COP17-ին ընդառաջ աշխարհի առաջնորդներն ընդգծել են կենսաբազմազանության և գյուղատնտեսական պարենային համակարգերի միջև սերտ կապը
21 հոկտեմբերի 2026
«Առաջնորդները՝ հանուն բնության» գագաթնաժողովում, որը համընկել էր Պարենի համաշխարհային օրվան, աշխարհի տարբեր երկրների առաջնորդներ ընդգծեցին կենսաբազմազանության կարևորությունը պարենային անվտանգության և դիմակայուն գյուղատնտեսական պարենային համակարգերի համար։
16/10/2026 Երևան - ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) աշխարհի տարբեր երկրների առաջնորդների հետ միասինմասնակցեց Հայաստանի Հանրապետության կողմից նախագահվող ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17–րդ համաժողովի (COP17) շրջանակում կազմակերպված և հյուրընկալված Կենսաբազմազանության հարցերով առաջնորդների գագաթնաժողովին։ «Առաջնորդները հանուն բնության» խորագրով գագաթնաժողովը համախմբեց պետությունների և կառավարությունների ղեկավարներին, միջազգային կազմակերպությունների առաջնորդներին, բնիկ ժողովուրդների,տեղական համայնքների ներկայացուցիչներին, ինչպես նաև առանցքային այլ շահագրգիռ կողմերի՝ COP17-ին ընդառաջ ռազմավարական ուղղություններ նախանշելու և կենսաբազմազանության պահպանության հարցում քաղաքական հանձնառությունը վերահաստատելու նպատակով։
Բացելով գագաթնաժողովը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն շեշտեցին, որ կենսաբազմազանության պահպանության գլոբալ նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է արագացնել դրան միտված քայլերը՝ հավելելով, որ կենսաբազմազանության կորուստը սերտորեն փոխկապակցված է մերօրյա համաշխարհային բազմաթիվ մարտահրավերների, այդ թվում՝ պարենային անապահովության, կլիմայի փոփոխության և հակամարտությունների հետ։
COP17 համաժողովի նախօրեին, երբ երկրները պատրաստվեցին գնահատելու արձանագրած առաջընթացը և արագացնելու Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի (KMGBF) իրականացումը, Պարենի համաշխարհային օրվան զուգահեռ անցկացվող առաջնորդների գագաթնաժողովը պատեհ առիթ հանդիսացավ՝ անդրադառնալու պարենային անվտանգության և կայուն գյուղատնտեսական ու պարենային համակարգերի զարգացման գործում կենսաբազմազանության հիմնարար դերին։
Գուտերեշը նաև կարևորեց գյուղատնտեսական պարենային համակարգերի և կենսաբազմազանության միջև փոխկապակցվածությունը. «Գլոբալ շրջանակի իրականացումը կպահանջի արմատական անցում բնությանը վնասող քաղաքականություններից դեպի դրա պահպանությանը նպաստող գործելակերպերի»։ Որպես հնարավոր լուծումներ՝ նա մատնանշեց շրջանաձև տնտեսության զարգացումը և կայուն գյուղատնտեսության առկայությունը։
Կենսաբազմազանությունը, պարենային անվտանգությունը և դիմակայունությունը փոխկապակցված են
Բարձր մակարդակի քննարկումներում ՊԳԿ-ն ներկայացրեց կազմակերպության գլխավոր տնօրենի օգնական, Կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության և շրջակա միջավայրի գրասենյակի տնօրեն Կավեհ Զահեդին։ Ելույթ ունենալով «Քաղաքական հրամայական. բնության պահպանություն՝ հանուն խաղաղության, անվտանգության և զարգացման» խորագրով առաջնորդների կլոր սեղան-քննարկմանը ՝ Զահեդին ընդգծեց այս բաղադրիչների անխզելի կապը. «Անհնար է հասնել խաղաղության, քանի դեռ աշխարհում կա սով (ավելի քան 700 միլիոն մարդ ապրում է սովի պայմաններում), չի կարող լինել անվտանգություն՝ առանց պարենային անվտանգության, և զարգացումն անհնար է՝ առանց գյուղատնտեսական և պարենային համակարգերի վերափոխման՝ դրանք առավել դիմակայուն, ներառական և կայուն դարձնելու նպատակով», - նշեց Զահեդին:
Նա ընդգծեց, որ COP17-ը ևս մեկ հնարավորություն է գիտակցելու, որ գյուղատնտեսության և պարենային համակարգերում լուծումներին ուղղված ներդրումներն առանցքային նշանակություն ունեն Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի (KMGBF) նպատակների իրականացման գործում։
Գյուղատնտեսությունն ու պարենային համակարգերն առանցքային դեր ունեն կենսաբազմազանության պահպանության գլոբալ օրակարգում
Լիագումար նիստում ելույթ ունենալով ՊԳԿ-ի անունից՝ Զահեդին շեշտեց, որ Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի նպատակների իրագործումը մեծապես կախված է գյուղատնտեսական պարենային համակարգերի կառավարման եղանակներից։
«Երկրներն աստիճանաբար գիտակցում են, որ պարենային և գյուղատնտեսության ոլորտները կարող են արդյունավետ լուծումներ առաջարկել կենսաբազմազանության պահպանության և կայուն օգտագործման համար», - նշեց նա։
Այն արտացոլված է նաև ՊԳԿ-ի՝ Կենսաբազմազանության ազգային ռազմավարությունների և գործողությունների ծրագրերի (NBSAPs) գլոբալ վերլուծության մեջ՝ հրապարակված նույն օրը։ Վերլուծությունը ցույց է տվել, որ ազգային մակարդակով նախատեսված գործողությունների ավելի քան մեկ երրորդը վերաբերում է գյուղատնտեսական պարենային ոլորտներին, իսկ ազգային թիրախների գրեթե երկու երրորդի իրագործումը կախված է գյուղատնտեսական պարենային համակարգերի հետ կապված լուծումներից։
Թեև, այն վկայում է գյուղատնտեսության և պարենային համակարգերի դերի կարևորության աճող գիտակցման մասին, այժմ հիմնական մարտահրավերը ստանձնած պարտավորությունների գործնական իրականացումն ու մշտադիտարկումն են։ Երկրներին անհրաժեշտ են առավել արդյունավետ մշտադիտարկման համակարգեր՝ արձանագրված առաջընթացը գնահատելու, լրացուցիչ ջանքեր պահանջող ուղղությունները բացահայտելու և կենսաբազմազանության պահպանության առաջնահերթությունները ներդրումների համար պատրաստ գործնական ծրագրերի վերածելու նպատակով։
Գործնական մակարդակում գործողությունների իրականացումն արագացնելու համար անհրաժեշտ են ինչպես կոնկրետ միջոցառումներ, այնպես էլ առավել ամուր ազգային համակարգեր, որոնք կնպաստեն ձեռք բերված առաջընթացի երկարաժամկետ պահպանմանը։ Այս բացը լրացնելու նպատակով ՊԳԿ–ն աջակցում է երկրներին «Կենսաբազմազանության ազգային ռազմավարությունների և գործողությունների ծրագրերի գյուղատնտեսական բաղադրիչի աջակցության նախաձեռնության» (Agri-NBSAPs Support Initiative) միջոցով։ Նախաձեռնությունը նպաստում է գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության ոլորտների շահագրգիռ կողմերի միջև քաղաքականությունների համաձայնեցմանն ու համագործակցության ամրապնդմանը՝ աջակցելով կենսաբազմազանության պահպանության ոլորտում ստանձնած պարտավորությունները գյուղատնտեսական և պարենային համակարգերում կոնկրետ գործողությունների վերածելուն։
Ընդգծելով գործողությունների իրականացման գործընթացն արագացնելու անհրաժեշտությունը՝ Զահեդին վերահաստատեց նշելով, որ, «ՊԳԿ–ն պատրաստ է համագործակցելու երկրների և գործընկերների հետ՝ Երևանում արտահայտած մեր հավակնոտ նպատակադրումները երկարաժամկետ արդյունքների վերածելու համար»։
Երևանի հռչակագիրը նախանշում է COP17–ի հիմնական ուղղությունները
Գագաթնաժողովի առանցքային արդյունքներից մեկը «Հանուն բնության գործողությունների» Երևանի հռչակագրի ընդունումն էր։ Հռչակագիրը հստակ ուղերձ է հղում առ այն, որ Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի նպատակներին և թիրախներին հասնելու համար անհրաժեշտ է անհապաղ արագացնել դրա իրականացումը։ Փաստաթղթով վերահաստատվում է պարենային անվտանգության ապահովման գործում կենսաբազմազանության առանցքային դերը և կոչ է արվում կենսաբազմազանության պահպանության հարցերը առավել լայնորեն ներառելու պետական քաղաքականության տարբեր ուղղություններում և տնտեսության ոլորտներում, ամրապնդելու միջազգային համագործակցությունը, բարելավելու մշտադիտարկման և հաշվետվողականության համակարգերը, ավելացնելու ֆինանսական միջոցների ներգրավումը և ընդլայնելու գործընկերությունը։
Հոկտեմբերի 19-ին COP17-ի մեկնարկով ՊԳԿ-ն միացավ գործողություններն արագացնելու կոչին և վերահաստատեց իր հանձնառությունը՝ աջակցելու երկրներին կենսաբազմազանության պահպանության և գյուղատնտեսական պարենային համակարգերի հետ կապված նպատակների համատեղ իրականացման գործում։ Այս ջանքերին աջակցելու նպատակով ՊԳԿ-ն COP17-ի նախագահության հետ համագործակցությամբ ներկայացրեց երկու նոր նախաձեռնություն՝ «Կենսաբազմազանության մշտադիտարկման երևանյան տեխնոլոգիական կենտրոն» (Yerevan Tech for Biodiversity Monitoring Hub), որը կնպաստի կենսաբազմազանության մշտադիտարկման համար անհրաժեշտ տեխնիկական փորձագիտական գիտելիքների, գործիքների և տվյալների հասանելիության ընդլայնմանը, «Գլոբալ գործողությունների կենտրոն Երևանում՝ տարածքային պահպանության այլ արդյունավետ միջոցների համար» (Yerevan Global OECM Action Hub), որը կաջակցի երկրներին պահպանվող տարածքներից դուրս կենսաբազմազանության արդյունավետ պահպանությունն ապահովող տարածքների բացահայտման, ճանաչման և դրանց պահպանության միջոցառումների ամրապնդման գործում։ Այս նախաձեռնությունը կնպաստի Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի 3-րդ թիրախի իրագործմանը, որը նախատեսում է մինչև 2030 թվականը ապահովել տարածքների 30 %-ի պահպանումն ու կայուն կառավարումը։ Այս նախաձեռնությունները նպատակ ունեն ամրապնդելու ազգային կարողությունները և արագացնելու Գլոբալ շրջանակի գործնական իրականացումը։