Press Release

ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունը, Եվրոպական միությունը և Հայաստանը համատեղ նշեցին Հավատարմագրման համաշխարհային օրը

11 June 2024

11-ը հունիսի, Երևան, Հայաստան – ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունը (ՄԱԱԶԿ), Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը (ԵՄ) և «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ն (ԱՐՄՆԱԲ) համատեղ նշեցին Հավատարմագրման համաշխարհային օրը: Հավատարմագրման համաշխարհային օրվա ամենամյա միջոցառումը նշվում է 2008 թվականի հունիս 9-ից ի վեր` Հավատարմագրման միջազգային ֆորումի (ՀՄՖ) և Լաբորատորիաների միջազգային հավատարմագրման համագործակցության (ԼՄՀՀ) նախաձեռնությամբ:

2024 թվականի Հավատարմագրման համաշխարհային օրվա խորագիրը` «Հավատարմագրում. հզորացնել վաղվա օրը և ձևավորել ապագան», ընդգծում է հավատարմագրման կարևոր դերը նոր տեխնոլոգիաների, թվայացման և կայունության նկատմամբ սպառողների վստահությունն ապահովելու համար։

Caption: 2024 թվականի Հավատարմագրման համաշխարհային օրը
Photo: © UNIDO

Միջոցառումը համախմբել էր տարբեր շահագրգիռ կողմերի` տեխնիկական կանոնակարգման կարգավորող մարմինների, որակի ենթակառուցվածքի հաստատությունների, համապատասխանության գնահատման հավատարմագրված մարմինների (ՀԳՄ-ներ), բիզնես ոլորտի ներկայացուցիչներին, ինչպես նաև ԱՐՄՆԱԲ-ի հաճախորդներին ու պոտենցիալ հաճախորդներին: Հայաստանում համապատասխանության գնահատման մարմիններին հավատարմագրման ծառայություններ մատուցող միակ մարմինը ԱՐՄՆԱԲ-ն է, որն ապահովում է հավատարմագրման գործընթացի իրականացումը միջազգային ստանդարտներով սահմանված պահանջներին համապատասխան:

«Հավատարմագրումը շատ կարևոր է, քանի որ այն օգնում է ամրապնդելու վստահությունը պետական հատվածի և սպառողների միջև: Այն շահավետ է նաև մասնավոր հատվածի համար, որը ձգտում է բարելավել իր գործունեության որակը, գործընթացները և ենթակառուցվածքը և որին անհրաժեշտ է հավատարմագրման վստահելի կառույց: Հայաստանում այդ կառույցը ԱՐՄՆԱԲ-ն է: Եվրոպական միությունը շարունակելու է իր աջակցությունը Հայաստանի որակի ենթակառուցվածքին մեր գործընկերների հետ համատեղ», իր ողջույնի խոսքում նշեց Հայաստանում ԵՄ պատվիրակության hամագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը: 

Caption: Հայաստանում ԵՄ պատվիրակության hամագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսս
Photo: © UNIDO

«Հավատարմագրումը և համապատասխանության գնահատումն ապահովում են ապրանքների, ծառայությունների համապատասխանությունը որակի, անվտանգության և արժանահավատության խիստ չափանիշներին: Համապատասխանությունն այդ չափանիշներին առանցքային նշանակություն ունի նորարարությունների, տնտեսական բարգավաճման ու կայուն զարգացման համար: Այսօր, երբ նշվում է Հավատարմագրման համաշխարհային օրը, կոչ եմ անում բոլորին ճանաչել և գնահատել հավատարմագրման և համապատասխանության գնահատման գործընթացում բոլոր ներգրավվածների ջանքերը:», նշեց Որակի ենթակառուցվածքների զարգացման վարչություն պետի ժ/պ Արաքս Կուրղինյանը:

Հավատարմագրման ազգային մարմնի տնօրեն Անի Օբոսյանը ներկայացրեց հավատարմագրման դերը որակի ենթակառուցվածքում` անդրադառնալով ներկա վիճակին, օրենսդրական հարցերին և կանոնակարգերին: Օբոսյանը նշեց, որ մինչ այժմ ԱՐՄՆԱԲ-ի կողմից հավատարմագրվել է 86 փորձարկման, տրամաչափարկման լաբորատորիա, ինչպես նաև արտադրանքի, կառավարման համակարգերի, ֆիզիկական անձանց սերտիֆիկացման, հսկողություն իրականացնող մարմիններ, որակավորման ստուգում իրականացնողներ: Վերջիններիս կողմից տրված համապատասխանության գնահատման փաստաթղթերը հնարավորություն են տալիս ապահովելու արտադրանքի շուկայահանումը և ծառայությունների մատուցումը ՀՀ տարածքում և միջազգային շուկաներում:

Caption: Հավատարմագրման ազգային մարմնի տնօրեն Անի Օբոսյան
Photo: © UNIDO

Միջոցառման ժամանակ զեկուցողները, այդ թվում նաև Վրաստանի և Հունաստանի հավատարմագրման ազգային մարմիններից հրավիրված գործընկերները, ընդգծեցին, որ ազգային և միջազգային չափանիշների կիրառումը արժանահավատ կդարձնի փորձարկումների արդյունքները, ստուգումների հաշվետվությունները և սերտիֆիկացման գործընթացը կարգավորող պետական մարմինների, գործարար շրջանակների և հասարակության համար:

Հավատարմագրման համաշխարհային օրվան նվիրված միջոցառման կազմակերպմանը մասնակցել է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Աջակցություն որակի ենթակառուցվածքին Հայաստանում» ծրագիրը: Ծրագրի նպատակն է զարգացնել Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի (ՍՉԱՄ) կողմից կայուն ու միջազգայնորեն ճանաչված չափագիտական ծառայություններ մատուցելու կարողությունները: Այս նախաձեռնությունը համահունչ է ԵՄ-ի «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին»՝ նպաստելով առևտրի մրցունակության բարձրացմանը ու դրան առնչվող արդյունքների լավացմանը:

 

Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել 

Ծրագրի ղեկավար Ցոնգ Վուին` C.WU@unido.org 

Ազգային ծրագրերի համակարգող Մանե Թափալցյա

Mane Tapaltsyan

UNIDO
National Project Coordinator, EU/UNIDO “Support to Quality Infrastructure” Project

UN entities involved in this initiative

ՄԱԱԶԿ
ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպություն

Goals we are supporting through this initiative