ՍՉԱՄ-ի աշխատակիցները մասնակցեցին էլեկտրական չափման միջոցների ստանդարտներ ու տեխնիկա թեմայով վերապատրաստմանը
18 October 2024
Երևան, Հայաստան, հոկտեմբերի 7-14, 2024թ. – ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունը (ՄԱԱԶԿ), ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Աջակցություն որակի ենթակառուցվածքին Հայաստանում» ծրագրի շրջանակներում, հինգօրյա վերապատրաստում էր կազմակերպել ռեզիստորների և թվային մուլտիմետրերի չափումների թեմայով։
Վերապատրաստումը իրականացվեց ծրագրի կարողությունների զարգացման բաղադրիչի ներքո և անցկացվեց վերջերս ծրագրի շրջանակում ձեռք բերված գերժամանակակից սարքավորումներով հարստացած էլեկտրական տրամաչափարկման լաբորատորիայում։ Վերապատրաստմանը մասնակցեցին Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի (ՍՉԱՄ) տեխնիկական փորձագետները։ Այն հանդիսանում էր ՍՉԱՄ-ի էլեկտրական տրամաչափարկման լաբորատորիայի կարողությունների բարձրացմանն ուղղված գործողությունների ծրագրի մաս, որի նպատակն է՝ միջազգային ստանդարտների և ուղեցույցների համաձայն, մատուցել բարձրակարգ և միջազգայնորեն ընդունելի չափագիտական ծառայություններ։ Դասընթացի ընթացքում անդրադարձ կատարվեց Չափագիտության ինստիտուտների եվրոպական ասոցիացիայի (EURAMET) Թվային մուլտիմետրերի չափման ուղեցույցում ներառված հիմնական հասկացություններին։ Վերապատրաստման առանձին փուլեր նվիրված էին թվային մուլտիմետրերի և բազմաֆունկցիոնալ տրամաչափիչների չափման մեթոդներին, չափման կարգավորումներին, թվային մուլտիմետրերի չափման անորոշության հաշվարկներին և բարձրարժեք ռեզիստորների չափմանը։
Վերապատրաստման գործնական բաղադրիչը հնարավորություն տվեց ՍՉԱՄ-ի աշխատակիցներին մշակել մի շարք ընթացակարգեր, այդ թվում՝ չափման ընթացակարգեր, հրահանգներ և թվային մուլտիմետրերի ու բազմաֆունկցիոնալ տրամաչափիչների անորոշության հաշվարկներ։ Միջազգային ստանդարտներին և պահանջներին համապատասխանեցնելու
նպատակով քննարկվեց նաև նոր ընթացակարգերի ներդրումը կազմակերպության որակի համակարգում։
«Աջակցություն որակի ենթակառուցվածքին Հայաստանում» ծրագիրն իրականացնում է ՄԱԱԶԿ-ը՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ։ Ծրագրի հիմնական նպատակն է զարգացնել Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի (ՍՉԱՄ) կարողությունները՝ շահառուներին միջազգայնորեն ընդունելի չափագիտական ծառայություններ մատուցելու համար։ Հայաստանի չափագիտության համակարգի իրավական, կառուցվածքային և տեխնիկական կարգավորումների բարելավման միջոցով ծրագիրը նպաստում է համակարգի արդիականացմանը՝ խթանելով տնտեսական դիվերսիֆիկացիան և առևտրի մրցունակության բարձրացումը, ինչը համահունչ է ԵՄ-ի հետ ստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով» (CEPA) Հայաստանի ստանձնած հանձնառություններին։