Անորոշությունից դեպի հնարավորություն․ «Հատիկ» գյուղատնտեսական կոոպերատիվի անցած ուղին
Բացահայտեք` ինչպես է «Հատիկ» գյուղատնտեսական կոոպերատիվը Լոռիում համատեղ ուժերով զարգացնում սերմարտադրությունը՝ հնարավորություններ ստեղծելով ֆերմերների համար:
Հայաստանի Լոռու մարզի կանաչապատ բլուրներում գտնվող Գյուլագարակ համայնքը տարիներ շարունակ ապավինել է գյուղատնտեսությանը՝ որպես ապրուստի միջոցի և կենսակերպի անբաժանելի մասի։ Սերունդներ շարունակ գյուղատնտեսությունն ապահովել է տեղի ընտանիքների ապրուստը և ձևավորել համայնքի ինքնությունը։
Այնուամենայնիվ, գյուղատնտեսությամբ զբաղվելը նոր մարտահրավերներ է առաջ քաշում։ Ջրհեղեղները, որակյալ սերմերի սահմանափակ հասանելիությունը, ինչպես նաև, արտադրության ծախսերի աճը զգալիորեն ճնշում են գործադրում գյուղական համայնքներում առկա տնային տնտեսությունների վրա՝ դժվարացնելով ֆերմերների համար կայուն եկամուտների ապահովումը։
Մարտահրավերներին դիմակայելու նպատակով տեղի վեց ֆերմերներ՝ Վրույր Այվազյանը, Միքայել Ալավերդյանը, Արեն Ֆրանգյանը, Ալեքսանդր Ղուկասյանը, Արտեմ Տոնոյանն ու Հենրիկ Վարոսյանը, նախապատվություն տվեցին միասնությանը՝ առանձին գործելու փոխարեն։
Վեց անդամների հետ մեկտեղ, համայնքի կանայք և երիտասարդները նույնպես իրենց ներդրումն են ունենում կոպերատիվի գործունեության մեջ՝ ներգրավվելով որպես սեզոնային աշխատողներ։ Նրանք առանցքային նշանակություն ունեցող աջակցություն են ցուցաբերում գյուղատնտեսական աշխատանքների ակտիվ ժամանակահատվածում՝ օգնելով կոոպերատիվին շարժվել արտադրության աճող պահանջներին ընդառաջ։
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) աջակցությամբ նրանք հիմնեցին «Հատիկ» գյուղատնտեսական կոոպերատիվը՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման (LEAD) Լոռու և Տավուշի մարզերում» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացվում է Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության և Միավորված ազգերի կազմակերպության արգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից՝ համատեղ։
Համատեղ տեսլականը կյանքի է կոչվում
Ընդամենը երկու տարի առաջ դժվար կլիներ պատկերացնել, որ Վարդաբլուր, Հոբարձի և Գյուլագարակ համայնքներից ֆերմերների մի փոքր խումբ կկարողանա մշակել հարյուրավոր հեկտար հողատարածք, ներդնել սերմնարտադրության ժամանակակից տեխնոլոգիաներ և ոգեշնչել երիտասարդներին՝ գյուղատնտեսությունը դիտարկելու որպես խոստումնալից ապագայի հնարավորություն։
Այսօր, հինգ անդամներ շարունակում են այդ ճանապարհը։ Նրանց միավորող գործոնը ընդհանուր զբաղմունքը չէր, նրանք գիտակցեցին, որ միասին աշխատելով՝ կարող են ձեռք բերել ավելին, քան՝ անհատապես գործելով։
«Երբ ճիշտ պահը գալիս է, սկսում եք միավորել ջանքերն ու գաղափարները համատեղ գործողությունների շուրջ», - պնդեց «Հատիկ» գյուղատնտեսական կոոպերատիվի հիմնադիր Վրույր Այվազյանը։
Անդամների մասնագիտական փորձի բազմազանությունը դարձել է կոոպերատիվի ամենամեծ առավելություններից մեկը։ Կոպերատիվի անդամների շարքը համալրվում է տարբեր մասնագիտություններ ունեցող անդամներով, ինչպիսիք են՝ օրինակ կոպերատիվի հաշվապահը, հողերի կառավարման մասնագետը, իրավաբանը, ով նաև զբաղվում է գյուղատնտեսությամբ, ինչպես նաև սերմնարտադրության մասնագետը։
«Մեր տարբեր մասնագիտությունները մեր ուժեղ կողմն են», - նշեց Վրույրը։ «Մենք բոլորս աշխատում ենք գյուղատնտեսության ոլորտում, սակայն մեզնից յուրաքանչյուրը ոլորտում փորձում է ներդնել տարատեսակ գիտելիք և փորձ։ Միասին մենք լրացնում ենք միմյանց և հասնում ենք շատ ավելիին, քան կարող էինք միայնակ»։
Կոոպերատիվի հիմքերը ձևավորվել են ոչ միայն դաշտերում, այլև բազմաթիվ երեկոյան քննարկումների ընթացքում։ Երկար աշխատանքային օրերից հետո անդամները հավաքվում էին իրենց այսպես կոչված «գիշերային հանդիպումների» համար, որտեղ մինչև ուշ գիշեր միասին պլանավորում, քննարկում և մշակում էին իրենց գաղափարները։
Այս քննարկումները նպաստեցին կոպերատիվի ռազմավարության ձևավորմանը և ամրապնդեցին երկարաժամկետ ու կայուն գործունեություն կառուցելու նրանց համատեղ հանձնառությունը։
Մարտահրավերներից՝ դեպի համատեղ ուժ
Կոոպերատիվի ստեղծման գաղափարն իր հայտ եկավ մի պարզ իրողությունից․ տարածաշրջանն ուներ զգալի գյուղատնտեսական ներուժ, սակայն վերջինիս լիարժեք իրացման համար անհրաժեշտ ռեսուրսները սահմանափակ էին։
«Մենք հասանելիություն չունեինք մեծածավալ ռեսուրսներին»,-շեշտեց Վրույրը։ «Մենք հասկանում էինք, որ միայնակ աշխատելով՝ չէինք կարող հասնել այն արդյունքներին, որոնք ցանկանում էինք»։
Տարիներ շարունակ Լոռու մարզի ֆերմերները բախվում էին մատչելի և բարձրորակ սերմերի սահմանափակ հասանելիության, ինչպես նաև, գյուղատնտեսական արտադրության համար անհրաժեշտ միջոցների թանկացման և մատակարարման բարդ շղթաների հետ։ Հացահատիկային մշակաբույսերն ավելի ու ավելի էին տուժում մոլախոտերի տարածումից, մինչդեռ լոբազգի մշակաբույսերի արտադրությունը սահմանափակ էր, քանի որ հավաստագրված սերմերի ձեռքբերումը դժվար էր։
Սահմանափակ էր նաև մասնագիտական գյուղատնտեսական խորհրդատվության հասանելիությունը։
Այնուհետև ի հայտ եկավ ևս մեկ այլ մարտահրավեր։
Դեբեդ գետի վարարումը զգալի վնասներ պատճառեց տեղական տնտեսվարողներին, այդ թվում՝ կոոպերատիվին։ Տարիների քրտնաջան աշխատանքի արդյունքները հաշված րոպեների ընթացքում վտանգի տակ հայտնվեցին։ Վնասվեցին ենթակառուցվածքները, խաթարվեց եկամուտների հոսքերը, որի արդյունքում առաջացավ վերականգնման ծրագրերը վերանայելու անհրաժեշտություն։
«Տարիներ ես ծախսում ինչ-որ բան կառուցելու վրա, հետո, մեկ ակնթարթում, տեսնում՝ թե ինչպես է այն անհետանում քո աչքերի առաջ»,- նշեց Վրույրը։ «Սակայն, միմյանց վստահելով և աջակցելով՝ մենք ուժ գտանք նորից սկսելու համար»։
Թույլ չտալով աղետին որոշել իրենց հետագա ուղին՝ անդամներն ընտրեցին վերականգնման ուղին և որոշեցին վերադասավորել իրենց կենսակերպը։ Կոոպերատիվի համար յուրաքանչյուր մարտահրավեր վերածվեց հզորանալու ևս մեկ պատճառի։
Կայունություն՝ նոր հնարավորությունների համար
Ընդամենը երկու տարվա ընթացքում կոոպերատիվը գրանցեց զգալի առաջընթաց։
Այսօր, «Հատիկ» գյուղատնտեսական կոոպերատիվը մշակում է շուրջ 200 հեկտար հողատարածք, այդ թվում՝ նախկինում չօգտագործված հողատարածքները։ Կոոպերատիվի սեփական փորձի և ջանքերի վրա հիմնվելով՝ հաջողվեց ընդլայնվել և բազմազանեցնել արտադրությունը։
Միևնույն ժամանակ, Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող և ՊԳԿ-ի կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում տրամադրված աջակցությունը նպաստեց որակյալ սերմերի արտադրության ոլորտում կոոպերատիվի կարողությունների ամրապնդմանը։ Ծրագրի միջոցով «Հատիկ» կոոպերատիվը ծանոթացավ սերմերի արտադրության ժամանակակից տեխնոլոգիաներին, որոնք օգնեցին դիվերսիֆիկացնել որակյալ սերմերի տեղական աղբյուրները և ամրապնդել տեղական սերմերի մատակարարման համակարգի դիմադրողականությունը:
Կոոպերատիվը արտադրել և մատակարարել է զգալի քանակությամբ սերմացու, այդ թվում՝ ոլոռի, հնդկաձավարի և կարտոֆիլի տեսակներ՝ նպաստելով տեղական պայմաններին հարմարեցված սերմարտադրության զարգացմանը և տեղական սերմերի առավել դիմակայուն համակարգերի ձևավորմանը։
Առաջ նայելով՝ կոոպերատիվի անդամները համոզված են, որ սերմարտադրության ժամանակակից սարքավորումների համար հետագա ներդրումները, զուգորդված տեխնիկական խորհրդատվական ծառայությունների հետ, տեղական ֆերմերների համար կստեղծեն այնպիսի հնարավորություններ, որոնք նախկինում հասանելի չէին։
Այժմ, սերմարտադրության համար օգտագործվող դաշտերը ծառայում են որպես ցուցադրական հողակտորներ, որտեղ ֆերմերները կարող են անմիջականորեն ծանոթանալ կատարելագործված տեխնոլոգիաներին ու գործելակերպերին։
Գյուղատնտեսական արտադրությունից բացի, «Հատիկը» դարձել է նաև գիտելիքների փոխանակման կենտրոն։ Կոոպերատիվը պարբերաբար հյուրընկալում է զարգացման գործընկերների հետ համատեղ կազմակերպվող վերապատրաստման դասընթացներ՝ միավորելով ֆերմերներին և գյուղատնտեսությամբ հետաքրքրված կանանց ու երիտասարդներին՝ ընձեռելով գիտելիքներին հասանելիություն ստանալու, փորձի փոխանակման և իրենց հմտությունների զարգացման հնարավորություններ։
Իր գործունեությունը կանանց և երիտասարդների համար բաց դարձնելով՝ կոոպերատիվը նպաստում է գյուղատնտեսության զարգացման գործընթացում ավելի լայն մասնակցության ապահովմանը և ոլորտում նրանց ներգրավվածության համար ավելի մեծ հնարավորությունների ստեղծմանը։
«Այս առումով մենք շարժիչ ուժի և առաջատարի դեր ենք ստանձնել»,- ժպիտով նշեց Վրույրը։
Ցույց տալով, որ գյուղատնտեսությունը կարող է լինել նորարարական, լավ կազմակերպված և տնտեսապես կենսունակ՝ կոոպերատիվը նպաստեց գյուղատնտեսությունը որպես մասնագիտություն ընկալելու նկատմամբ վստահության վերականգնմանը։
«Երիտասարդները չպետք է հուսահատվեն փոքր անհաջողություններից», - շեշտեց Վրույրը։ «Նրանք պետք է ունենան առավել բարձր նպատակներ և մտածեն ավելի լայն»։
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունն աջակցեց այս գործընթացին՝ տրամադրելով տեխնիկական խորհրդատվություն, որն ուղղված է սերմարտադրության, պլանավորման և համագործակցային կառավարման ոլորտներում կոոպերատիվի կարողությունների ամրապնդմանը։ Թեև այս աջակցությունը նպաստեց ամուր հիմքի ձևավորմանը, կոոպերատիվի հաջողության հիմնական շարժիչ ուժը եղել են դրա անդամների վճռականությունը, դիմակայունությունը, նվիրվածությունն ու հանձնառությունը։
Այսօր, «Հատիկ» գյուղատնտեսական կոոպերատիվը ցույց է տալիս, թե ինչպես կարող են համատեղ գործողությունները նպաստել գյուղական բնակչության ապրուստի միջոցների ամրապնդմանը, բարձրացնել դիմադրողականությունը և ստեղծել նոր հնարավորություններ գյուղատնտեսական համայնքների համար։
Կոոպերատիվի պատմությունը վկայում է այն մասին, թե ինչպես կարող են ֆերմերները միավորել իրենց փորձը, ռեսուրսներն ու մասնագիտական գիտելիքները՝ միաժամանակ հիմնվելով իրենց անհատական գիտելիքների և ձեռնարկատիրական ջանքերի վրա։ Համագործակցության միջոցով «Հատիկի» անդամներն ամրապնդում են գյուղատնտեսական արտադրությունը և նպաստում ավելի դիմակայուն ու կայուն տեղական գյուղատնտեսական համակարգի ձևավորմանը։