Press Release

Հայաստանը վերականգնում է հողի առողջությունը՝ գյուղատնտեսության վերակարբոնացման միջոցով

28 June 2024

Երևան, Հայաստան – 28 հունիսի, 2024թ. – Նպաստելով հողի դեգրադացիայի դեմ պայքարին և գյուղատնտեսության կայունության բարձրացմանը՝ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) Հողի գլոբալ գործընկերությունը (ՀԳԳ/GSP) մեկնարկել է «Հայաստանում գյուղատնտեսական հողերի վերահարստացումն օրգանական ածխածնով» (RECSOIL) նախաձեռնությունը։

Caption: «Հայաստանում գյուղատնտեսական հողերի վերահարստացումն օրգանական ածխածնով» (RECSOIL) նախաձեռնության մեկնարկային աշխատաժողովի մասնակիցները
Photo: © FAO

RECSOIL նախաձեռնությունը նպատակ ունի լուծել հողի դեգրադացիայի հրատապ խնդիրը, որը նկարագրված է ՊԳԿ-ի 2015 թվականի Հողի համաշխարհային ռեսուրսների կարգավիճակի մասին զեկույցում, ուր ասվում է, որ աշխարհի հողերի մոտ 33 տոկոսը դեգրադացված է կառավարման ոչ կայուն մեթոդների/եղանակների կիրառման, էրոզիայի, աղակալման, հողերի թթվայնացման և քիմիական աղտոտման պատճառով։

Հաշվարկվել է, որ աշխարհի վարելահողերից տարեկան 75 միլիարդ տոննա հողի կորուստը հավասարազոր է մոտ 400 միլիարդ դոլար արժողությամբ գյուղանտնտեսական արտադրանքի կորստին։

RECSOIL նախաձեռնության միջոցով ՀԳԳ-ն ձգտում է հզորացնել հայ ֆերմերների կարողությունները՝ իրականացնելու հողի կայուն կառավարման պրակտիկա:

Եվրոպական հանձնաժողովի ֆինանսական աջակցությամբ, որն արտացոլում է կայուն գյուղատնտեսության և հողի առողջության նկատմամբ ԵՄ-ի հանձնառությունը, ՊԳԿ-ն հյուրընկալեց շահագրգիռ կողմերի մասնակցությամբ աշխատաժողով, որը վարում էր Միքայելա Բրաունը՝ ՊԳԿ-ի հողային և ջրային ռեսուրսների բաժնի հողերի և կլիմայի փոփոխության մասնագետը:

Աշխատաժողովը մեկնարկեց ՊԳԿ-ի ծրագրերի համակարգող տիկին Բոտագոզ Նարտաևայի ողջույնի խոսքով, որը նշեց, որ գյուղատնտեսությունը չպետք է դեգրադացնի հողերը, հակառակը՝ կլիմայի փոփոխություններին հարմարվող «խելացի» գյուղատնտեսությունը կարող է նպաստել հողի սննդանյութերի վերականգմանն ու ջրի պահպանմանը և կանխել հողի էրոզիան։ «Այս նախաձեռնությունը խթանում է հենց դա՝ կայուն գյուղատնտեսությունը, որը երկարատև ազդեցություն կունենա Հայաստանի գյուղատնտեսական լանդշաֆտի վրա», - նշեց տիկին Նարտաևան:

Տիկին Բոտագոզ Նարտաևայի ելույթին հաջորդեց ՀՀ Էկոնոմիկայի նախարարության բուսաբուծության վարչության պետ տիկին Վարսիկ Մարտիրոսյանը, որը շեշտեց, - «Հաշվի առնելով հողային ռեսուրսների պահպանման կարևորությունը և կլիմայի փոփոխության պայմաններում հարմարվողականության քաղաքականությունը, այս նախագիծը շատ կարևոր է Հայաստանի համար։ Այն հնարավորություն կտա հողօգտագործողներին արդյունավետ և արդիական տեխնոլոգիաների կիրառման միջոցով պահպանել և բարելավել հողային ռեսուրսները։ Այս ծրագիրը նույնպես կնպաստի ոլորտում ներգրավված կառույցների կարողությունների զարգացմանը»:

Աշխատաժողովը համախմբել էր պետական պաշտոնյաների, գիտական և գյուղատնտեսության ու բույսերի պաշտպանության ոլորտներում ներգրավված տարբեր կառույցներից ներկայացուցիչների՝ նախաձեռնության նպատակները ազգային առաջնահերթություններին համապատասխանեցնելու և նման կարևոր նախաձեռնության իրականացման ուղի սահմանելու համար:

Հայաստանի պետական կառույցների, գյուղացիական ասոցիացիաների և ակադեմիական հաստատությունների հետ համագործակցության միջոցով RECSOIL նախաձեռնությունը նպատակ ունի տեղական համայնքներին տրամադրել գիտելիք ու ռեսուրս՝ կայուն կերպով բարելավելու հողի առողջությունը:

Աշխատաժողովի ընթացքում շուրջ 40 մասնակցի ներկայացվեց RECSOIL-ի մոտեցումն ու ծրագրում ընդգրկված բնակավայրերի ընտրությունը, ծրագրի գործողություններն ու տվյալների հավաքագրման մեթոդաբանությունը։ Մասնակիցները ծանոթացան միջազգային փորձին ու քննարկեցին հնարավոր մարտահրավերները։

Anna Poghosyan

Anna Poghosyan

FAO
National Communications Specialist

UN entities involved in this initiative

ՊԳԿ
Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն

Goals we are supporting through this initiative