Մամուլի հաղորդագրություն

Մեկնարկ տրվեց անտառների ազգային մոնիթորինգի և գնահատման համակարգի հիմնադրմանը՝ Հայաստանի կլիմայական դիմակայունությունն ու կայուն զարգացումն ամրապնդելու նպատակով

01 մայիսի 2026

Երևան, Հայաստան – 30 ապրիլի, 2026 թ. – Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան, նորին Գերազանցություն տիկին Անդրեա Բարբարա Բաումանը և Հայաստանում ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն ստորագրեցին «Աջակցություն Հայաստանում անտառների ազգային մոնիթորինգի և գնահատման համակարգի ստեղծմանը» ծրագրի պայմանագիրը։

Լուսանկարը՝ © FAO

Ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից և իրականացվում է ՊԳԿ-ի կողմից՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ համագործակցությամբ։

Հայաստանի անտառները, որոնք զբաղեցնում են երկրի ընդհանուր տարածքի մոտավորապես 11 տոկոսը, կենսական նշանակություն ունեն կենսաբազմազանության պահպանման, կլիմայի կարգավորման և գյուղական բնակչության կենսապահովման համար։ Այնուամենայնիվ, շրջակա միջավայրի նկատմամբ տասնամյակներ շարունակ իրականացվող կործանարար գործողությունները, այդ թվում վառելափայտի ոչ կայուն օգտագործումը, հողերի դեգրադացիան և կլիմայի փոփոխությունը, հանգեցրել են էկոհամակարգերի զգալի վատթարացման։ Երկրի տարածքի գրեթե 80 տոկոսում նկատվում են անապատացման նշաններ, մինչդեռ կլիմայական փոփոխության աճը շարունակում է խորացնել ռիսկերն ինչպես էկոհամակարգերի, այնպես էլ դրանցից կախված համայնքների համար։

Տվյալների բացերի լրացում՝ ազգային մոնիթորինգի համակարգի միջոցով

Հիմնական մարտահրավերներից մեկը վստահելի և արդիական անտառային տվյալների բացակայությունն է։ Հայաստանը 1980-ական թթ․ ի վեր չի իրականացրել անտառների ամբողջական հաշվառում (NFI), իսկ ինչ էլ որ կատարվել է, հիմնված է եղել հիմնականում անտառտնտեսության տվյալների ոչ արդիական հաշվառման մեթոդների, իսկ վերջին տարիներին նաև արբանյակային պատկերների վրա։

Արդիական տեղեկատվության պակասը սահմանափակել է երկրի կարողությունները՝ ապացույցների վրա հիմնված քաղաքականություններ մշակելու և կլիմայական ու բնապահպանական խնդիրներին արդյունավետ արձագանքելու համար։  

Նոր ստորագրված սույն ծրագիրը նպատակ ունի հաղթահարել այս կարևոր բացը՝ ձևավորելով անտառների ազգային մոնիթորինգի և գնահատման (NFMA) վստահելի համակարգ, ինչպես նաև իրականացնել անտառների ազգային հաշվառման պարբերական փուլերը։ Դաշտային տվյալների հավաքագրման համադրումը ժամանակակից տեխնոլոգիաների հետ, ինչպիսիք են, օրինակ՝ հեռահար զոնդավորումը և աշխարհագրական տեղեկատվական համակարգերը (GIS), հնարավորություն կընձեռի ստանալ ճշգրիտ և համապարփակ տվյալներ անտառային ռեսուրսների վերաբերյալ՝ ներառյալ անտառածածկույթը, անտառների առողջության վիճակը, կենսաբազմազանությունը և ածխածնի կլանումը։

Կարևոր է նշել, որ ծրագիրը հանդիսանում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից ֆինանսավորվող «Հայաստանում անտառների վերականգնում և կլիմայի փոփոխություն» (FORACCA) ծրագրի բաղադրիչ, որն աջակցում է համայնքային հողերում անտառապատման աշխատանքներին և խթանում է կլիմայական առումով խելամիտ անտառային կառավարման գործելակերպերը։ Այն նաև լրացնում է ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) կողմից իրականացվող «Հայաստանում անտառների դիմակայության բարձրացում՝ մեղմացման միջոցառումների շնորհիվ հարմարեցման և գյուղական վայրերում կանաչ տարածությունների ընդլայնման միջոցով» ծրագիրը՝ միասին նպաստելով Հայաստանում անտառների վերականգնման, մոնիթորինգի և կայուն անտառային կառավարման ավելի համակարգված և ինտեգրված մոտեցման ձևավորմանը։

Անցում մարտահրավերներից դեպի լուծումներ

Անտառների ազգային մոնիթորինգի համակարգի ստեղծումը կարևոր անցում է դեպի ավելի ներառական և վստահելի շրջանակ՝ անտառային ռեսուրսների մասին ընկալման և կառավարման համար։ Այն կնպաստի անտառային տվյալների հասանելիությանը և որակի բարելավմանը, կաջակցի ապացույցների վրա հիմնված որոշումների կայացմանը և կամրապնդի երկրի կարողությունները՝ բնապահպանական մարտահրավերներին և կլիմայական փոփոխությունների հետ կապված ռիսկերին ժամանակին և արդյունավետ արձագանքելու համար։

Լուսանկարը՝ © FAO

Ստորագրման արարողությանը հաջորդեց ողջույնի խոսք Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի կողմից, ով ընդգծեց․

«Անտառների ազգային մոնիթորինգի և գնահատման համակարգի ստեղծումը կարևորագույն քայլ է Հայաստանի համար։ Վստահելի տվյալները մեզ հնարավորություն կտան կայացնել տեղեկացված որոշումներ, նպատստել անտառների կայուն կառավարմանը և առավել արդյունավետ կերպով արձագանքել կլիմայի փոփոխության մարտահրավերներին»։

Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Անդրեա Բարբարա Բաումանն ընդգծեց գործընկերության նշանակությունն ու դրա երկարաժամկետ ազդեցությունը․

««Հայաստանում անտառների վերականգնում և կլիմայի փոփոխություն» ծրագրի միջոցով Շվեյցարիան աջակցում է Հայաստանին՝ կլիմայական գիտելիքների ամրապնդման, անտառային քաղաքականության և կառավարման գործելակերպերի բարելավման, ինչպես նաև կլիմայական ծառայությունների զարգացման ուղղությամբ։ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հետ այս համագործակցությունը ռազմավարական ներդրում է՝ աջակցելու Հայաստանին առավել կայուն և կլիմայական առումով դիմակայուն ապագայի ուղղությամբ առաջ շարժվելու համար, ինչպես նաև կատարելու միջազգային կլիմայական պարտավորությունները՝ Փարիզի համաձայնագրի և ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի շրջանակներում»։

Հայաստանում  Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն ընդգծեց․

«Ծրագրի շրջանակներում ՊԳԿ-ն Հայաստանին  է փոխանցում անտառների մոնիթորինգի և հաշվառման համակարգերի ոլորտում կուտակված գլոբալ փորձառությունը՝ աջակցելու երկրին ամուր ազգային կարողությունների ձևավորման և վստահելի տվյալների համակարգի հաստատման գործում, որը կուղղորդի քաղաքականությունների մշակմանը և կնպաստի Կայուն զարգացման նպատակների իրականացմանը»։

Լուսանկարը՝ © FAO

Տվյալների համակարգերի ամրապնդումից բացի, ծրագիրը նաև կնպաստի ազգային կարողությունների զարգացմանը՝ աջակցելով Անտառների ազգային մոնիթորինգի մասնագիտացված ստորաբաժանման ստեղծմանն ու գործունեությանը։ Վերապատրաստման ծրագրերը, դաշտային աշխատանքները և գիտելիքի փոխանակման միջոցառումները կապահովեն, որ ազգային կառույցները երկարաժամկետ հեռանկարում կարողանան ինքնուրույն և կայուն կերպով իրականացնել անտառների մոնիթորինգի գործընթացները։ Այս համատեքստում կարևոր դերակատարում կունենա Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ ապահովելով նախաձեռնության շարունակականությունը ծրագրի ավարտից հետո։

Համակարգը նաև կիրականացնի անտառվերականգնման, անտառապատման և ագրոանտառային գործունեությունների մոնիթորինգ ամբողջ երկրի տարածքում՝ տրամադրելով կարևոր վերլուծական տվյալներ դրանց արդյունավետության վերաբերյալ ինչպես նաև աջակցելով հարմարվողական կառավարմանը։ Այն կնպաստի ապօրինի անտառահատումների դեմ պայքարին, էկոհամակարգերի դիմակայունության բարձրացմանը և անտառային ռեսուրսների, այդ թվում՝ ոչ փայտային անտառային արտադրանքի, կայուն օգտագործման խթանմանը։

Anna Poghosyan

Աննա Պողոսյան

ՊԳԿ
Հաղորդակցության մասնագետ

Այս նախաձեռնությանը մասնակցող ՄԱԿ-ի գործակալությունները

ՊԳԿ
Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն

Նպատակները, որոնց մենք աջակցում ենք այս նախաձեռնությամբ