Ճանաչողական այցեր որակի ենթակառուցվածքային հաստատություններ և չափագիտության միջազգային կազմակերպություններ
08 July 2024
ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպությունը (ՄԱԱԶԿ) Հայաստանի որակի ենթակառուցվածքի ոլորտի աշխատակիցների համար կազմակերպեց ճանաչողական այց
ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպությունը (ՄԱԱԶԿ) Հայաստանի որակի ենթակառուցվածքի ոլորտի աշխատակիցների համար ճանաչողական այց կազմակերպեց ԵՄ-ի որակի ենթակառուցվածքային հաստատություններ Բրյուսելում և չափագիտության միջազգային կազմակերպություններ Փարիզում:
Այցն իրականացվեց ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Աջակցություն որակի ենթակառուցվածքին Հայաստանում» ծրագրի շրջանակում և նպատակ ուներ պատվիրակության անդամներին ծանոթացնել ԵՄ-ի որակի ենթակառուցվածքին և չափագիտության միջազգային համակարգին:
Բրյուսելում հայկական պատվիրակությունը այցելեց որակի ստանդարտների սահմանմամբ ու վերահսկողությամբ զբաղվող բելգիական կառավարական գործակալություն՝ FOD Economie։
Պատվիրակությունը հանդիպեց նաև Օրենսդրական չափագիտության եվրոպական ասոցիացիայի (WELMEC) ներկայացուցիչներին և ծանոթացավ եվրոպական երկրների օրենսդրական չափագիտության կարգավորումների ներդաշնակեցմանը:
Չափագիտության ինստիտուտների եվրոպական ասոցիացիայում (EURAMET) պատվիրակության ներկայացուցիչներին ներկայացվեց ազգային չափագիտության ինստիտուտների միջև համագործակցությունն ու չափումների միասնական համակարգի մշակումը։
Պատվիրակությունը նաև հանդիպեց Եվրոպական միությունում ՄԱԱԶԿ ներկայացուցչի հետ՝ քննարկելու երկու կառույցների միջև համագործակցությունը։
Փարիզում հայկական պատվիրակությունն այցելեց Չափերի և կշիռների միջազգային բյուրո (BIPM)։ Պատվիրակությունը հյուրընկալվեց նաև Չափագիտության և փորձարկման ազգային լաբորատորիայի (LNE) կողմից, հանդիպում կազմակերպվեց օրենսդրական չափագիտության միջազգային կազմակերպությունում (OIML), որտեղ քննարկվեցին տարբեր ընթացակարգեր ու Հայաստանի հնարավոր անդամակցության առավելությունները:
Այցերն ավարտվեցին նորագույն լաբորատորիաների շրջայցով, որտեղ ցուցադրվեցին տրամաչափման և չափումների աշխատանքներ: