրաստումը ՍՉԱՄ-ի էլեկտրական տրամաչափարկման լաբորատորիայի կարողությունների բարձրացմանն ուղղված գործողությունների ծրագրի մաս է, որի նպատակն է՝ միջազգային ստանդարտների և ուղեցույցների համաձայն, մատուցել բարձրակարգ և միջազգայնորեն ընդունելի չափագիտական ծառայություններ։
Վերապատրաստման մասնակիցները ծանոթացան Զեների ստանդարտի բնութագրերին ու գործնական լաբորատոր կիրառմանը։ Գործնական փուլը ներառում էր Զեների ստանդարտի կիրառմամբ թվանշային մուլտիմետրների բնական չափման, չափման այս տեսակի անորոշության հաշվարկներին և բազմաֆունկցիոնալ տրամարափիչների բնական չափմանը։
Միջազգային փորձագետի հետ համատեղ, ՍՉԱՄ-ի անձնակազմը մշակեց թվանշային մուլտիմետրների և բազմաֆունկցիոնալ տրամաչափիչների բնական չափման ընթացակարգ։
«Աջակցություն որակի ենթակառուցվածքին Հայաստանում» ծրագիրն իրականացնում է ՄԱԱԶԿ-ը՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ։ Ծրագրի հիմնական նպատակն է զարգացնել Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի (ՍՉԱՄ) կարողությունները՝ շահառուներին միջազգայնորեն ընդունելի չափագիտական ծառայություններ մատուցելու համար։ Հայաստանի չափագիտության համակարգի իրավական, կառուցվածքային և տեխնիկական կարգավորումների բարելավման միջոցով ծրագիրը նպաստում է համակարգի արդիականացմանը՝ խթանելով տնտեսական դիվերսիֆիկացիան և առևտրի մրցունակության բարձրացումը, ինչը համահունչ է ԵՄ-ի հետ ստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով» (CEPA) Հայաստանի ստանձնած հանձնառություններին: