Գրեթե 400 միլիոն մանկահասակ երեխա ամբողջ աշխարհում տանը պարբերաբար ենթարկվում է դաստիարակության բռնի մեթոդների
11 June 2024
Նոր տվյալները նաև ցույց են տալիս, որ մանկահասակ շատ երեխաներ զրկված են խաղից, զարգացումը խթանող զբաղմունքներից և իրենց ծնողների ու խնամակալների հետ շփումից
ՆՅՈՒ ՅՈՐՔ, 11 հունիսի 2024 թ. — Համաձայն ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր գնահատականների՝ աշխարհում 5 տարեկանից ցածր գրեթե 400 միլիոն երեխա, կամ այդ տարիքային խմբի 10 երեխայից 6-ը, տանը պարբերաբար ենթարկվում է հոգեբանական ագրեսիայի կամ ֆիզիկական պատժի։ Նրանցից մոտ 330 միլիոնը պատժվում են ֆիզիկական մեթոդներով։
Տվյալները նաև ընդգծում են խաղի կարևոր դերը երեխաների զարգացման և երեխաների, ծնողների ու խնամակալների հոգեկան առողջության համար՝ ի պատասխան այն տվյալների, որոնք ցույց են տալիս ոչ համարժեք ծնողավարության, այդ թվում՝ տանը շփումների ու զարգացումը խթանող զբաղմունքների գերակայություն:
«Երբ երեխաները տանը ֆիզիկական կամ խոսքային բռնության են ենթարկվում կամ երբ նրանք զրկվում են իրենց սիրելիների սոցիալական և էմոցիոնալ հոգատարությունից, կարող է խաթարվել նրանց ինքնագնահատականն ու զարգացումը», - նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Քեթրին Ռասըլը: «Զարգացնող և խաղով լի ծնողավարումը կարող է ուրախություն պատճառել, ինչպես նաև՝ օգնել երեխաներին իրենց զգալ ապահով, սովորել, զարգացնել հմտություններ և ճիշտ կողմնորոշվել իրենց շրջապատող աշխարհում»:
Ավելի ու ավելի շատ երկրներ են սկսել արգելել տանը երեխաների նկատմամբ կիրառվող ֆիզիկական պատիժը: 66 երկրների կեսից ավելին, որոնք արգելել են այս պրակտիկան, վերջին 15 տարիների ընթացքում համապատասխան օրենսդրություն են ընդունել, սակայն դեռևս 5 տարեկանից ցածր գրեթե կես միլիարդ երեխա այդ առումով դեռ առանց համապատասխան իրավական պաշտպանության է:
Համաձայն տվյալների՝ համաշխարհային մասշտաբով երեխաների դաստիարակության բռնի մեթոդների հիմքում ընկած վնասակար սոցիալական նորմերը պահպանվում են, և յուրաքանչյուր 4 մայրերից և խնամակալներից 1-ից մի փոքր ավելին նշում է, որ ֆիզիկական պատիժը անհրաժեշտ է երեխաներին ճիշտ դաստիարակելու և կրթելու համար:
Տվյալները, որոնք հրապարակվել են առաջին անգամ նշվող Խաղի միջազգային օրվա կապակցությամբ, նաև ընդգծում են խնամքի տրամադրման ձևերի և խաղի հնարավորությունների հասանելիության անհավասարությունը: Օրինակ, նոր գնահատականները փաստում են, որ 2-4 տարեկան 10 երեխաներից գրեթե 4-ը տանը չունի անհրաժեշտ փոխադարձ շփումներ կամ զարգացնող միջավայր, ինչը նշանակում է, որ երեխաները կարող են իրենց անտեսված, մեկուսացված ու անապահով զգալ և վարքային խնդիրներ ունենալ, որոնք կարող են պահպանվել մինչև չափահաս տարիք:
Միևնույն ժամանակ, 10-ից 1-ը բաց է թողնում իր խնամակալների հետ այնպիսի զբաղմունքներ, որոնք կարևոր են ճանաչողական, սոցիալական և զգացմունքային զարգացման խթանման համար, ինչպիսիք են, օրինակ, ընթերցանությունը, հեքիաթներ պատմելը, երգելը և նկարելը:
Տվյալները նաև ցույց են տալիս, որ 2-4 տարեկան յուրաքանչյուր 5 երեխայից 1-ը տանը չի խաղում իր խնամակալների հետ, մինչդեռ 5 տարեկանից փոքր 8 երեխայից 1-ը տանը խաղեր կամ խաղալիքներ չունի:
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ապացուցահեն ծնողավարման ծրագրերը բարելավում են երեխաների խնամքին ուղղված ձևերը, նվազեցնում են ընտանեկան բռնությունն ու բացասական վերաբերմունքը և բարելավում երեխաների և ծնողների հոգեկան առողջությունը: Այս ծրագրերը ներառում են դրական մոտեցումների ուսուցում (քոուչինգ), ծնող-երեխա ամուր հարաբերությունների կառուցում և խաղերի կարևորության գիտակցում, ոչ բռնի ծնողավարություն և շփում:
Որպեսզի յուրաքանչյուր երեխա մեծանա իրեն ապահով և սիրված զգալով, ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում կառավարություններին ուժեղացնել ջանքերն ու ներդրումներ կատարել հօգուտ հետևյալի.
· Պաշտպանություն. այնպիսի օրենսդրական և քաղաքականության շրջանակների ամրապնդում, որոնք արգելում և վերջ են դնում տանը երեխաների նկատմամ բռնության բոլոր ձևերին,
· Ծնողավարման աջակցություն. ապացուցահեն ծնողական ծրագրերի ընդլայնում, որոնք խթանում են դրական, խաղային մոտեցումները և կանխում են ընտանեկան բռնությունը,
· Խաղերով ուսուցում. երեխաների համար ուսումնական և խաղային վայրերի հասանելիության ընդլայնում, այդ թվում՝ նախակրթարաններ, դպրոցներ և խաղահրապարակներ:
«Առաջին անգամ նշվող Խաղի միջազգային օրը մենք պետք է համախմբվենք և վերստին պարտավորվենք վերջ դնել երեխաների նկատմամբ բռնությանը և խթանել դրական, զարգացնող և խաղով լի ծնողավարումը», - ավելացրել է Ռասըլը: