Վերջին հրապարակումները
Մամուլի հաղորդագրություն
23 սեպտեմբերի 2021
Երեխաների սննդակարգը վերջին տասնամյակի ընթացքում չի բարելավվել և կարող է «վատթարանալ» ՔՈՎԻԴ-19-ի պայմաններում. ՅՈՒՆԻՍԵՖ
Ավելին
Մամուլի հաղորդագրություն
22 սեպտեմբերի 2021
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը, «Ճյուղային սննդի ինստիտուտ»-ի հետ համատեղ, կազմակերպել է «Արփի համայնքի զարգացման ծրագրի» բացման արարողությունը
Ավելին
Ելույթ
20 սեպտեմբերի 2021
ՄԱԿ-ի մշտական համակարգողի շնորհավորական ուղերձը՝ Հայաստանի Անկախության տոնին ընդառաջ
Ավելին
Վերջին հրապարակումները
Կայուն զարգացման նպատակները Հայաստանում
Կայուն զարգացման նպատակները համաշխարհային կոչ են՝ վերացնելու աղքատությունը, պաշտպանելու շրջակա միջավայրը և կլիման, ինչպես նաև՝ ապահովելու, որ աշխարհում բոլոր մարդիկ ապրեն խաղաղ և բարեկեցիկ կյանքով։ Ստորև ներկայացված են այն նպատակները, որոնց ուղղությամբ Հայաստանում ՄԱԿ-ի թիմն աշխատում է՝
Պատմություն
16 օգոստոսի 2021
Մեկնարկեց «Խնամել առանց վնասի» 6-օրյա կրթական ճամբարը` տարեցներին խնամողների համար
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը, Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիայի հետ միասին, մեկնարկեց «Խնամել առանց վնասի» (Caring without Hurting” EduCamp for the Carestaff of Nursing Homes) կրթական ճամբարը, որը վեց օր շարունակ միավորելու է ՀՀ տուն-ինտերնատներում և տարեցների շուրջօրյա խնամքի կենտրոններում տարեցների հետ աշխատող մասնագետներին։
Այն մի յուրօրինակ ծրագիր է, որի նպատակը ոչ միայն տարեցների հետ աշխատող մասնագետների՝ բուժքույրների, մայրապետների, խնամողների, հմտությունների զարգացումն է և գիտելիքների հարստացումը, այլև՝ հենց նրանց մասին հոգ տանելը. չէ՞ որ խնամողի աշխատանքը ամենից ռիսկային և հուզական սպառվածության հանգեցնողներից է։
Վեցօրյա ճամբարը հրաշալի հարթակ կծառայի նաև փորձի փոխանակման, նոր ծանոթությունների և մասնագիտությանն այլ տեսանկյունից նայելու, վերարժևորելու համար։ Անդրադառնալու ենք գերիատրիայի, գերոնտոլոգիայի, ծերության վերաբերյալ մեր դիրքորոշումների, առողջական տարածված խնդիրների, դրանց դեպքում գրագետ խնամքի և շատ ու շատ կարևոր այլ թեմաների՝ նպաստելով առօրյա դարձած աշխատանքն ավելի արդյունավետ ու գրագետ անելուն։
1 of 5
Պատմություն
04 օգոստոսի 2021
Սմարթֆոնների համար նախատեսված «MigApp» հավելվածի թարմացված տարբերակն արդեն հասանելի է ներբեռնման համար
Հավելվածը բազմալեզու գլոբալ առցանց հարթակ է, որի օգնությամբ միգրանտները կարող են տեղեկատվություն ստանալ այն երկրների մասին, որոնք նրանք մտադիր են այցելել կամ որոնցում մտադիր են բնակվել։
Հավելվածը հասանելի է Google Play-ում և AppStore-ում: Հավելվածն անվճար է և միտված է միգրանտներին տրամադրել երկրի միգրացիոն ծառայությունների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն և ապահովել նրանց տեղեկացված տեղաշարժը ճանապարհորդությունների ընթացքում։
Այն միգրանտներին հնարավորություն է տալիս արագ, հեշտ և տեղեկացված որոշում կայացնել՝ տրամադրելով անվտանգ և վստահելի տեղեկատվություն միգրացիայի՝ այդ թվում բժշկական ծառայությունների, երկրի հատուկ տվյալների, տարատեսակ կոնտակտային տվյալների, կամավոր վերադարձի մանրամասների վերաբերյալ։
Հավելվածը մշակվել է ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) կողմից՝ Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության աջակցությամբ` Հայաստանում և Վրաստանում միգրանտների իրավունքների բարելավմանը և արդյունավետ կառավարմանը ուղղված ծրագրի շրջանակում:
Ներբեռնեք հավելվածը GooglePlay-ից կամ AppStore-ից։
1 of 5
Պատմություն
16 հուլիսի 2021
«Միգրացիայի ինտեգրումը Երկրի ընդհանուր վերլուծության և ՄԱԿ-ի Կայուն զարգացման գործընկերության շրջանակի համատեքստում» թեմայով իրականացված վերապատրաստում
Ի շարունակություն 2021թ հունիսին Հայաստանում ՄԱԿ-ի Միգրացիոն ցանցի պաշտոնական գործարկմանը՝ Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) հայաստանյան առաքելությունը ՄԱԿ-ի Միգրացիոն ցանցի ՄՄԿ-ի և ՄԱԿ-ի Զարգազման ծրագրի (ՄԱԶԾ)-ի կողմից ղեկավարվող թիվ 2.1 աշխատանքային խմբի շրջանակում իրականացրեց «Միգրացիայի ինտեգրումը Երկրի ընդհանուր վերլուծության և ՄԱԿ-ի Կայուն զարգացման գործընկերության շրջանակի համատեքստում» թեմայով վերապատրաստում` նախատեսված Հայաստանում և Վրաստանում գործող ՄԱԿ-ի գործակալությունների աշխատակիցների համար։
Արարողությանը բացման խոսքով հանդես եկավ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող և Հայաստանում ՄԱԿ-ի Միգրացիոն ցանցի համանախագահ պրն. Շոմբի Շարփը՝ նշելով միգրացիայի կարևորությունը՝ ՄԱԿ-ի 2030 զարգացման օրակարգի իրականացման համատեքստում և ավելացնելով, որ միգրացիան անմիջականորեն կապված է Կայուն զարգացման բոլոր 17 նպատակների և դրանց թիրախների հետ, ինչը նշանակում է, որ 2030-ի օրակարգը անհնար կլինի իրականացնել՝ առանց հաշվի առնելու միգրանտներին և առհասարակ շարժունակությունը:
Վերապատրաստմանը ներկա եղան Հայաստանի և Վրաստանի ՄԱԿ-ի Միգրացիոն ցանցի անդամ գործակալությանների ներկայացուցիչներ, այդ թվում ` ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունը, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը, ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակը, Աշխատանքի միջազգային կազմակերպությունը, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի համատեղ ծրագիրը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը, Միգրացիայի միջազգային կազմակերպությունը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը, ՄԱԿ Կանայք և Ժնևի միջազգային քննարկումների ներկայացուցչությունը։
Վերապատրաստումն ընդգրկել էր 3 հիմնական ուղղվածություն․ Միգրացիայի գլոբալ համաձայնագիրը և 2030 օրակարգը, ընդհանուր երկրի վերլուծությունը և ՄԱԿ-ի Կայուն զարգացման գործընկերության շրջանակը, գործընկերությունը, մշտադիտարկումը, հաշվետվությունն ու դրամահավաքը:
Հաշվի առնելով դասընթացի յուրահատուկ ուսումնառության նպատակները՝ ՄԱԿ-ի ներկայացուցչական թիմերը և այլ շահագրգիռ կողմերը տեղեկացան այն մասին, թե ինչպես համակարգված կերպով ինտեգրել միգրացիան ՄԱԿ-ի Կայուն զարգազման գործընկերության շրջանակներում և դրան ուղեկցող Երկրների Ընդհանուր Վերլուծություններում, ավելին՝ թե ինչպես է միգրացիայի ինտեգրումը Գործընկերության շրջանակներում նպաստում ՄԱԿ-ի անվտանգ, կանոնավոր և համակարգված միգրացիայի մասին գլոբալ համաձայնագրին և ինչպես է այն իր հերթին նպաստում Կայուն զարգացման նպատակների իրականացմանը:
Այս մեկօրյա հանդիպման ընթացքում Հայաստանի և Վրաստանի մասնակիցները ստեղծեցին աշխատանքային խմբեր, որպեսզի փորձարկեն, թե ինչպես ՄԱԿ-ի Գլոբալ համաձայնագրի նպատակներն ու առաջնորդող սկզբունքները կարող են նպաստել Կայուն զարգացման նպատակների առաջընթացին և օպտիմալացնել վերջիններիս շրջանակում միգրացիայի ինտեգրման արդյունավետությունը։
1 of 5
Պատմություն
01 հուլիսի 2021
Արման Թաթոյան. «Մեր իրավունքն է ապրել բռնությունից զերծ հասարակությունում»
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվում են գանգատներ, բողոքներ, որոնք ակնհայտ ունենում են նաեւ ճակատագրական նշանակություն մարդու կյանքի համար։ Առավելեւս էլ չեմ խոսում կնոջ, երեխայի մասին, ում իրավունքների պաշտպանությունից է հաճախ կախված նաեւ նրա համար ճակատագրական նշանակություն ունեցող հարցերը։
Այդպիսի դեպքերից մեկով մեզ էր դիմել 20-ամյա մի աղջկա հորաքույրը և տեղեկացրել, որ եղբոր դուստրը գտնվում է հոգեբուժարանում, և նրան անհիմն կերպով թույլ չեն տալիս վերադառնալ տուն։ Սա մեզ համար կարևոր ազդակ էր, որ սկսեինք ուսումնասիրություն և իհարկե անհապաղ այց իրականացնել այդ հոգեբուժական հաստատություն։ Մինչ այդ մեզ հորաքույրը աղջկա տեղեկացրել էր, որ քանիցս այցելել է այդ հոգեբուժական հաստատություն, սակայն նրանից պահանջում են, որ աղջկա ծնողները ներկայանան, ավելին, հիմքեր չկան նրան բաց թողնելու համար։ Իսկ ծնողները, ըստ հորաքրոջ, չէին գտնվում Հայաստանի Հանրապետությունում։
Մեր այցը և իրականացված ուսումնասիրությունները, արագ արձագանքման առանձնազրույցները ակնհայտորեն մի պատկեր ցույց տվեցին, որը կարող էր պետական մարմինների, պաշտոնյաների ոչ բարեխիղճ աշխատանքի, ոչ կոմպետենտ աշխատանքի պատճառով ճակատագրական նշանակություն ունենար այդ աղջկա համար։ Մենք այցի արդյունքներով ուսումնասիրություններով պարզեցինք, որ խոսքը գնում է 20-ամյա մի աղջկա մասին, ում ամուսինը պարբերաբար ենթարկում էր բռնության, ծեծի, հոգեբանական բռնության, նաև նրան ընտանիքի անդամներն էին ենթարկում հոգեբանական բռնության, և նա մի օր որոշել էր վերջ տալ իր կյանքին։
Նա գնում է Երևանի կամուրջներից մեկի մոտ՝ մտադրվելով ցած նետվել այդ կամրջից։ Վերջին պահին հրաժարվում է մտադրությունից և զանգահարում է ոստիկանություն։ Ոստիկանությունը ժամանում է այդ վայր՝ որտեղից նա ցանկանում էր ցած նետվել, և նրան տեղափոխում է ոստիկանության բաժին։ Ոստիկանության բաժնում աղջկան ընդունում է հետաքննիչը և տեղեկանալով, որ նա ունի հոգեբանական աջակցության կարիք, հոգեճնշված վիճակում է գտնվում, չգիտես ինչ պատճառներով զանգահարում է շտապօգնության բժշկական ծառայություն։ Շտապօգնության ծառայությունը ժամանում է ոստիկանության բաժին և աղջկան դարձյալ էլի անհայտ պատճառներով տեղափոխում է հոգեբուժարան։
Հոգեբուժարանում արդեն նրան պարտադրում են ինչ-որ փաստաթուղթ ստորագրել։ Հետագայում մենք պարզեցինք, որ այդ փաստաթուղթը պարզապես օգտվելով աղջկա չգիտակցելու հնարավորությունից, հոգեճնշված վիճակից, պարզապես համաձայնություն էր, որ նրա նկատմամբ իրականացնեն բուժում։ Աղջիկը ստորագրում է այդ փաստաթուղթը և հաջորդ օրը իհարկե սկսում է գիտակցել, թե ինչ է իր հետ տեղի ունենում, ինչ վիճակում է հայտնվել, և պահանջում է, որ իրեն ազատ արձակեն։ Նույնիսկ գրավոր է պահանջում, նույնիսկ բանավոր է նաև սկսում պահանջել, բայց շարունակաբար հոգեբուժարանը հրաժարվում է նրան ազատ արձակելուց։ Իհարկե ակնհայտ էր, որ այստեղ չկային այլևս որևէ իրավական հիմքեր աղջկան պահելու, որովհետև ինչպես մենք հետագայում պարզեցինք, նա չափահաս էր, նա գործունակ էր, հետևաբար նրան որևէ հիմք չկար ոչ հոժարակամ բուժում իրականացնելու։ Ավելին ասեմ, նրա այդպիսի համաձայնության բացակայության պայմաններում արդեն սկսել էին ներարկել հոգեբուժական նշանակության դեղեր։
Ընդ որում, ասեմ ձեզ, որ սրանով աղջկա պատմությունն իհարկե չէր սահամանփակվել։ Նախ մենք պահանջեցինք, և նրան բաց թողեցին հոգեբուժական կազմակերպությունից, բայց դրանից հետո նրան ընտանիքում կրկնակի անգամ ևս սկսել էին ճնշման ենթարկել՝ պատճառաբանելով, որ նա հոգեկան հիվանդություն ունեցող մարդ է, շատ կներեք այդ բառի համար՝ «գիժ» է, և էլ ավելի պախարակել, էլ ավելի խարանի ենթարկել։
Դրանից հետո մեզանից իհարկե մեր դիմողը՝ աղջիկը, խնդրել էր հատուկ փաստաթուղթ, հավաստելու համար, որ ինքն իրականում չունի հոգեբուժական հիվանդություն, ավելի ճիշտ որ նրան տեղափոխել էին հոգեբուժական կազմակերպություն ոչ թե այն պատճառով, որ նա հոգեկան խանգարումներ ունի, այլ որ նա ապօրինի է հայտնվել այդտեղ։ Մենք իհարկե մեր իրավասության սահմաններում տրամադրեցինք այդ փաստաթուղթը նրան, բայց դարձյալ սրանով խնդիրը չէր սահմանափակվել։
Աղջկան շարունակել էր զանգահարել ոստիկանության այն ծառայողը, որը պարտավոր էր նրան աջակցել, և սկսել առաջարկել հանդիպել, կամ այլ կերպ ասած՝ սիրահետում էր նրան։ Դա էլ իհարկե ապօրինի էր որովհետև աղջիկը վախեցել էր, մեզ դիմեց այդ հարցով, մենք արագ միջամտեցինք։
Եվ այս գործի ուսումնասիրության արդյունքում մենք պարզեցինք, որ խնդիրներն ունեն թե օրենսդրական, թե պրակտիկ նշանակություն։ Կոնկրետ իրավիճակում ակնհայտ էր, որ աղջիկը հայտնվել էր այս վիճակում և կրկնակի զոհացման էր ենթարկվել այն պատճառով, որ նախ և առաջ մենք չունենք այս ոլորտում օրենսդրություն, որը կարող է այդ ամենը ապահովել։
Դրանից բացի, մեր պաշտոնյաները, համապատասխան պետական մարմինների աշխատակիցները չունեն բավարար կոմպետենտություն։ Նրանց միջև չկա համագործակցություն – սա նույնպես կարևոր է։ Օրինակ՝ հարց էր առաջանում՝ ինչու էր ոստիկանության ծառայողը կանչում շտապօգնության ծառայություն, և շտապօգնության ծառայությունը ինչու էր նրան տեղափոխում հոգեբուժարան, և հոգեբուժարանը ինչու էր անմիջապես կորզում նրանից, թույլ տվեք ասել, այդ համաձայնությունը՝ առանց պարզելու, օրինակ, հոգեբանական աջակցության միգուցե անհրաժեշտությունը, նյութական աջակցության անհրաժեշտությունը։ Միգուցե աղջիկը երեխաներ ուներ՝ մանկահաակ երեխաներ, ովքեր մնացել էին առանց ծնողական խնամքի։ Այլ միանգամից նրան անմիջապես ենթարկել էին հոգեբուժական կազմակերպությունում բուժման։ Դարձյալ նշում եմ՝ իրավական առումով թեև պարտադրել էին նրան տալ համաձայնություն, բայց ըստ էության ստացվել էր, որ այդ համաձայնությունը բացակայում էր, և ստացվել էր, որ այս ամենի պատճառով նրա իրավունքների պաշտպանության փոխարեն լրացուցիչ խախտել էին նրա իրավունքները՝ ապօրինի ազատությունից զրկելով, կրկնակի զոհացման ենթարկելով, նույնիսկ էլ չասեմ, որ հետագայում ոստիկանության ծառայողների անբարեխիղճ գործողությունների մասին։
Իհարկե մենք այս ամենի արդյունքում միջնորդություններ ներկայացրեցինք քրեական գործ հարուցելու հետ կապված։ Մեր միջնորդության հիման վրա առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը խախտումներ հայտնաբերեց բազմաթիվ, և դրա հիման վրա հանձնարարականներ տրամադրեցին և այլն, և մենք հիմա շարունակաբար պայքարում ենք դրա դեմ։ Բայց այս ամենը ևս մեկ կարևոր նշանակության դաս պետք է լինի բոլորի համար՝ հասկանալու, պատկերացնելու համար, որ մենք պետք է ունենանք այս ոլորտում հստակ օրենսդրական կարգավորումներ։
Հարցն այն է, որ այս ընտանեկան բռնության կանխարգելման, կնոջ իրավունքների պաշտպանության հարցերում կարծրատիպերը շատ են, սխալ պատկերացումները շատ են։ Հետևաբար՝ մենք պետք է ունենանք երկու առնվազն կարևորագույն պայման՝ պատշաճ օրենսդրություն և բարձր որակավորում ունեցող մասնագետներ։ Օրենսդրություն ասելով ես նկատի ունեմ ոչ միայն Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքները, այլ նաև տարբեր ենթաօրենսդրական ակտերը՝ հրամաններ, կառավարության որոշումներ և այլն։ Իսկ այսօր, մեր փորձը ցույց է տալիս՝ ուսումնասիրությունը, որ դրանք խայտաբղետ են, դրանք բազմաթիվ են, իրար մեջ նաև առկա են հակասություններ։ Հետևաբար նաև պրակտիկ կիրառության տեսանկյունից խնդիրներ են անընդհատ առաջացնում։
Նույնը՝ մասնագիտական կարողությունները։ Եթե մասնագետը չունի բավարար մասնագիտական կարողություններ, բնականաբար չի կարող օրենքը կիրառել։ Ավելին, այս անկատար օրենսդրության պայմաններում կիրառությունը հանգեցնելու է ավելի մեծ խնդիրների։ Եվ դուք տեսաք, որ անգամ ճակատագրական նշանակության կարող են լինել այս հարցերը։
Դրանից բացի, բավարար չէ, որ յուրաքանչյուր պետական մարմին որպեսզի ինքը իրեն անկախ իրականացնի իր աշխատանքը։ Պետք է նրանք համագործակցեն իրար հետ։ Սա է նաև խնդիրը՝ որ նրանց միջև չկա համագործակցություն։ Օրինակ տեսեք՝ այս իմ բերած օրինակում առնվազն երեք պետական մարմին, երեք ծառայություն, իրարից անկախ աշխատելով, իրենց գործողություններով նպաստել են մարդու իրավունքների խախտմանը, որոնք ճակատագրական կարող էին լինել – ոստիկանություն, շտապ բժշկական օգնության ծառայություն և իհարկե՝ հոգեբուժական կազմակերպությունը։
Շատ կարևոր է նկատի ունենալ, որ ընտանիքում բռնության զոհի, կնոջ իրավունքների պաշտպանության տեսանկյունից կարևոր է պետության նախահարձակ իրավապաշտպան աշխատանքը։ Այսինքն՝ չպետք է պետությունը նստի սպասի դեպք արձանագրելիս մարդը բողոքո՞ւմ է, կամ փորձո՞ւմ է իր իրավունքները պաշտպանել, թե ոչ։ Պետությունը պարտավոր է ակտիվ գործել, որովհետև ունի պոզիտիվ պարտավորություն, և դա նաև պետք է տարածել ողջ պետական ապարատի վրա։ Կարևոր է նաև քաղաքացիական հասարակության հետ համագործակցությունը։ Այսօր, ցավոք սրտի, պետություն-քաղհասարակություն համագործակցությունը կապի առումով արդյունավետ չի աշխատում։
Հետևաբար՝ մենք պետք է կատարելագործենք ՀՀ օրենսդրությունը, մենք պետք է բարձրացնենք շարունակաբար մասնագիտական որակները՝ մեր բոլոր այն պետական մարմիններում ծառայողների մասին է խոսքը, որոնք կարող են որևէ կերպ առնչվել կնոջ, երեխայի կամ առհասարակ ընտանիքում բռնության զոհի հետ։
Մենք պետք է նկատի ունենանք կարևորագույն հանգամանք. բոլոր այն իրավիճակներում, որտեղ մենք ունենք բռնություն, որտեղ շարունակաբար բռնություն է գործադրվում կնոջ նկատմամբ, երեխայի նկատմամբ, և պետությունը պատշաճ կանխարգելիչ միջոցներ չի ձեռնարկում, ապա նախևառաջ մենք չենք կարողանալու ունենալ արդյունավետ պայքար դրա դեմ, բացի այդ՝ ընտանիքում բռնության կանխարգելման տեսանկյունից ընտանեկան արժեքների պաշտպանության հարցում նույնպես ունենալու ենք խեղումներ։
Ուզում եմ հատուկ նշել, որ կնոջ իրավունքների պաշտպանությունը, ընտանիքում բռնության կանխարգելումը որևէ կերպ չի կարելի հակադրել ընտանեկան արժեքների պաշտպանությանը։ Որպես ՀՀ մարդու իրավունքների պաշտպան՝ ինձ համար կարևորագույն նշանակություն ունի ընտանիքը։ Ընտանիքը մեր հասարակության հիմնական բնականոն բջիջն է։ Ընտանիքի հիման վրա է կառուցվում մեր երկիրը, մեր հասարակության ամրությունը։ Բայց դրա հետ մեկտեղ, եթե մենք ունենք բռնություն ընտանիքում, մենք երբեք չենք կարող ունենալ առողջ հասարակություն։ Երեխայի դաստիարակության, կրթության համար ավելի լավ վայր, քան ընտանիքն է, դժվար է գտնել, անհնար է, ես կարծում եմ գտնել, անգամ ամենալավ հաստատությունում։ Իսկ կնոջ նկատմամբ բռնության արդյունքնում է, որ, օրինակ, երեխան կարող է հայտնվել ինչ-որ հաստատությունում, մնալ ծնողազուրկ, առանց ծնողական խնամքի։ Ընտանեկան արժեքների խաթարման պայմաններում անհնար է առհասարակ խոսել ամուր ընտանիքի մասին։
Հետևաբար, եթե մենք ուզում ենք ունենալ ամուր ընտանիք, առողջ հասրակություն և հզոր պետություն, մենք պետք է դադարենք բռնություն գործադրելը, պետք է բացառենք նվաստացնելը կնոջը կամ երեխային։ Ուժեղ մարդը երբեք բռնության չի ենթարկում ու չի նվաստացնում։ Ուժեղ է այն մարդը, ով ապրում է առողջ հասարակությունում, ամուր պետությունում, որը զերծ է բռնությունից։
***
Հոլովակը նկարահանվել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և «ՄԱԿ Կանայք»-ի ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից իրականացվող «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. Միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» ծրագրի շրջանակներում։
1 of 5
Պատմություն
08 հունիսի 2021
Ստորագրվել է «Հայաստանի համար ՄԱԿ-ի Կայուն զարգացման գործընկերության 2021-2025 թվականների շրջանակ» փաստաթուղթը
Կառավարությունում փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը ստորագրել են «Հայաստանի համար ՄԱԿ-ի Կայուն զարգացման գործընկերության 2021-2025 թվականների շրջանակ» փաստաթուղթը (Գործընկերության շրջանակ):
Մինչ ստորագրման արարողությունը Մհեր Գրիգորյանը հանդես է եկել ողջույնի խոսքով՝ նշելով, որ փաստաթղթում նշված բոլոր ոլորտներն ու ուղղությունները Հայաստանի համար առանցքային դերակատարություն ունեն: Փոխվարչապետի պաշտոնակատարն իր խոսքում մասնավորապես նշել է.
«Այսօր ստորագրվող փաստաթղթի շնորհիվ, կարծում եմ, մենք առավել կկենտրոնացնենք մեր համատեղ ջանքերը ՄԱԿ-ի 2030 կայուն զարգացման օրակարգը կենսագործելու ուղղությամբ»:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի կողմից ստորագրված Գործընկերության շրջանակը ՄԱԿ-ի ռազմավարական կարևորագույն փաստաթուղթն է, որը սահմանում է Հայաստանում գործող ՄԱԿ-ի բոլոր կառույցների աշխատանքը առաջիկա հինգ տարիների ընթացքում:
Զարգացման ազգային առաջնահերթությունների հիման վրա մշակված համաձայնագիրը ամփոփում է ՄԱԿ-ի՝ Հայաստանում գործող և ոչ ռեզիդենտ 20 կառույցների հավաքական առաջարկը երկրին, որով ՄԱԿ-ը 230 միլիոն ԱՄՆ դոլարի ֆինանսական աջակցություն է հայտնում՝ ի շահ հայ ժողովրդի:
Ստորագրման արարողության ժամանակ պարոն Շարփն ընդգծեց.
«Գործընկերության շրջանակը նոր կարևոր ուղենիշ է Հայաստանի Հանրապետության և Միավորված ազգերի կազմակերպության միջև արդեն իսկ խորը համագործակցության ուղղությամբ։ Մենք համոզված ենք, որ մեր գործընկերների հետ համատեղ ջանքերով կարևոր ներդրում կունենանք համավարակի և հակամարտության կրկնակի ճգնաժամի ժամանակահատվածում՝ օգնելով երկրին առաջ շարժվել դեպի ավելի լուսավոր, խաղաղ և բարեկեցիկ Հայաստան: Այս համաձայնագիրը սահմանում է Հայաստանում ՄԱԿ-ի բոլոր գործակալությունների հավակնոտ և հավաքական տեսլականը, որի նպատակն է բարելավել մարդկանց բարեկեցությունն ու հնարավորությունները, նպաստել տնտեսական «կանաչ» բարեփոխումներին, ամրապնդել արդյունավետ կառավարման համակարգը և խթանել գենդերային հավասարությունը՝ չանտեսելով ոչ մեկին»:
Գործընկերության շրջանակը 14 ամիս տևած խորհրդակցությունների գործընթացի արդյունք է, որն իրականացվել է Հայաստանի կառավարության, ազգային այլ գործընկերների հետ, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, միջազգային ֆինանսական հաստատությունների, միջազգային գործընկերների, մասնավոր հատվածի, գիտական շրջանակի և միջազգային ՀԿ-ների հետ: Այն նաև արտացոլում է Հայաստանում ապրող մարդկանց կարծիքը, որ հավաքագրվել է ՄԱԿ-75 գլոբալ հետազոտության միջոցով: Գործընկերության շրջանակն արտացոլում է նաև ՔՈՎԻԴ-19 համավարակի և Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ հակամարտության հետևանքների հաղթահարմանն ուղղված արձագանքման միջոցառումները։
Գործընկերության շրջանակը հիմնված է ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի միջև 2016-2020 թթ. ՄԱԿ-ի զարգացման աջակցության ծրագրի (ՄԱԿԶԱԾ) շրջանակում արդյունավետ համագործակցության վրա, որի արդյունքում ընդլայնվել են կայուն տնտեսական հնարավորությունները, կատարելագործվել են ժողովրդավարական կառավարման համակարգերը, առաջընթաց է գրանցվել գենդերային անհավասարության նվազեցման հարցում, ամրապնդվել են միգրացիայի, սահմանների և ապաստարանների կառավարման համակարգերը, բարելավվել է հիմնական կրթության և սոցիալական պաշտպանության ծառայությունների հասանելիությունը, ավելի մատչելի են դարձել որակյալ բժշկական ծառայությունները և բարելավվել է էկոլոգիական միջավայրը։
1 of 5
Պատմություն
10 սեպտեմբերի 2021
Երիտասարդության տոնը շարունակվում է. ԶԻԼ օր Դսեղում
Օգոստոսի 22-ին՝ Երիտասարդության միջազգային օրվանից 10 օր անց, Լոռու մարզի 100-ից ավելի երիտասարդներ իրենց օրը նշեցին Դսեղում՝ «Զլանալը զիլ չէ» խորագրի ներքո։
Օրը մեկնարկեց ԶԻԼ քվեսթով, որի ընթացքում երիտասարդներին սպասում էին փորձություններ ու գլուխկոտրուկներ, որոնց բացահայտած նշանների ու հուշումների հիման վրա նրանք պատրաստեցին ամփոփիչ հոլովակներ։
Այնուհետև ժյուրիի անդամները դիտեցին ու գնահատեցին հոլովակները, որի հիման վրա էլ որոշեցին երեք հաղթող թիմերին։
Հաղթող թիմերը մրցանակներ ստացան ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի կողմից։
Օրն ամփոփվեց DJ-ի ԶԻԼ երաժշտությամբ։
Այս ամենը երիտասարդների համար կազմակերպել էր ՀԿ կենտրոնը՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի, ՏՈՒԿ սոցիալական ձեռնարկատիրության և տեղական ինքնակառավարման մարմինների օժանդակությամբ։
1 of 5
Պատմություն
16 օգոստոսի 2021
Երիտասարդության միջազգային օրը Կապանում
2021 թ.-ին Հայաստանի երիտասարդական մայրաքաղաքը Կապանն է, և մենք օգոստոսի 12-ը՝ Երիտասարդության միջազգային օրը նշեցինք Կապանում։
Այդ օրը Կապանում անցկացվող միջոցառումներին ավելացրեցինք ևս երեքը։
Նախ, ժամը 12-ին մեկնարկեց երիտասարդական հեծանվարշավը՝ ուղղված առողջ ապրելակերպի, ֆիզիկական ակտիվության ու հեծանիվ քշելու քարոզմանը։ Այն կազմակերպել էինք Կապանի «Զարգացման նախաձեռնություններ» հասարակական կազմակերպության հետ համատեղ։ Պատահականության սկզբունքով ընտրված վեց մասնակից ստացավ մեր պատրաստած մրցանակները։
Այնուհետև, արդեն երեկոյան, «Փոփոխությունների թատրոնի» օգնությամբ, խաղացինք մեր «Փրկիր մոլորակդ առորյա քայլերով» ուրախ ու ուսուցողական զեբրախաղը, իսկ հաղթողները ստացան մրցանակներ։
Եվ վերջապես, ՕՍԸՄ հիմնադրամի հետ համատեղ, հանձնեցինք երիտասարդների համար հիանալի «ՕՍԸՄ» գաղափարների մրցույթի մրցանակը՝ 1000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։ Մեր հաղթողն էր երիտասարդ Արփի Ադամյանը Մեղրիից՝ պատանի բլոգերները տուն ստեղծելու գաղափարով։ Եվս երկու ՕՍԸՄ մրցանակ հանձնեց մեր գործընկեր ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը։
Ահա մեր համեստ ներդրումը Սյունիքի երիտասարդների համար։
Շնորհավոր Երիտասարդների միջազգային օրը։
1 of 5
Պատմություն
26 հուլիսի 2021
«Ցավի» բուժումը Հայաստանում
Միգրացիան և տեղահանությունը շատ հաճախ արտահայտվում են մեծ թվերով. հազարավոր փախստականներ և տեղահանվածներ, տոննաների հասնող օգնություն, հարյուրավոր վրաններ: Այնուամենայնիվ, իրականում այն անսահման թվով կտորներից բաղկացած նկարախաղ է․ հիշողություններ, սարսափներ, կորուստներ, ցնցումներ:
Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում կարճատև, բայց հուժկու հակամարտությունը հանգեցրեց դեպի Հայաստան տեղահանվածների մեծ հոսքի: Առաջնային բժշկական օգնություն, այդ թվում՝ հոգեկան և սոցիալ-հոգեբանական աջակցություն ցուցաբերելու համար, Միգրացիայի միջազգային կազմակերպությունն օժանդակություն ստացավ ՄԱԿ-ի արտակարգ իրավիճակների արձագանքման կենտրոնական հիմնադրամից։
Տարեսկզբից բժշկական շարժական խմբերը շրջում էին երկրով մեկ՝ տեղահանված բնակչությանը առաջնային բուժօգնությունը, մասնագիտական խորհրդատվությունը և ուղղորդումը հասանելի դարձնելու նպատակով։ Ամենակարևորը՝ շարժական առողջապահական խմբերում ներգրավված հոգեբանների ուղղորդմամբ տրամադրվել է նաև հոգաբանական աջակցություն։
Անահիտը, որն իրավիճակից դրդված ժամանակավոր բնակություն էր հաստատել Ծաղկաձոր քաղաքում, հարյուրավոր մարդկանցից մեկն էր, ով օգնություն ստացավ ծրագրի շրջանակում: Նրա ընկերուհին՝ Կարինեն, հիշեց, թե ինչպես Անահիտը հոգեբանական օգնություն ստանալուց հետո միայն սկսեց շփվել մադկանց հետ։
«Անահիտը չէր շփվում մեզ և իր ընտանիքի անդամների հետ: Հոգեբանների հետ մի քանի խորհրդատվությունից հետո նա սկսեց ողջունել մեզ, սուրճ խմել մեզ հետ, իսկ վերջերս նաև միացավ անտառում խոտաբույսեր հավաքելուն», - ասաց Կարինեն:
Ծրագրի շրջանակում աջակցություն են ստացել շուրջ 700 մարդ՝ այդ թվում երեխաներ և մեծահասակներ: Խաղի և թատերական թերապիայի միջոցով տեղահանված երեխաները սովորեցին հաղորդակցվել, արտահայտել իրենց զգացմունքները և շփվել ուրիշների հետ:
«Մենք դիմեցինք հասարակական կազմակերպություններին և երեխաների զարգացման հարցերով զբաղվող համայնքային կենտրոններին, որպեսզի նրանք Լեռնային Ղարաբաղից տարհանված երեխաներին ներգրավեն իրենց ուսուցողական և ընտանիքի աջակցության ծրագրերում», - ասաց ծրագրում ներգրավված հոգեբան Սոֆիկ Մինասյանը:
***
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Նունե Ասատրյանին` nasatryan@iom.int
1 of 5
Պատմություն
21 հուլիսի 2021
Կառավարության և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչները մասնակցել են ՄԱԿ-ի աջակցությամբ կազմակերպված` հաշմանդամություն ունեցող անձանց ներառական զարգացման միջոլորտային մոտեցումների և նախադրյալների մասին ներածական դասընթացին
Մայիսի 19-ին, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի ղեկավարությամբ, ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը, ՅՈՒՆԻՍԵՖ-ը և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը կազմակերպել էին Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վերաբերյալ ՄԱԿ-ի գործընկերության (ՄԱԿ-ի ՀՈՒԱԻԳ) ներածական դասընթաց` «Հաշմանդամություն ունեցող անձանց ներառական զարգացման միջոլորտային մոտեցումների և նախադրյալների մասին» թեմայով, որը նախատեսված էր Կառավարության և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների համար:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, Երևանի քաղաքապետարանի և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները պաշտպանող տարբեր կազմակերպությունների ավելի քան 30 ներկայացուցիչ մասնակցել է մայիսի 19-21-ը և 26-27-ը տեղի ունեցած 5-օրյա դասընթացին:
Դասընթացի պաշտոնական բացումն ազդարարել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը և ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի Գործընկերության և զարգացման ֆինանսավորման հարցերով խորհրդատու Արևիկ Անափիոսյանը: Ներածական դասընթացն ուղղված էր շահագրգիռ կողմերի և այլ գործընկերների Իրավիճակային վերլուծության համատեղ ամբողջացմանը նախապատրաստելուն և համատեղ մրցունակ ծրագրային առաջարկների մշակմանը՝ համաձայն Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վերաբերյալ ՄԱԿ-ի գործընկերության ռազմավարական գործնական շրջանակի (ՌԳՇ) և Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի։ Համատեղ ծրագրային առաջարկը հետագայում կներկայացվի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վերաբերյալ ՄԱԿ-ի գործընկերության Բազմագործընկեր նպատակային հիմնադրամի (ԲԳՆՀ) ֆինանսավորման 4-րդ փուլին:
«Մենք վստահ ենք, որ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վերաբերյալ ՄԱԿ-ի գործընկերության փոփոխությունների տեսությունը, որը կոչված է երկրի մակարդակով նպաստելու հաշմանդամություն ունեցող անձանց ինտեգրմանը (Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի և ԿԶՆ-ների ներառական իրականացմամբ), կաջակցի կառավարության քաղաքականության և համակարգային փոփոխություններին։ Շատ կարևոր է լիարժեք պատկերացնել, թե ինչպես գործնականում կյանքի կոչել Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիան և ԿԶՆ-երը՝ կախված Հայաստանի պարտավորություններից», - նշեց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը։ «Մենք հավատում ենք, որ ՄԱԿ-ի աջակցությունը կնպաստի հաշմանդամություն ունեցող անձանց համար բարենպաստ քաղաքականության և գործնական կիրառման համար ներառական միջավայրի զարգացմանը»:
Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վերաբերյալ ՄԱԿ-ի գործընկերության Բազմագործընկեր նպատակային հիմնադրամի (ԲԳՆՀ) ֆինանսավորման 4-րդ փուլը, որը մեկնարկել է 2020 թվականի օգոստոսին, նպատակ ունի խթանել Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի իրականացումը երկրի մակարդակով՝ կենտրոնանալով տարբեր ոլորտներում հաշմանդամության ներառման հիմնական նախադրյալների վրա, դրանք վերածելով կոնկրետ քաղաքականությունների ու ծրագրերի, ինչպես նաև՝ բարելավելու և բարձրացնելու հաշմանդամություն ունեցող անձանց ներառականություն ընդգրկող ԿԶՆ-ների իրականացումը՝ հիմնարար աջակցություն ցուցաբերելով ԿԶՆ-ներին հասնելուն ուղղված ՄԱԿ-ի հավաքական արձագանքին՝ ազգային պլանավորման մեջ հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերող ազգային առաջնահերթություններին և բացերին արձագանքելու նպատակով:
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վերաբերյալ ՄԱԿ-ի գործընկերության կողմից ֆինանսավորվող նոր ծրագիրը ՄԱԶԾ-ի համար ևս մեկ հնարավորություն է համատեղել ջանքերը ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՄԱԲՀ-ի հետ՝ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի ներառական զարգացմանն ու ինտեգրմանը և ներառական ԿԶՆ-ների իրագործմանը ձգտելու գործում։ Այս առումով, ներածական դասընթացը հրաշալի գործիք էր՝ երկրի ներսում ավելի լայն ներառական պլանավորման և բոլոր ծրագրերում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ներառման համար», - ասաց Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Միhաելա Ստոյկոսկան։
«Սա հիանալի նախաձեռնություն է, որը ցույց է տալիս, թե ինչպես, միավորելով ջանքերը, մենք կարող ենք փոփոխություններ կատարել մեզանից յուրաքանչյուրի կյանքում», - ասաց ՄԱԲՀ գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը:
«Իրականացված դասընթացն իր մեջ ներառում էր հաշմանդամություն ունեցող երեխաների հետ կապված մի շարք հարցերի ուսուցանում, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար հասանելիության ապահովումը, առկա ծառայությունները հատուկ կարիքներին հարմարեցնելը, ինչպես նաև՝ պատկան մարմինների հաշվետվողականության ապահովումը ոչ միայն Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի իրականացման ուղղությամբ, այլ նաև՝ ապահովման հարցում, որ գրանցված արդյունքները կպահպանվեն, - ասել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնին: «Դասընթացն ընդգծեց նաև գենդերային հավասարության խնդիրները և հաշմանդամություն ունեցող աղջիկների և կանանց իրավունքներն առաջ մղելու անհրաժեշտությունը: ՄԱԿ-ի քույր գործակալությունների և գործընկերների հետ միասին՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը կշարունակի տրամադրել գիտելիքների և փորձի փոխանակման հարթակ՝ Հայաստանում ներառական զարգացումը խթանելու համար»:
Դասընթացը և մշակված համատեղ ծրագրային առաջարկը կօժանդակեն Կառավարությանը մշակել քաղաքականության շրջանակ՝ ապահովելու, որ հաշմանդամություն ունեցող անձանց հասանելի լինեն աջակցության ծառայությունները, որոնք իրենց հերթին կլինեն առկա, հասանելի, բավարար, մատչելի և կտրամադրվեն համայնքային մոտեցման հիման վրա։ Բացի այդ, դասընթացը և մշակված համատեղ ծրագրային առաջարկը կաջակցեն Կառավարությանը ուժեղացնել ծառայությունների մատուցումը տեղական մակարդակում և դրանք ավելի մոտ դարձնել Հայաստանի որոշ շրջաններում հաշմանդամություն ունեցող անձանց բնակության վայրերին՝ ՄԱԿ-ի հայաստանյան թիմի, մասնավորապես՝ ՄԱԶԾ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ:
***
Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վերաբերյալ ՄԱԿ-ի գործընկերության Բազմագործընկեր նպատակային հիմնադրամը յուրօրինակ համագործակցություն է, որը միավորում է ՄԱԿ-ի գործակալություններին, կառավարություններին, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները պաշտպանող կազմակերպություններին և ավելի լայն քաղաքացիական հասարակության շրջանակներին՝ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայում ամրագրված իրավունքները և հաշմանդամություն ունեցող անձանց ներառականություն ընդգրկող կայուն զարգացման նպատակները (ԿԶՆ-ներ) խթանելու նպատակով: Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վերաբերյալ ՄԱԿ-ի գործընկերության Բազմագործընկեր նպատակային հիմնադրամը ստեղծվել է իր անդամների միջև համագործակցությունը խթանելու և հաշմանդամության ներառման ուղղությամբ աշխատանքները լրացնելու համար` ՄԱԿ-ի համատեղ ծրագրավորման միջոցով: 2012 թվականից ի վեր՝ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վերաբերյալ ՄԱԿ-ի գործընկերության Բազմագործընկեր նպատակային հիմնադրամն (ԲԳՆՀ) աջակցել է տարբեր տարածաշրջանների 39 երկրներում ՄԱԿ-ի ավելի քան 49 համատեղ ծրագրերի՝ հավաքագրելով ավելի քան 40 միլիոն ԱՄՆ դոլար:
1 of 5
Պատմություն
15 հուլիսի 2021
ՊԳԿ-ն օգնում է Հայաստանին բարելավել սերմնաբուծության համակարգերը
Գյուղատնտեսության ոլորտում կլիմայի փոփոխության նկատմամբ դիմակայունությունը բարձրացնելու նպատակով, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) տարածաշրջանային ծրագիր է իրականացնում չորս երկրներում, այդ թվում՝ Հայաստանում:
Ծրագրի նպատակն է ընտրված երկրներում բարելավել սերմնաբուծական համակարգերը և զարգացնել ազգային կարողությունները սերմերի բավարար մատակարարում ապահովելու, որակի վերահողության ապահովման համար՝ սերմերի հավաստագրման համակարգերի կատարելագործում և զարգացում։:
«Բարձրորակ, դիմացկուն սերմերի հասանելիությունը բարելավելու նպատակով, միջոցառումներն ուղղված են նոր սորտերի փորձարկմանը և ներդրմանը, ինչպես նաև տեղական սորտերի վերակենդանացմանը, որը կբարձրացնի կլիմայի փոփոխության նկատմամբ գյուղական բնակչության դիմակայունությունը», - նշեց ՊԳԿ հայաստանյան ներկայացուցչի օգնական Գայանե Նասոյանը, «Այս առումով, նախագիծն արձանագրում է տարածաշրջանում պարենային համակարգերի վերափոխման առաջին քայլը՝ հասնելու առավել կայունության, բարելավելու պարենային անվտանգությունը, գյուղատնտեսության ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականության միջոցառումների և մրցունակության բարձրացման համար»:
Ծրագրում ընդգրկված մյուս երկրներն են՝ Ղըրղըզստանը, Հյուսիսային Մակեդոնիան և Տաջիկստանը, որոնք բոլորն էլ կանգնած են կլիմայի փոփոխության նմանատիպ ռիսկերի առաջ, քանզի այդ երկրների գյուղատնտեսական արտադրանքը մեծապես կախված է ոռոգումից, եղանակային պայմաններից, գենետիկական ռեսուրսների պատշաճ կառավարումից, հողերի և ջրերի կառավարումից:
Այս առումով, սերմնաբուծական համակարգերը և կլիմայի փոփոխությունը, որոնք ազդում են այս երկրներում պարենային անվտանգության և գյուղական աղքատության վրա, գյուղատնտեսական արտադրանքի խոցելիության հիմնական խնդիրն են:
Հետևաբար, այս նախագիծը նաև աջակցում է բարձրորակ և դիմացկուն սորտերի սերմերի օգտագործմանը`սելեկցիայով զբաղվողներին և սերմարտադրողների կարողությունները հզորացնելու միջոցով` կլիմայադիմացկուն սերմնաբուծական համակարգերի ապահովման համար:
Այս գարնանը ծրագրի շրջանկաներում Հայաստան են ներմուծվել քուինոայի չորս սորտերի սերտիֆիկացված սերմեր (Blanca de Juli, INIA 420 Negra Collana, INIA 415 Pasankalla և Kankolla): Շուրջ 1200 մ2 ընդհանուր մակերեսի վրա մայիսին ցանք է կատարվել: Հողակտորները գտնվում են Շիրակի մարզի Ախուրյանի, Գեղարքունիքի մարզի Գավառ և Մարտունի, Արմավիրի մարզի Էջմիածին և Արարատի մարզի Դարակերտ համայնքների տարածքներում:
Ծրագրի հիմնական գործընկեր ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունն ուշադիր հետևում է բույսերի աճին և պլանավորված ագրոտեխնիկական չափումների արդյունավետ իրականացման գործընթացին:
«Քուինոայի այս սորտերը փորձարկվելու են երկրի ագրոէկոլոգիական գոտիներին հարմարեցնելու նպատակով ՝ կլիմայի փոփոխության նկատմամբ հարմարվողականության ռազմավարության համատեքստում՝ որպես արտադրության այլընտրանք ներառելու համար, որը, քվինուայի բարձր սննդարար արժեքի շնորհիվ, կնպաստի ընտանեկան գյուղացիական տնտեսությունների պարենային անվտանգության բարելավմանը», - նշեց «Սերմերի գործակալության» տնօրեն՝ Դավիթ Բաբայանը:
Քուինոան սննդի այլընտրանքային աղբյուր է հանդիսանում պարենային անբավարարությունից տառապող երկրների համար: Այն միամյա, ծաղկող բույս է, որը հիմնականում մշակվում է սննդում օգտագործվող սերմեր ստանալու համար, որոնք հարուստ են շատ հատիկներից ավելի մեծ քանակությամբ անփոխարինելի ամինաթթուներով, դիետիկ մանրաթելերով, B խմբի վիտամիններով և սննդային հանքանյութերով: Այն նաև զերծ է սնձանից, ուստի կարող է այլընտրանք հանդիսանալ ցելյակիա հիվանդություն ունեցող մարդկանց համար: Այն ընդունակ է հարմարվելու տարբեր էկոլոգիական միջավայրերին և կլիմայական պայմաններին: Բույսը դիմացկուն է երաշտի, աղքատ հողերի և բարձր աղիության նկատմամբ, այն կարող է աճել ծովի մակարդակից մինչև չորս հազար մետր բարձրության վրա և կարող է դիմանալ ըստ ցելսիուսի՝ - 8-ից մինչ 38 աստիճան ջերմաստիճաններին:
Ծրագիրը հաշվի է առնում կառավարության ոլորտի ներկայիս քաղաքականությունը և ռազմավարությունը և ծրագրի ավարտից հետո այդ գործընթացի շարունակականությունը երաշխավորելու համար՝ ինտեգրվելու է դրա շարունակական զարգացման գործողություններին:
1 of 5
Մամուլի հաղորդագրություն
23 սեպտեմբերի 2021
Երեխաների սննդակարգը վերջին տասնամյակի ընթացքում չի բարելավվել և կարող է «վատթարանալ» ՔՈՎԻԴ-19-ի պայմաններում. ՅՈՒՆԻՍԵՖ
Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր զեկույցի, 2 տարեկանից փոքր երեխաները լավ մեծանալու և զարգանալու համար անհրաժեշտ սնունդ չեն ստանում, ինչի հետևանքով անդառնալի վնաս է հասցվում նրանց զարգացմանը:
«Ձախողել ենք կերակրման գործում. Երեխաների սննդակարգի ճգնաժամ վաղ մանկության տարիքում» զեկույցը, որ հրապարակվել է այս շաբաթ կայանալիք ՄԱԿ-ի պարենային համակարգերի գագաթաժողովին ընդառաջ, զգուշացնում է, որ աճող աղքատությունը, անհավասարությունը, հակամարտությունները, կլիմայական արհավիրքները և առողջապահական ճգնաժամերը, այնպիսին, ինչպիսին ՔՈՎԻԴ-19-նն է, նպաստում են աշխարհի ամենափոքրիկ բնակչության շրջանում շարունակվող պարենային ճգնաժամին, և որ շատ փոքր առաջխաղացում է գրանցվել վերջին տասնամյակում:
«Զեկույցի տվյալները հստակ են. գլխուղեղի զարգացման համար հույժ կարևոր այս ժամանակահատվածում միլիոնավոր փոքրիկներ այնպես են կերակրվում, որ ձախողեն», - նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը: «Առաջին երկու տարիների ընթացքում վատ սննդակարգը կարող է անդառնալիորեն վնասել երեխայի արագորեն զարգացող մարմնին և գլխուղեղին՝ ազդելով նրանց կրթության, աշխատանքային հեռանկարի և ապագայի վրա»: Թեև սրա մասին իմացել ենք տարիներ շարունակ, շատ քիչ առաջխաղացում է գրանցվել փոքրիկներին ճիշտ, սննդարար և անվտանգ սննդով ապահովելու հարցում: Փաստացի, շարունակվող ՔՈՎԻԴ-19-ով պայմանավորված խաթարումները կարող են վատթարացնել իրավիճակը»:
91 երկրից ստացված տվյալների վերլուծության համաձայն, զեկույցը փաստում է, որ 6-ից 23 ամսական երեխաների միայն կեսն է ստանում օրական խորհուրդ տրվող պարենի նվազագույն չափաբաժինը, և միայն մեկ երրորդն է ստանում զարգացման համար անհրաժեշտ նվազագույն սննդային խմբերը:
Քանի որ ՔՈՎԻԴ-19-ը շարունակում է խաթարել կենսական նշանակության ծառայությունները և ավելի շատ ընտանիքներ են որպես հետևանք աղքատանում, զեկույցը փաստում է, որ համավարակն ազդում է երեխաներին տրվող սննդամթերքի ընտրության վրա: Օրինակ, Ջակարտայի քաղաքային տնային տնտեսությունների շրջանում անցկացված հարցումը մատնանշում է, որ ընտանիքների կեսը ստիպված է եղել կրճատել սննդարար պարենի գնումները: Որպես հետևանք, խորհուրդ տրվող սննդային խմբեր ստացող երեխաների թիվը 2020 թվականին 2018 թվականի համեմատ նվազել է մեկ երրորդով:
Երեխաներն ամբողջ կյանքում կրում են աղքատիկ սննդակարգի և սխալ սնվելու հետևանքները: Բանջարեղենի, մրգերի, ձվի, ձկան և մսի մեջ պարունակվող սննդանյութերի անբավարար ընդունումը, որն անհրաժեշտ է վաղ տարիքում աճի համար, երեխաների մոտ գլխուղեղի թերի զարգացման, առաջադիմության, ցածր իմունիտետի, վարակների նկատմամբ խոցելի լինելու և, հնարավոր է, մահվան ռիսկը մեծացնի:
Մինչև երկու տարեկան երեխաները առավել խոցելի են թերսնուցման բոլոր ձևերի՝ թերաճության, սուր թերսնուցման, միկրոտարրերի անբավարարության, ինչպես նաև ավելորդ քաշի և ճարպակալման նկատմամբ: Սա տեղի է ունենում վատ սննդակարգի հետևանքով՝ այս տարիքում մարմնի մեկ կիլոգրամ քաշի համար հիմնական սննդանյութերի ավելի մեծ անհրաժեշտություն կա, քան կյանքի այլ ժամանակաշրջանում:
Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի գնահատականների՝ աշխարհում սուր թերսնուցում ունեցող 5 տարեկանից ցածր երեխաների կեսից ավելին՝ գրեթե 23 միլիոն երեխա, 2 տարեկանից փոքր են, մինչդեռ թերաճության ցուցանիշը արագ աճում է 6 ամսականից 2 տարեկանն ընկած ժամանակահատվածում, քանի որ երեխաների սննդակարգը չի համապատասխանում նրանց աճող սննդային կարիքներին:
Ըստ զեկույցի, շատ հավանական է, որ գյուղաբնակ կամ ավելի աղքատ տնային տնտեսություններում բնակվող 6-23 ամսական երեխաները քաղաքաբնակ կամ ավելի հարուստ հասակակիցների համեմատ աղքատ սննդակարգ ունենան: 2020 թվականին, օրինակ, առաջարկվող սննդային խմբերի նվազագույն չափաբաժնով սնվող երեխաների մասնաբաժինը քաղաքային բնակավայրերում (39 տոկոս) երկու անգամ ավելի բարձր էր, քան գյուղական վայրերում (23 տոկոս):
Յուրաքանչյուր երեխայի սննդարար, անվտանգ և մատչելի սննդամթերքով ապահովելու համար ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում կառավարություններին, դոնորներին և քաղաքացիական հասարակությանը միասին աշխատել՝ փոխակերպելու պարենային, առողջապահության և սոցիալական պաշտպանության համակարգերը, այդ թվում՝
Մեծացնել սննդարար պարենի հասանելիությունը՝ դարձնելով այն ավելի մատչելի, այդ թվում մրգերի, բանջարեղենի, ձվի, ձկան, մսի և հարստացված սննդի` խթանելով դրանց արտադրությունը, մատակարարումը և մանրածախ առևտուրը:
Ազգային չափորոշիչներ և օրենսդրություն կիրառել՝ մանկահասակ երեխաներին անառողջ վերամշակված և չափազանց շատ վերամշակված սննդամթերքներից և ըմպելիքներից պաշտպանելու և երեխաներին և ընտանիքներին ուղղված շուկայավարման վնասակար գործելակերպին վերջ տալու համար:
Սննդարար և անվտանգ սննդամթերքի նկատմամբ ավելի մեծ ցանկություն սերմանել հաղորդակցման տարատեսակ ուղիներով, այդ թվում՝ թվային հարթակների՝ ծնողներին և երեխաներին հասկանալի ու հստակ տեղեկատվություն հասցնելով:
1 of 5
Մամուլի հաղորդագրություն
22 սեպտեմբերի 2021
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը, «Ճյուղային սննդի ինստիտուտ»-ի հետ համատեղ, կազմակերպել է «Արփի համայնքի զարգացման ծրագրի» բացման արարողությունը
ՊՀԾ-ն և SIFI-ն փորձարկել են նորարարական պիլոտային մոտեցում, որը կնպաստի սննդարար և տնտեսապես կայուն դպրոցական սննդի ծրագրի զարգացմանը՝ մեծացնելով դպրոցական սննդի աշխատանքներին ֆինանսավորելու գործում համայնքների մասնակցությունը:
Արփի համայնքում ՊՀԾ-ն և SIFI-ն ներդրումներ են կատարում տեղական ձեռնարկություններում` ապահովելու նրանց եկամտաբերությունը և նպաստելու դպրոցական սննդի ծրագրի կայունությանը:
«Մեր երեխաների դաստիարակության և առողջության ամենակարևոր բաղադրիչներից մեկը հավասարակշռված սնունդն է: Ես ուրախ եմ, որ ականատեսն եմ Հայաստանում դպրոցական սննդի ծրագրի զարգացմանը և այն ծրագրի արդյունքների, որն իրականացվել է ՄԱԿ -ի Պարենի Համաշխարհային Ծրագրի կողմից ՝ Ռուսաստանի Դաշնության ֆինանսական աջակցությամբ և ռուս գործընկերների փորձառության շնորհիվ»,- նշում է Գյումրիում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրովը։
Ծրագրի շրջանակում երկու դպրոցում հիմնվել են ջերմոցներ, իսկ հինգ դպրոցում՝ տեղադրվել արևային կայաններ, ինչը նրանց թույլ կտա լրացուցիչ եկամտի աղբյուր ձեռք բերել և հոգալ դպրոցի հետ կապված այլ ծախսերը: Ավելին, կաթի վերամշակման չորս գործարան և մեկ թռչնաֆաբրիկա ապահովվել են նոր սարքավորումներով` արտադրական գործընթացները հեշտացնելու, և արևային վահանակներով` էլեկտրաէներգիայի ծախսերը նվազեցնելու համար:
«Շատ անհրաժեշտ է ստեղծել մեխանիզմ, որտեղ ծրագրի ակտիվներն իրենք են շարունակում եկամուտ ապահովել, որը հաջորդ 25 տարվա ընթացքում կարող է ներդրվել համայնքի կարիքների համար: Ավելին, ՊՀԾ-ն հանձնառու է իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցություն չեն ունենա», - շեշտել է ՊՀԾ-ի փոխտնօրեն Նաննա Սկաուն:
Ծրագրի շրջանակում ստեղծվել է «Արփի համայնքի զարգացման և ներդրումների» հիմնադրամը, որի նպատակն է ապահովել համայնքի կողմից Ծրագրի սեփականությունը: ՊՀԾ-ն, SIFI-ի հետ միասին, խորհրդակցություն և տեխնիկական աջակցություն է տրամադրում հիմնադրամին, որը հետագայում պատասխանատու կլինի համայնքում դպրոցական սննդի ծրագրի կայունության համար:
1 of 5
Մամուլի հաղորդագրություն
15 սեպտեմբերի 2021
ՅՈՒՆԻՍԵՖ-ը Բելգիայի Թագավորության դեսպանի հետ քննարկել է Հայաստանում ՔՈՎԻԴ-19-դեմ պատվաստանյութի առաքմանն ու մատակարարմանն առնչվող հարցեր
ՅՈՒՆԻՍԵՖ-ը հյուրընկալել է ՌԴ-ում Բելգիայի Թագավորության դեսպան Ն.Գ. պրն. Մարկ Միխիլսենին, ով հանդիպել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնիին։ Հանդիպմանը հաջորդել է այցելություն Երևանի պոլիկլինիկաներից մեկը, որտեղ դեսպանը հետևել է ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստման գործընթացին։
Ավելի վաղ՝ սեպտեմբերի 5-ին, ՅՈՒՆԻՍԵՖ-ը Հայաստան է մատակարարել AstraZeneca (AZ) պատվաստանյութի 187,200 դեղաչափ. սա Բելգիայի զարգացման համագործակցության գործակալության կողմից COVAX-ին նվիրաբերվող 4 միլիոն դեղաչափի առաջին խմբաքանակն է: Բելգիայի կողմից այս նվիրատվության շնորհիվ ավելի շատ մարդ կարող է պատվաստել և պաշտպանվել հատկապես այսօր, երբ հիվանդության նոր տեսակները մեծ սպառնալիք են ներկայացնում համաշխարհային առողջապահության համար։
«Ուրախ եմ, որ Բելգիայի կողմից նվիրաբերված դեղաչափերի առաջին խմբաքանակը Հայաստան է ժամանել: Համավարակը հաղթահարելու միակ միջոցը միջազգային համագործակցությունն է: Բելգիայի համար պատվաստանյութերի գործում միջազգային համերաշխություն ապահովող լավագույն մեխանիզմը COVAX-ն է: Սա է այլ երկրներին պատվաստանյութեր տրամադրելու մեր նախընտրած ուղին: Մինչև տարեվերջ Բելգիան COVAX նախաձեռնության միջոցով այլ երկրների կտրամադրի 4 միլիոն դեղաչափ. ոչ ոք պաշտպանված չէ, քանի դեռ բոլորը պաշտպանված չեն: Բելգիան վճռորոշ դեր ունի ՔՈՎԻԴ-19-ի դեմ հարյուր միլիոնավոր պատվաստանյութերի արտադրության և բաշխման գործընթացում շնորհիվ դեղագործական և կենսատեխնոլոգիաների արդյունաբերության ոլորտներում ունեցած առաջատար դերի: ՔՈՎԻԴ-19 ճգնաժամի ընթացքում մեծ ու փոքր, տեղական և միջազգային ընկերությունների այս էկոհամակարգը շատ արագ է գործել՝ դարձնելով մեզ պատվաստանյութի մեծ մատակարար», - նշել է ՌԴ-ում Բելգիայի Թագավորության դեսպան Մարկ Միխիլսենը:
2021 թ.-ի մարտի 28-ին՝ պատվաստումների համաշխարհային շաբաթվա ավարտին, ՅՈՒՆԻՍԵՖ-ը COVAX նախաձեռնության միջոցով Հայաստան է մատակարարել AstraZeneca պատվաստանյութի առաջին խմբաքանակը (24,000), ինչի շնորհիվ ապրիլին Հայաստանը մեկնարկել է ՔՈՎԻԴ-19-ի դեմ համազգային պատվաստումների գործընթացը: Այդուհետ ՅՈՒՆԻՍԵՖ-ը COVAX-ի միջոցով Հայաստան է մատակարարել ՔՈՎԻԴ-19 պատվաստանյութի երկրորդ խմբաքանակը՝ 50,400 դեղաչափ, իսկ ընդհանուր առմամբ՝ 70,400 դեղաչափ: Հայաստանում մինչ օրս 303,325 դեղաչափ պատվաստանյութ է կիրառվել ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներին պատվաստելու համար՝ լիովին անվճար:
«Որպես COVAX-ի առանցքային գործընկերներից մեկը և աշխարհում պատվաստանյութերի ամենամեծ գնորդը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն առաջնորդում է պատվաստանյութերի ձեռքբերման և մատակարարման գործընթացը 92 երկրի համար, այդ թվում՝ Հայաստանի», - նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնին: «Որպեսզի հաղթահարենք համավարակը, մենք պետք է միասնական լինենք: Ժամանակի դեմ այս մրցավազքում շատ կարևոր է, որ հնարավորինս շատ անվտանգ և արդյունավետ պատվաստանյութեր հասանելի լինեն հնարավորինս շատ մարդկանց և հնարավորինս շուտ»:
2021 թ.-ի ՅՈՒՆԻՍԵՖ-ի առաջնահերթ նպատակներից է՝ ապահովել ՔՈՎԻԴ-19-ի դեմ անվտանգ և մատչելի պատվաստանյութերի հավասարաչափ և արդարացի բաշխումը բոլոր ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում, առաջնահերթ խմբերին և խոցելի բնակչությանը: Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է ՀՀ առողջապահության նախարարության հետ՝ սառցային շղթաների համակարգի հզորացման, առողջապահական ոլորտի աշխատակիցներին երեխաների և խնամակալների համար առողջապահական ծառայությունների որակի ապահովմանն ու շարունակմանն ուղղված վերապատրաստման, պատվաստանյութերի նկատմամբ վստահության ձևավորման և ապատեղեկատվության և այլ խոչընդոտների վերացման հարցերի շուրջ:
1 of 5
Մամուլի հաղորդագրություն
10 սեպտեմբերի 2021
Ապաքաղաքացիության կրճատման մասին 1961 թ. կոնվենցիա. քաղաքացիության իրավունքի պաշտպանության և խթանման 60 տարի
«Նոր համաշխարհային մարտահրավերները՝ COVID-19-ը և կլիմայի փոփոխության հետևանքները, համալրելով մշտակա հիմնախնդիրների շարքը, ինչպիսին է ավելացող հարկադիր տեղահանությունը, ցույց են տալիս, թե որքան կարևոր է քաղաքացիության իրավունքը: Յուրաքանչյուր ոք պետք է հաշվառվի և տեսանելի լինի իրենց երկրի ու կառավարության համար և ընդգրկվի համապատասխան ծրագրերում», - ասել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին:
«Քաղաքացիություն ունենալը և դրա շնորհիվ պետության պաշտպանության ներքո գտնվելը կարող է փրկարար նշանակություն ունենալ, ինչն է՛լ ավելի է կարևորվում ճգնաժամի ժամանակ՝ անկախ նրանից, թե դա պատվաստում է, տարհանում, թե անհրաժեշտ սոցիալական անվտանգության ապահովում», - ավելացրեց Գրանդին:
Հակամարտության և տեղահանման իրավիճակներում քաղաքացիություն չունեցող մարդիկ կարող են անորոշության մեջ հայտնվել, քանի որ զրկված են որևէ երկրի պետական պաշտպանությունից, չունեն իրավական ինքնության ապացույց, կամ էլ երկուսը՝ միաժամանակ: Նրանք ենթարկվում են նաև COVID-19-ի դեմ պատվաստումներից զրկվելու վտանգին այն ժամանակ, երբ պետությունները համավարակի դեմ պայքարի ծրագրեր են իրականացնում։ Քաղաքացիություն չունեցող անձանց համայնքները կարող են զրկվել նաև սոցիալ-տնտեսական աջակցության փաթեթներից, որոնք նախատեսված են մարդկանց ապրելակերպի վրա համավարակի ազդեցությունը նվազեցնելու համար։ Ավելին, կլիմայի փոփոխության սրմանը զուգընթաց՝ քաղաքացիություն չունեցող անձինք ենթարկվում են եղանակի ծայրահեղ դրսևորումների հետևանքների նվազեցմանն ուղղված պետական միջոցառումներից դուրս մնալու վտանգին։
Ընդհանուր առմամբ, քաղաքացիություն չունենալ՝ նշանակում է զրկվել կրթության, բժշկական օգնության կամ օրինական աշխատանքի հնարավորությունից։ Քաղաքացիություն չունենալը կարող է խոչընդոտել նաև տեղաշարժի ազատությանը, գույքի ձեռքբերմանը, քվեարկությանը, բանկային հաշվի բացմանն ու նույնիսկ ամուսնությանը։ Քաղաքացիություն չունեցող մարդկանց թիվն աշխարհում 4.2 միլիոն է։ Սակայն որևէ երկրի կողմից քաղաքացի չճանաչված անձանց իրական թիվը, ամենայն հավանականությամբ, շատ ավելի մեծ է, եթե հաշվի առնենք տվյալների հավաքագրման խնդիրները:
1961 թ. Կոնվենցիան այն հիմնական միջազգային պայմանագիրն է, որն ուղղված է ապաքաղաքացիության կանխարգելմանն ու նվազեցմանը: Բոլոր պետությունների կողմից գործողության մեջ դրվելու դեպքում այն կօգնի ապահովել, որ ոչ մի երեխա չծնվի առանց քաղաքացիության, ինչն էլ, ի վերջո, կնպաստի ժամանակի ընթացքում ապաքաղաքացիության խնդրի վերացմանը:
2021 թ. օգոստոսի վերջի դրությամբ՝ 77 պետություն միացել է 1961 թ. Կոնվենցիային. գործընթացը մեծ թափ է հավաքել հատկապես վերջին տասնամյակում: 2010 թվականից ի վեր՝ 40 երկիր պաշտոնապես ձևակերպել է ապաքաղաքացիության հիմնախնդրի լուծման իր հանձնառությունը՝ դառնալով Կոնվենցիայի ստորագրող կողմ, այդ թվում՝ բոլորովին վերջերս ստորագրած Իսլանդիան և Տոգոն:
Նույն ժամանակահատվածում հաստատվել է ավելի քան 800,000 քաղաքացիություն չունեցող անձանց քաղաքացիությունը՝ այդպիսով լուծելով նրանց քաղաքացիության խնդիրը։
«Այս հիշարժան տարում ՄԱԿ ՓԳՀ-ն կոչ է անում բոլոր այն պետություններին, որոնք դեռևս չեն միացել Ապաքաղաքացիության կրճատման մասին 1961 թ. կոնվենցիային, այդ փաստաթղթով սահմանված պաշտպանության միջոցները ներառել քաղաքացիությանը վերաբերող ազգային օրենքներում և երաշխավորել յուրաքանչյուրի՝ քաղաքացիություն ունենալու իրավունքը», - նշել է Գրանդին:
1961 թ. Կոնվենցիային անդամակցությունը «Ապաքաղաքացիությանը վերջ դնելուն ուղղված գործողությունների համաշխարհային ծրագրի գործողություններից մեկն է։ Այս ծրագիրը հիմք է ստեղծում պետությունների համար՝ հասնելու #IBelong Campaign («Ես պատկանում եմ» քարոզարշավ) նպատակներին, որը 2014 թ. մեկնարկել են ՄԱԿ ՓԳՀ-ն և իր գործընկերները՝ ապաքաղաքացիության խնդրին 10 տարում վերջ դնելու նպատակով։
1 of 5
Մամուլի հաղորդագրություն
24 օգոստոսի 2021
Ամբողջ աշխարհում 140 միլիոն առաջին դասարանցիների համար դպրոցի առաջին օրը «անորոշ ժամանակով հետաձգվել է»
ՆՅՈՒ ՅՈՐՔ, 24 օգոստոսի, 2021 թվական: Դպրոցական առաջին օրը՝ աշխարհի ամենակրտսեր սովորողների և նրանց ծնողների համար կյանքի ամենահիշարժան պահերից մեկը, ՔՈՎԻԴ–19–ի պատճառով հետաձգվել է գրեթե 140 միլիոն սովորողի համար, ասվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր վերլուծության մեջ, որը հրապարակվել է աշխարհի բազմաթիվ երկրներում ամառային արձակուրդի մոտալուտ ավարտի կապակցությամբ:
Այդ աշակերտներից գրեթե ութ միլիոնն արդեն մեկ տարուց ավելի է, ինչ սպասում է առկա ուսուցմամբ իր ուսումնական առաջին օրվան, քանի որ նրանց բնակավայրերում դպրոցները փակ են եղել համավարակի ամբողջ ընթացքում:
«Դպրոցական առաջին օրը երեխայի կյանքում ամենահիշարժան պահերից է: Այդտեղից է սկսվում նրա ինքնակրթման և զարգացման՝ կյանքի կանխորոշիչ ուղին։ Մեզնից շատերը բազմաթիվ մանրամասներ են հիշում այդ օրից՝ ինչ հագուստ ենք հագել, ինչ էր մեր ուսուցչի անունը, ում կողքին ենք նստել… Բայց միլիոնավոր երեխաների համար այդ կարևոր օրը հետաձգվել է անորոշ ժամանակով, — նշել է ՅՈՒՆԻՍԵՖ–ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը: — Աշխարհի շատ վայրերում դասերը վերսկսվում են, իսկ միլիոնավոր առաջին դասարանցիներ ավելի քան մեկ տարի սպասում են իրենց դասասենյակները տեսնելու հնարավորությանը: Միլիոնավոր այլ երեխաներ էլ իրենց դասասենյակը հավանաբար ընդհանրապես չեն տեսնի այս կիսամյակի ընթքցքում: Սրընթաց մեծանում է այն վտանգը, որ ամենախոցելի խմբի երեխաներն իրենց կյանքի ընթացքում այդպես էլ դասասենյակ չեն մտնի»:
Առաջին դասարանում դրվում է ապագա կրթության հիմքը, որի ընթացքում երեխաները սովորում են գրել, կարդալ և հաշվել: Սա նաև մի շրջան է, երբ առկա ուսուցման շնորհիվ երեխաները կարողանում են ձեռք բերել անկախություն, հարմարվում են նոր օրակարգին և իմաստալից հարաբերություններ են ձևավորում ուսուցիչների և մյուս սովորողների հետ: Առկա ուսուցումը նաև հնարավորություն է ընձեռում ուսուցիչներին սովորողների մեջ բացահայտելու և վերացնելու կրթական, հոգեառողջական խնդիրները և դաժան վերաբերմունքը, որոնք կարող են բացասաբար անդրադառնալ երեխաների բարեկեցության վրա:
2020 թվականին ամբողջ աշխարհում դպրոցները համընդհանուր փակվեցին միջինը 79 ուսումնական օրով: Սակայն համավարակի սկսվելուց ի վեր 168 միլիոն սովորողների համար դպրոցները փակ են եղել գրեթե ամբողջ տարվա ընթացքում: Նույնիսկ այսօր էլ շատ երեխաներ արդեն երկրորդ տարին է, ինչ առերեսվում են իրենց կրթության աննախադեպ խափանմանը: Դպրոցների փակվելուց բխած հետևանքները՝ կրթության բացակայություն, հոգեբանական խանգարումներ, բաց թողած պատվաստումներ, դպրոցից դուրս մնալու աճող վտանգ, երեխաների աշխատանք և մանկական ամուսնություններ, շատ երեխաներ կզգան, հատկապես իրենց զարգացման կարևոր փուլն ապրող ամենակրտսեր սովորողները:
Մինչ աշխարհի շատ երկրներ որոշակի քայլեր են ձեռնարկում հեռավար ուսուցում ապահովելու ուղղությամբ, տարրական դասարանների սովորողների առնվազն 29 տոկոսին այդ գործընթացում ընդգրկել չի հաջողվում: Բացի հեռավար ուսուցման համար անհրաժեշտ միջոցների բացակայությունից՝ ամենակրտսեր երեխաները հավանական է, որ չկարողանան մասնակցել դասապրոցեսին տեխնոլոգիաների օգտագործման հարցում աջակցության բացակայության, կրթական անբարենպաստ միջավայրի, տնային պարտականությունները կատարելու անհրաժեշտության կամ ստիպված աշխատելու պատճառով:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս անցումային շրջանում դպրոցական դրական փորձառությունը երեխաների սոցիալական, հուզական և կրթական ապագա արդյունքների գրավականն է: Միևնույն ժամանակ, այն երեխաները, որոնք հետ են մնում ուսումնառության առաջին տարիներին, հաճախ նույն կերպ էլ շարունակում են հետագայում, և տարիների ընթացքում այդ անդունդը մեծանում է: Երեխայի ստացած կրթության տարիների քանակը ուղղակի ազդեցություն է ունենում ապագայում նրա եկամուտների վրա:
Եթե իրավիճակի մեղմացման միջոցառումներ չձեռնարկվեն, ըստ Համաշխարհային բանկի գնահատականի, այս ամբողջ սերնդի ուսանողների եկամտի կորուստը ժամանակի ընթացքում կկազմի 10 տրիլիոն դոլար: Առկա փաստերը ցույց են տալիս, որ կրթական բացերի վերացման ծախսերն ավելի ցածր և արդյունավետ են լինում, եթե դրանք ավելի վաղ են լուծվում, և որ հօգուտ կրթության արված ներդրումները նպաստում են տնտեսության վերականգնմանը, աճին և բարգավաճմանը:
ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում կառավարություններին հնարավորինս արագ վերաբացելու դպրոցներն առկա ուսուցման համար և ապահովելու սովորողների վերականգնմանն ուղղված համապարփակ միջոցառումներով: Համաշխարհային բանկի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համատեղ ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում կառավարություններին կենտրոնանալու դպրոցներում վերականգնողական երեք առանցքային առաջնահերթությունների վրա.
Բոլոր սովորողներին դպրոց վերադարձնելու մշակված թիրախային ծրագրեր, որոնց միջոցով նրանք կօգտվեն հարմարեցված ծառայություններից՝ իրենց ուսման, առողջության, հոգեսոցիալական բարեկեցության և այլ կարիքների համար:
Արդյունավետ լրացուցիչ ուսուցում՝ աշակերտների բացը լրացնելու համար:
Աջակցություն ուսուցիչներին՝ ուսումնական գործընթացի բացթողումները վերականգնելու և թվային տեխնոլոգիաներն ուսուցման գործընթացում ներառելու համար:
«Դպրոցի առաջին օրը հույսի և հնարավորության օր է, օր է լավ մեկնարկի համար: Բայց ոչ բոլոր երեխաներն ունեն այդ հնարավորությունը: Որոշ երեխաներ ընդհանրապես չեն էլ մեկնարկում, — նշել է Ֆորը: — Մենք պետք է հնարավորինս շուտ վերաբացենք դպրոցներն առկա ուսուցման համար և անհապաղ վերացնենք համավարակով պայմանավորված բացը կրթության ոլորտում: Հակառակ դեպքում որոշ երեխաներ երբեք էլ չեն լրացնի այդ բացը»:
Գալիք շաբաթների ընթացքում ՅՈՒՆԻՍԵՖ-ը շարունակելու է համախմբել իր գործընկերներին և հանրությանը, որպեսզի այս կրթական ճգնաժամը չվերածվի աղետի: Հեռավար և առկա հանրային արշավները կհամախմբեն աշխարհի առաջնորդներին, ուսուցիչներին և ծնողներին մեկ ընդհանուր նպատակի շուրջը՝ հնարավորինս շուտ վերաբացել դպրոցները առկա ուսուցմամբ: Աշխարհի ամենախոցելի խմբի երեխաների ապագան վտանգված է:
1 of 5
Վերջին հրատարակությունները
1 / 11
Ռեսուրսներ
14 հուլիսի 2021
Ռեսուրսներ
01 հուլիսի 2021
Ռեսուրսներ
01 հուլիսի 2021
Ռեսուրսներ
24 մայիսի 2021
1 / 11










