Press Release

Պարենի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում. Պարենի իրավունք՝ հանուն ավելի լավ կյանքի և ավելի լավ ապագայի

17 October 2024

Երևան, Հայաստան – 2024 թ․ հոկտեմբերի 16-ին ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) և Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) հետ համատեղ կազմակերպել էին նշանակալից միջոցառում՝ նվիրված Պարենի համաշխարհային օրվան։ Այս տարվա թեման էր՝ «Պարենի իրավունք՝ հանուն ավելի լավ կյանքի և ավելի լավ ապագայի», որն ընդգծեց բոլորի համար բազմազան, սննդարար, մատչելի և անվտանգ սննդամթերքի հասանելիության ապահովման կարևորությունը:

Պարենի համաշխարհային օրը նշվում է ամեն տարի հոկտեմբերի 16-ին։ Այն նշվում է այն օրը, երբ 1945 թվականին հիմնադրվեց ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ), որը գործունեություն է ծավալում ի նպաստ սովի դեմ պայքարում իրազեկման բարձրացմանը` կոչ անելով բոլորին դեր խաղալ պարենի, մարդկանց և մոլորակի կայուն ապագայի կերտման գործում:

Caption: Պարենի համաշխարհային օրվա նշումը Հայաստանում, նվիրված պարենի անվտանգության և ավելի առողջ մոլորակ ունենալու համար կայուն գործելակերպի մասին իրազեկվածության բարձրացմանը:
Photo: © FAO

Աշխարհի 150 երկրների կոլեկտիվ գործողությունները դարձնում են պարենի սննդի համաշխարհային օրը ՄԱԿ-ի օրացույցում ամենահայտնի օրերից մեկը:

Պարենի համաշխարհային օրվան նվիրված միջոցառումը մեկնարկեց Հայաստանում ՊԳԿ ներկայացուցիչ պարոն Ռայմունդ Յելեի տեսաուղերձով, ով իր խանդավառությունն արտահայտեց Պարենի համաշխարհային օրվա կազմակերպման կապակցությամբ համագործակցության համար և ընդգծեց կոլեկտիվ գործողությունների կարևորությունը պարենային գլոբալ մարտահրավերներին դիմակայելու համար:

Պարոն Ռայմունդ Յելեին հաջորդեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի նախագծման վարչության պետ Իրա Փանոսյանը, ով կարևորեց երիտասարդների ներգրավվածության դերը կայուն գյուղատնտեսական քաղաքականության ձևավորման գործում և ընդգծեց ագրոպարենային ոլորտում նորարարական լուծումների անհրաժեշտությունը:

ՊՀԾ փոխտնօրեն Օսկար Էքդալը ներկաների ուշադրությունը հրավիրեց պարենային անապահովության դեմ պայքարի արդյունավետ ռազմավարությունների հրատապ անհրաժեշտության վրա՝ կոչ անելով բոլոր շահագրգիռ կողմերին միավորել իրենց ջանքերը՝ ստեղծելու ավելի ճկուն պարենային համակարգ:

Հայաստանում ՊԳԿ ծրագրերի համակարգող տիկին Բոտագոզ Նարտաևան հույս հայտնեց, որ քննարկումները կոգեշնչեն արդեն գործող նախաձեռնություններն իրականացնեղներին և կխթանեն շարունակական համագործակցությունը միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության դերակատարների և կառավարական կառույցների միջև՝ տարածաշրջանում պարենային անվտանգության ապահովման և ագրոպարենային համակարգերի զարգացման համար: Կայուն ագրոպարենային համակարգերը պահանջում են բազմաոլորտային համատեղ ջանքեր:

Caption: Գյուղատնտեսական արտադրանքի ցուցադրություն, որը կազմակերպվել էր պանելային քննարկումներին զուգընթաց, ներկաներին հնարավորություն էր տալիս ուսումնասիրել տեղական գյուղատնտեսական արտադրանքն ու նորարարությունները:
Photo: © FAO

Միջոցառումը ներառում էր երկու պանելային քննարկում: Առաջին քննարկումը կենտրոնացած էր գյուղատնտեսական հողերի օգտագործման խնդիրների, ագրոպարենային ոլորտի կազմակերպման և պարենային անվտանգության խնդիրների վրա, ինչպիսիք են օրինակ կախվածությունը արտաքին շուկաներից և այլն:

ՀԱԱՀ Բուսաբուծության և հողագիտության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Գագիկ Թովմասյանը ներկայացրեց գյուղատնտեսական հողօգտագործման հետ կապված խնդիրները, իսկ Ագրոբիզնեսի կառավարման և քաղաքականության ամբիոնի վարիչ Արման Հարությունյանը կարևորեց տեղական ինքնակառավարման մարմինների դերը ագրոբիզնեսի զարգացման գործում։ ՀԱԱՀ Ագրարային քաղաքականության և տնտեսագիտության հետազոտական կենտրոնի տնօրեն Աշոտ Ոսկանյանն անդրադարձ կատարեց Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության խնդիրներին, իսկ ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի նախագծման վարչության պետ Իրա Փանոսյանը ներկայացրեց գյուղատնտեսության զարգացման ռազմավարական մոտեցումները և իրականացվող պետական աջակցության ծրագրերը։

Այս քննարկմանը հաջորդած երկրորդ պանելային քննարկումը կազմակերպվել էր դերային խաղի ձևաչափով, որի ընթացքում Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողները կիսվեցին ագրոպարենային մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ նորարարական մոտեցումներով:

Caption: Երիտասարդ նկարիչներն իրենց նկարների միջոցով ներկայացնում են «Պարենի իրավունք» թեման՝ արտահայտելով բոլորի համար սննդարար սննդամթերքի հասանելիության կարևորությունը:
Photo: © FAO

Նրանց առաջարկները ներառում էին. կայուն գյուղատնտեսական նախաձեռնություններ, ֆինանսական աջակցության ծրագրերի նախաձեռնում, էկոլոգիապես մաքուր գործելակերպեր որդեգրող ֆերմերների համար ֆինանսական խթանների տրամադրում:

Միջոցառումն եզրափակվեց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանի եզրափակիչ խոսքով և մրցանակաբաշխությամբ։

Սննդի համաշխարհային օրվա տոնակատարությունն ընթացավ մի շարք դինամիկ միջոցառումներով, որոնց նպատակն էր խթանել ստեղծարարությունը և ընդգծել տեղական նախաձեռնությունները:

Մինաս Ավետիսյանի անվան գեղարվեստի դպրոցի 8-ից 14 տարեկան սաները ներկայացրեցին նկարների միջոցով Պարենի համաշխարհային օրվա թեման՝ շեշտադրելով պարենի և մշակույթի փոխգործակցությունը:

Caption: Երիտասարդ նկարիչներն իրենց ստեղծագործական գործունեության համար արժանացան մասնակցության վկայականների և ստացան հատուկ նվերներ
Photo: © FAO

Միևնույն ժամանակ, գյուղատնտեսական արտադրանքի ցուցադրությունը հնարավորություն ընձեռեց ծանոթանալ տեղական գյուղատնտեսական ապրանքներին և նորարարություններին:

Ցուցահանդեսի մասնակիցները ցուցադրեցին մթերքների բազմազան տեսականի՝ համեղ մեղր, չրերի լայն ընտրանի, գինի և թարմ բանջարեղեն: Այս ցուցադրությունը մասնակիցներին հնարավորություն ընձեռեց անմիջականորեն շփվել արտադրողների հետ, պատկերացում կազմել ագրոպարենային պրակտիկայի մասին և ծանոթանալ միջոցառմանը ներկա ֆերմերներին և ձեռնարկատերերին աջակցող նախաձեռնություններին:

UN entities involved in this initiative

ՊԳԿ
Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն
ՊՀԾ
Պարենի համաշխարհային ծրագիր

Goals we are supporting through this initiative