Լոռու և Սյունիքի մարզերում՝ Հայաստանի այն երկու տարածաշրջաններում, որոնք հայտնի են իրենց բազմազան լանդշաֆտներով և գյուղական համայնքներով, նոր տնկված ծառերի տնկիներն արդեն արմատավորվում են։ Այս տարածաշրջանների տնկարաններում աճեցված այս ծառերը կնպաստեն այն անտառների վերականգնմանը, որոնք դեգրադացիայի են ենթարկվել տարիների ընթացքում վառելափայտի ինտենսիվ օգտագործման և կլիմայական գործոններով պայմանավորված, ինչը թուլացրել է էկոհամակարգերը և դրանց կողմից կենսական էկոհամակարգային ծառայությունների ապահովման կարողությունները։
Այս մարտահրավերներին արձագանքելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) և Կանաչ կլիմայի հիմնադրամի (GCF) աջակցությամբ և Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի ներգրավմամբ նախաձեռնել է «Հայաստանի անտառների դիմակայունություն» ծրագիրը։ Այս նախաձեռնությունը նպատակ ունի ավելացնել անտառածածկ տարածքները 2.5 տոկոսով և նվազեցնել վառելափայտի պահանջարկը առնվազն 30 տոկոսով՝ անդրադառնալով անտառ-էներգիա փոխկապակցվածությանը և միաժամանակ նպաստելով Հայաստանի կլիմայական նպատակների իրականացմանը։
Անտառների վերականգնում և էներգետիկ նորարարություն
Ծրագրի իրականացման չորս տարիների ընթացքում արդեն տեսանելի են արձանագրված արդյունքներն ու առաջընթացը։ Տնկարաններում արտադրվել է ավելի քան 570,000 տնկիներ, իսկ 577.8 հեկտար տարածք արդեն իսկ անտառապատվել է և պատշաճ կերպով պահպանվում է։ Նախագծի ավարտին նախատեսվում է վերականգնել 7,300 հեկտար տարածք, իսկ 2026 թվականին նախատեսվում է իրականացնել տնկարանների ընդլայնումը՝ առաջընթացն էլ ավելի արագացնելու նպատակով։
Միևնույն ժամանակ, ծրագիրն ուսումնասիրում է էներգաարդյունավետ փայտե վառարանների այլընտրանքային լուծումներ՝ գյուղական վայրերում տնային տնտեսությունների կախվածությունը վառելափայտից նվազեցնելու համար։ Ներկայումս մշակման փուլում են մի քանի նախատիպեր, որոնք նախատեսված են փայտի սպառումը կրճատելու, բնակարաններում օդի որակը բարելավելու և ջերմոցային գազերի արտանետումները նվազեցնելու համար։ Այս լուծումները՝ անտառապատման և անտառների բարելավման միջոցառումների հետ միասին համադրված, նպաստում են աշխատատեղերի ստեղծմանը, մատչելի էներգիայի հասանելիության բարելավմանը և ամրապնդում գյուղական համայնքների դիմակայունությունը։ Դրանք իրական օրինակներ են այն մասին, թե ինչպես է կլիմայական ֆինանսավորումը շոշափելի օգուտներ բերում մարդկանց և էկոհամակարգերի համար։
Անտառների, էներգետիկայի և համայնքների փոխկապակցում
Ծրագիրն առանձնանում է իր համակցված նախագծմամբ։ Այն համատեղում է անտառապատման միջոցառումները էներգաարդյունավետության բարձրացման և համայնքային ներգրավվածության հետ՝ ապահովելով, որ իրականացվող փոփոխությունները լինեն կայուն և հարմարեցված տեղական կարիքներին։
Տեղական ինքնակառավարման կառույցները շարունակաբար ամրապնդվում են, որպեսզի գյուղական վայրերում տնային տնտեսությունները կարողանան ակտիվորեն մասնակցել բնական ռեսուրսների կառավարմանը։
Այս մասնակցային մոդելը ձևավորում է պատասխանատվության զգացում և հաշվետվողականություն՝ ստեղծելով համակարգեր, որոնք արդյունավետ աշխատում են ինչպես մարդկանց, այնպես էլ անտառների համար։
Գիտելիքների ձևավորումը հանուն դիմակայուն կլիմայական ապագայի
Կրթությունը և կարողությունների զարգացումը կարևորագույն նշանակություն ունեն ծրագրի հաջողության համար։
Անտառային տնտեսության և կլիմայի վերաբերյալ ուսումնական ծրագրերը թարմացվել են Հայաստանի առաջատար բուհերում և մասնագիտական ուսումնական հաստատություններում՝ ապագա մասնագետներին զինելով բնական ռեսուրսների կայուն կառավարման համար անհրաժեշտ հմտություններով։ Միաժամանակ նաև իրականացվում են վերապատրաստման ծրագրեր անտառտնտեսության, էներգաարդյունավետության և կլիմայական պայմաններին հարմարվող անտառտնկման ուղղություններով, այս դասընթացները հասանելի են ինչպես ուսանողների, այնպես էլ ոլորտի մասնագետների համար:
Քաջարանի, Վանաձորի և Ալավերդու մասնագիտական ուսումնական հաստատությունները համալրվել են ժամանակակից եռակցման սարքավորումներով՝ նպաստելով էներգաարդյունավետ տեխնոլոգիաների ոլորտում գործնական ուսուցման բարելավմանը՝ նախապատրաստելով տեխնիկական մասնագետների հաջորդ սերնդին՝ աջակցելու Հայաստանի անցումը դեպի ցածր արտանետումների զարգացում։
Վերջապես ավարտին են հասցվել անտառների կայուն կառավարման ազգային ուղեցույցները, իսկ Հայաստանի անտառների մշտադիտարկման և գնահատման համակարգի ձևավորումը գտնվում է մշակման փուլում, որի շրջանակներում մինչ օրս ուսումնասիրվել է 297 անտառային տարածքներ։ Այս տվյալների վրա հիմնված մոտեցումն ամրապնդում է Հայաստանի կարողությունները՝ հետևելու առաջընթացին, հարմարեցնելու ռազմավարությունները և ապահովելու անտառային ռեսուրսների հաշվառման համակարգի զարգացումն ու պահպանումը՝ համապատասխանեցված Կլիմայի փոփոխության վերաբերյալ Փարիզի համաձայնագրի շրջանակներում ստանձնած պարտավորություններին։
Ինչու՞ է այս հարցը կարևոր Հայաստանի կլիմայական նպատակների իրականացման համար
«Հայաստանի անտառների դիմակայունություն» ծրագիրը վերաիմաստավորում է անտառային կառավարման մոտեցումները՝ համադրելով անտառապատումն էներգաարդյունավետության և համայնքների հզորացման հետ։ Վառելափայտի պահանջարկի նվազեցման, դեգրադացված տարածքների վերականգնման և կառավարման բարելավման միջոցով՝ ՊԳԿ-ն և գործընկերներն աջակցում են Հայաստանի Հանրապետությանը՝ կառուցելու ցածր արտանետումներով և կլիմայական փոփոխությունների նկատմամբ դիմակայուն ապագա։
Մինչ Հայաստանը շարժվում է դեպի 2029 թվականը, այդ ընթացքում գրանցված առաջընթացը կգնահատվի ոչ միայն տնկված հեկտարներով կամ բաշխված վառարանների քանակով, այլ նաև գյուղական վայրերում տնային տնտեսությունների դիմակայունությամբ և անտառային էկոհամակարգերի առողջությամբ։
Համայնքների և անտառների համատեղ բարգավաճման տեսլականն այժմ արդեն իսկ արմատավորվում է Լոռու և Սյունիքի մարզերում՝ յուրաքանչյուր տնկիի հետ մեկտեղ։