Մամուլի հաղորդագրություն

Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) և Հայաստանի Հանրապետությունը մեկնարկում են 2026-2030 թվականների Երկրի գործընկերության շրջանակը՝ գյուղատնտեսական պարենային համակարգերի փոխակերպումը խթանելու նպատակով

05 մայիսի 2026

Երևան, Հայաստան – Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և Հայաստանում ՊԳԿ-ի ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն 2026 թվականի ապրիլի 30-ին ստորագրեցին Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության և Հայաստանի Հանրապետության կառավարության 2026-2030 թվականների Երկրի գործընկերության շրջանակը (ԵԳՇ), որը սահմանում է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ռազմավարական համագործակցության ուղղություններն առաջիկա հինգ տարիների համար։  

Լուսանկարը՝ © ՊԳԿ

2026–2030 թվականների Երկրի գործընկերության շրջանակը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության ազգային զարգացման առաջնահերթություններին, ինչպես նաև ՄԱԿ-ի Կայուն զարգացման համագործակցության շրջանակին (UNSDCF) 2026–2030 թվականների համար՝ ապահովելով Միավորված ազգերի կազմակերպության համակարգված աջակցությունը։

Շրջանակը մշակվել է ազգային և միջազգային շահագրգիռ կողմերի մասնակցությամբ իրականացված համապարփակ խորհրդակցությունների արդյունքում և ուրվագծում է մեկ ընդհանուր տեսլական՝ ուղղված դիմակայուն, ներառական, արտադրողական և կայուն գյուղատնտեսական պարենային համակարգի ձևավորմանը, որը հիմնված է հինգ փոխկապակցված ռազմավարական արդյունքների վրա։

Երկրի գործընկերության շրջանակի (ԵԳՇ) միջոցով ՊԳԿ-ն կտրամադրի տեխնիկական փորձագիտական աջակցություն, քաղաքականությունների մշակման և կատարելագործման աջակցություն, ինչպես նաև կհամակարգի գյուղատնտեսական պարենային համակարգերի վերափոխումն առաջ մղելու համար անհրաժեշտ կարողությունները:

Առաջնահերթ ուղղությունները ներառում են կայուն գյուղատնտեսության զարգացումը և դիմակայուն արժեքային շղթաների ձևավորումը, հողերի կոնսոլիդացիան և ռեսուրսների արդյունավետ օգտագործումը, կլիմայական առումով խելամիտ գյուղատնտեսությունը և էկոհամակարգերի վերականգնումը, թվային վերափոխումը, աղետների ռիսկի նվազեցումը և կանխատեսողական  գործողությունները, անտառտնտեսության զարգացումը և հողերի վերականգնումը, ինչպես նաև ներառական գյուղատնտեսական զարգացումը՝ հատուկ շեշտադրում կատարելով կանանց և երիտասարդների ներգրավվածության վրա։

Ստորագրման արարողության ընթացքում պաշտոնական ելույթներով հանդես եկան նախարար պրն․ Գևորգ Պապոյանը և Հայաստանում ՊԳԿ-ի ներկայացուցիչ պրն․ Ռայմունդ Յելեն։

Միջոցառման բացման խոսքում, նախարար Պապոյանն ընդգծեց կառավարության հանձնառությունը ոլորտի զարգացման ուղղությամբ՝ նշելով. «Այսօրվա փաստաթղթի  ստորագրումը նշանակալի քայլ է Հայաստանի գյուղատնտեսական պարենային ոլորտի արդիականացման և գյուղական զարգացման ամրապնդման ճանապարհին: ՊԳԿ-ի հետ այս համագործակցության միջոցով մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ կառուցելու առավել դիմակայուն, մրցունակ և ներառական գյուղատնտեսական համակարգ, որը շոշափելի արդյունքներ կապահովի մեր գյուղական համայնքների համար»:

Իր ելույթի ընթացքում Յելեն ընդգծել է ՊԳԿ-ի դերը ազգային կարողությունների ամրապնդման և ներառական, ապացույցների վրա հիմնված մոտեցումների խթանման գործում՝ նշելով. «2026–2030 թվականների Երկրի գործընկերության շրջանակն արտացոլում է ՊԳԿ-ի հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանին կարողությունների հզորացման, գիտելիքների փոխանակման և տեխնիկական փորձագիտական աջակցության միջոցով: Տվյալահեն որոշումների կայացման առաջմղմամբ, նորարարության խթանմամբ և գենդերային հավասարության ու կանանց հզորացման համակարգված ինտեգրմամբ բոլոր միջամտություններում, մենք նպատակ ունենք աջակցելու առավել ներառական, արդյունավետ և կայուն գյուղատնտեսական պարենային համակարգերի զարգացմանը, որոնք ոչ ոքի անտեսված չեն թողնի»:

Ակնկալվում է, որ Երկրի գործընկերության շրջանակը կծառայի որպես շարժիչ ուժ՝ գյուղատնտեսական պարենային ոլորտում համակարգված համագործակցության խորացման, ինստիտուցիոնալ փոխգործակցության ամրապնդման և շարունակական ներդրումների խթանման համար՝ նպաստելով ազգային առաջնահերթությունների առավել արդյունավետ իրականացմանը։

Վերոնշյալ նպատակների իրականացումը կաջակցի ինտեգրված և ապացույցների վրա հիմնված մոտեցումների աստիճանական ընդլայնմանը՝ այդպիսով ամրապնդելով Հայաստանի երկարաժամկետ ուղին դեպի դիմակայուն, ներառական և կայուն գյուղատնտեսական պարենային համակարգերի վերափոխում։

Anna Poghosyan

Աննա Պողոսյան

ՊԳԿ
Հաղորդակցության մասնագետ

Այս նախաձեռնությանը մասնակցող ՄԱԿ-ի գործակալությունները

ՊԳԿ
Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն

Նպատակները, որոնց մենք աջակցում ենք այս նախաձեռնությամբ