Փորձնական ծրագրից դեպի ազգային մակարդակ. Հայաստանում ոռոգման թվային կառավարման առաջխաղացումը
05 հոկտեմբերի 2026
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի 2026 թ. - Միավորված ազգերի կազմակերպության Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ)՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) հետ համագործակցությամբ, այսօր Հայաստանի Հանրապետության Ջրային կոմիտեին փոխանցեց ոռոգման թվային քարտեզներ, տարածական տվյալների բազաներ և Աշխարհագրական տեղեկատվական համակարգերի (ԱՏՀ/GIS) վրա հիմնված քարտեզագրման մեթոդաբանություն։ Սա պետական մարմիններին հնարավորություն կտա հզորացնել ոռոգման պլանավորման, մշտադիտարկման և կառավարման կարողությունները։
Այս գործիքները մշակվել են «Հայաստանի ջրօգտագործողների ընկերությունների կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորում է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը (ԿԶԵՀ)՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) հետ համագործակցությամբ։ Նախաձեռնության նպատակն է ամրապնդել Ջրօգտագործողների ընկերությունների կարողությունները և փորձնական ծրագրի շրջանակում իրականացնել Շիրակի մարզի Ախուրյան, Արթիկ և Անի համայնքներում ոռոգման ենթակառուցվածքների թվային քարտեզագրում։
Ստացված տվյալներն ու մեթոդաբանությունը գործնական հիմք են հանդիսանում ջրային ռեսուրսների իրազեկված կառավարման համար և կարող են տեղայնացվել ու կիրառվել ողջ Հայաստանի տարածքում։ Ընդլայնելով հավաստի տեղեկատվության հասանելիությունը և հզորացնելով տեխնիկական կարողությունները՝ նախաձեռնությունը հնարավորություն է ընձեռում կայացնել փաստահենք որոշումներ և նպաստում է ոռոգման կառավարման ավելի դիմակայուն համակարգերի ներդրմանը։
«Այս նախաձեռնությունը ցույց է տալիս, թե ինչպես թվային նորարարությունը կարող է ամրապնդել կարևորագույն ենթակառուցվածքների կառավարումը և նպաստել ավելի դիմակայուն գյուղատնտեսական համակարգերի ստեղծմանը։ Հավաստի տվյալների համադրումը տեղական հզորացված կարողությունների հետ թույլ է տալիս կայացնել առավել իրազեկված որոշումներ և նպաստում է ջրային ռեսուրսների կայուն կառավարմանը»,- նշել է ՊՀԾ ներկայացուցիչ և հայաստանյան գրասենյակի ղեկավար տիկին Լեյլա Մելիուն։
«Այսօրվա միջոցառումն արտացոլում է ոչ միայն մեր արդյունավետ համագործակցության արդյունքում գրանցված ձեռքբերումները, այլև այն հավակնոտ նպատակները, որոնք մենք կիսում ենք ապագայի համար։ Մենք ակնկալում ենք շարունակել այս գործընկերությունը և համատեղ կյանքի կոչել նոր նախաձեռնություններ, որոնք կխթանեն ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործումը, պահպանությունն ու պատասխանատու կառավարումը՝ ի շահ համայնքների և ապագա սերունդների», - նշել է ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը։
«Թեև Հայաստանում ջրօգտագործողների ընկերությունները (ՋՕԸ) գործում են որպես անկախ կառույցներ, դրանք շարունակում են սերտորեն կապված մնալ պետական համակարգի հետ։ Եվրոպական փորձը ցույց է տալիս ՋՕԸ-ների, բուհերի և գիտահետազոտական հաստատությունների միջև ավելի ամուր համագործակցության կարևորությունը, որտեղ տվյալները, գիտելիքն ու նորարարությունը ծառայում են որոշումների կայացմանը։ Սա այն մոտեցումն է, որից մենք կարող ենք քաղել օգտակար դասեր՝ շարունակելով ամրապնդել ջրային և հողային ռեսուրսների կառավարումը Հայաստանում», - նշել է Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը։
Այս գործիքները փոխանցվել են ՊՀԾ Հայաստանի 2026-2030 թթ․ ռազմավարական ծրագրի շրջանակում։ Ծրագիրը մեծապես կարևորում է ՊՀԾ աջակցությամբ հիմնված ծրագրերի, գիտելիքների ու համակարգերի աստիճանական փոխանցումը կառավարական կառույցներին։ Զինվելով այս արդյունավետ գործիքներով ու մեթոդաբանությամբ՝ ՀՀ պետական մարմինները կարող են հաջողությամբ ընդլայնել, պահպանել ու առաջխաղացնել վերակառուցման և զարգացման ոլորտներում գրանցված ձեռքբերումները։
Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք կապվել wfp.yerevan@wfp.org էլեկտրոնային հասցեով։
Հետևեք ՊՀԾ հայաստանյան գրասենյակի ֆեյսբուքային էջին՝ @WFPinarmenia, անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու համար։
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի մասին
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) Հայաստանում գործում է 1993թ․-ից: Ներկայումս նրա ուշադրության կենտրոնում է գտնվում ազգային պարենային անվտանգության ամրապնդումը, արտակարգ իրավիճակների նկատմամբ դիմակայունության բարձրացումը և կառավարությանը մինչև 2030թ․սովի վերացմանը հասնելու գործում աջակցությունը:
Պարենի համաշխարհային ծրագիրն աշխարհում առաջատար մարդասիրական կազմակերպություն է, որն իրականացնում և աջակցում է դպրոցական սննդի ծրագրերին: Այս նախաձեռնություններն այժմ ճանաչվում են որպես աշխարհի ամենաարդյունավետ սոցիալական անվտանգության ցանցերից մեկը, որ կենսական նշանակություն ունի միլիոնավոր երեխաների կյանքում: 2024թ․ դրությամբ աշխարհում մոտավորապես 466 միլիոն երեխա ստանում է դպրոցական սնունդ, ինչը 80 միլիոնով ավելի է, քան 2020թ․: 2024թ․ ՊՀԾ-ն ուղղակի սնունդ, սննդի փաթեթներ կամ դրամական փոխանցումներ է տրամադրել 61 երկրի շուրջ 20 միլիոն դպրոցականի: ՊՀԾ-ն աջակցում է 74 երկրների կառավարություններին՝ ազգային ծրագրերի միջոցով ևս 139 միլիոն երեխայի աջակցություն ցուցաբերելու համար: