Փախստականների կարգավիճակի մասին կոնվենցիայի 75-ամյակը
2026 թ․ հուլիսի 28-ին, աշխարհը նշում է Փախստականների կարգավիճակի մասին 1951 թվականի կոնվենցիայի 75-ամյակը, որը փախստականների միջազգային պաշտպանության հիմնաքարն է։ 75 տարի շարունակ Կոնվենցիան նպաստել է կյանքեր փրկելուն, իրավունքների պաշտպանությանը և ստեղծել այն իրավական հիմքը, որի շնորհիվ միլիոնավոր փախստականներ գտել են անվտանգություն, վերակառուցել իրենց կյանքը և իրենց ներդրումն ունեցել ընդունող համայնքներում։
Այս պատմական լուսանկարները վկայում են ՀՀ կառավարության և հայ ժողովրդի կողմից փախստականների նկատմամբ ցուցաբերված մարդասիրության և համերաշխության մասին։ Դրանք նաև պատկերում են մարդասիրական աշխատողների, առաջնագծում կանգնած սոցիալական աշխատողների և խնամողների, բուժքույրերի և բժիշկների, ինչպես նաև ՄԱԿ-ի Փախստականների գործակալության աշխատակիցների նվիրված աշխատանքը, որոնք ջանք չեն խնայել՝ ապահովելու Հայաստան ժամանած փախստականների ջերմ ընդունելությունն ու աջակցությունը՝ անվտանգություն և նոր սկիզբ փնտրելու ճանապարհին։
Ավելի քան երեք տասնամյակ Հայաստանը պաշտպանություն և աջակցություն է ցուցաբերել այն մարդկանց, ովքեր ստիպված են եղել լքել իրենց հարազատ տները։ Վերջին 33 տարիների ընթացքում Հայաստան ժամանած փախստականները գտել են ոչ միայն անվտանգ հանգրվան, այլև համայնքներ, որոնք պատրաստ են եղել օգնել նրանց վերակառուցել իրենց կյանքը։ Հայ ժողովրդի մեծահոգության և միջազգային հանրության աջակցության շնորհիվ շատերը կարողացել են անորոշությունը վերածել հնարավորության, դժվարությունները՝ դիմակայունության, իսկ հույսը՝ ապագայի նկատմամբ վստահության։
Մինչ աշխարհը նշում է Փախստականների կարգավիճակի մասին 1951 թվականի կոնվենցիայի 75-ամյակը, և մենք՝ UNHCR-ում, հետադարձ հայացք ենք գցում Հայաստանում հույսի, պաշտպանության և համերաշխության 33 տարիներին, այս լուսանկարները մեզ հիշեցնում են, որ յուրաքանչյուր իրավական հանձնառության հիմքում խիզախության, սրտացավության և դիմակայունության խորապես մարդկային պատմություններ են։ Դրանք հիշեցնում են, որ փախստականների պաշտպանությունը ոչ միայն իրավական պարտավորություն է, այլև մեր ընդհանուր մարդասիրության վառ արտահայտությունը։
Այս լուսանկարներն արտացոլում են Հայաստանի հյուրընկալության հարատև ավանդույթը և վերահաստատում մեր հանձնառությունը՝ ապահովելու, որպեսզի բռնի տեղահանված անձինք կարողանան գտնել անվտանգություն, արժանապատվություն և լուսավոր ապագա կերտելու հնարավորություն։
Այս հիշարժան օրը ոչ միայն անցած ճանապարհին հետադարձ հայացք նետելու, այլև ապագային նայելու առիթ է՝ վերահաստատելու փախստականների կողքին կանգնելու մեր պատրաստակամությունը և ամրապնդելու այն համերաշխությունն ու գործնական քայլերը, որոնք անհրաժեշտ են նրանց պաշտպանությունն ապահովելու համար։