Մամուլի հաղորդագրություն

Երևանում անցկացվում է ծխախոտի դեմ պայքարի և հանրային առողջապահության խթանմանը նվիրված միջազգային հանդիպում

26 մարտի 2026

ԵՐԵՎԱՆ, ՀՀ, 2026թ․ մարտի 25-ը․ Այս շաբաթ ավելի քան տասնյակ երկրների կառավարությունների ներկայացուցիչներ, միջազգային փորձագետներ և հանրային առողջապահության ոլորտի ղեկավարներ մասնակցում են Երևանում անցկացվող «Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի 2030թ․ ծրագրի» (ԾՊՇԿ 2030) տարեկան հանդիպմանը՝ նվիրված ծխախոտի դեմ պայքարի ամրապնդման և կայուն զարգացման առաջընթացի խթանմանը:

Լուսանկարը՝ © WHO

Մարտի 25-ից 27-ին անցկացվող եռօրյա հանդիպումը կազմակերպել է ԱՀԿ ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի քարտուղարությունը՝ ԱՀԿ-ի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությամբ։ Հանդիպմանը մասնակցում են կոնվենցայի մասնակից երկրների ներկայացուցիչներ, ԱՀԿ փորձագետներ և գործընկերներ։ Միջոցառման նպատակն է գնահատել առաջընթացը, հասցեագրել կիրարկման հետ կապված մարտահրավերները և սահմանել առաջնահերթություններ ծխախոտի դեմ պայքարի շրջանակում ազգային մակարդակով իրականացվելիք գործողությունների համար։  

Հանդիպումն անցկացվում է Հայաստանում՝ ի ճանաչումն երկրի կողմից ծխախոտի դեմ պայքարի ոլորտում արձանագրած առաջընթացի՝ «ԾՊՇԿ 2030» ծրագրի աջակցությամբ։

«Ծխախոտի դեմ պայքարի և առհասարակ առողջ կենսակերպի մշակույթի ձևավորման քաղաքականությունը մեր Կառավարության և մասնավորապես Առողջապահության նախարարության համար առաջնահերթություն է: Օրենքի ընդունման ընթացքը բավականին դժվար էր, բայց ես ուրախ եմ, որ քաղաքական կամքն օգնեց մեզ առաջ շարժվելու:  Այսօր նոր տեխնոլոգիաները, ծխախոտային և նիկոտին պարունակող արտադրանքների մարքեթինգի նոր ձևերը հատկապես թիրախավորում են երեխաներին ու դեռահասներին, և մեր համատեղ պատասխանատվությունն է գտնել արդյունավետ ուղիներ՝ նրանց, ինչպես նաև ամբողջ բնակչության առողջությունը պահպանելու համար։ Այս համատեքստում ծրագիրը ծառայում է որպես կենսական կարևորության հենարան՝ բնակչությանը ծխախոտի վնասներից պաշտպանելու և դրանով իսկ կայուն զարգացմանը նպաստելու համար», - ողջունելով ներկաներին նշել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«ԾՊՇԿ 2030» ծրագիրն ԱՀԿ-ի Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի քարտուղարության առաջատար զարգացման աջակցության նախաձեռնությունն է։ Նախաձեռնության շրջանակում աջակցություն է տրամադրվում ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներին ԱՀԿ ԾՊՇԿ-ի՝ աշխարհում առաջին հանրային առողջության վերաբերյալ միջազգային համաձայնագրի շրջանակում ծխախոտի դեմ պայքարի ապացուցահեն գործողությունների իրականացման հարցում։ Նախաձեռնության նպատակն է նվազեցնել ծխախոտի օգտագործման տնտեսական, սոցիալական, բնապահպանական և առողջապահական հետևանքները՝ միաժամանակ նպաստելով կայուն զարգացման նպատակներին։

«Ծխախոտի օգտագործման առողջապահական, տնտեսական, սոցիալական և բնապահպանական հետևանքների հաղթահարումը պահանջում է շարունակական հանձնառություն և կուռ համագործակցություն։ «ԾՊՇԿ 2030» ծրագրի միջոցով աշխարհի տարբեր երկրներ հնարավորություն են ունեցել համագործակցել, միմյանց ներկայացնել գործնական լուծումներ և համապատասխան քաղաքականություններ մշակել՝ ուղղված ծխախոտի օգտագործման համաշխարհային համաճարակին վերջ տալուն»,- նշել է ԱՀԿ ԾՊՇԿ քարտուղարության ղեկավարի պաշտոնակատար Էնդրյու Բլեքը։  

Հանդիպման ընթացքում մասնակից երկրները կքննարկեն ծխախոտի դեմ պայքարի ազգային ծրագրերի իրականացման առաջընթացը, կներկայացնեն քաղված դասերը և կսահմանեն ապագա գործողությունների առաջնահերթությունները։ Քննարկումների ընթացքում կշեշտադրվեն այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ քաղաքականության մշակման հիմնական ոլորտները, ներառյալ ծխախոտային նոր արտադրատեսակների կարգավորումը, ծխախոտի դեմ պայքարի օրենքների կիրարկումը, փաթեթավորման վրա առողջության վերաբերյալ նախազգուշացումներ զետեղելու առավելությունները և ապօրինի առևտրի դեմ պայքարի միջոցառումները։

Որպես 2020 թվականից «ԾՊՇԿ 2030» ծրագրի մասնակից՝ Հայաստանը կներկայացնի իր ազգային փորձը, ներառյալ օրենսդրական փոփոխությունների համատեքստում առաջընթացը և կիրարկման ջանքերը։ Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին 2020թ․ ՀՀ օրենքով խստացվել են ծխից զերծ միջավայրեր ստեղծելու ուղղությամբ միջոցառումները, գովազդի սահմանափակումները, փաթեթավորմանը և մակնշմանը ներկայացվող պահանջները, ներդրվել են ծխելը դադարեցնելուն աջակցող միջոցառումներ և ծխախոտի հարկման նոր մեխանիզմներ։

«Ծխախոտի դեմ պայքարի հարցում Հայաստանի շարունակական ջանքերը գնահատելի են։ «ԾՊՇԿ 2030» նախաձեռնության միջոցով հանձնառությունները կոնկրետ գործողությունների վերածելով՝ երկիրը հստակ ուղի է հարթում դեպի ավելի առողջ ապագա և պաշտպանում է գալիք սերունդներին»,- բացման արարողության ժամանակ նշել է ՀՀ-ում ԱՀԿ-ի ներկայացուցիչ դոկտոր Սիդարթա Դատտան։

2027 թվականին Հայաստանը նաև հյուրընկալելու է ԱՀԿ-ի Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի Կողմերի համաժողովի և Ծխախոտային արտադրատեսակների ապօրինի առևտրի վերացման մասին արձանագրության Կողմերի հանդիպման հաջորդ նիստերը՝ այդպիսով երկիրը դիրքավորելով որպես ծխախոտի դեմ պայքարի խթանման համաշխարհային գործողությունների կենտրոն։

Հանդիպումը նաև կծառայի որպես հարթակ 2026 թվականի աշխատանքային ծրագրերը ձևավորելու համար, որի շրջանակում երկրները կսահմանեն առաջնահերթություններ, համաձայնության կգան կոնկրետ գործողությունների շուրջ և կամրապնդեն գործընկերությունը համագործակցության և գիտելիքների փոխանակման միջոցով։

«ԾՊՇԿ 2030» նախաձեռնությունը ծխախոտի օգտագործման կրճատմանն ուղղված ավելի լայն համաշխարհային ջանքերի մի մասն է։ Ծխախոտի օգտագործումը, որը տարեկան ավելի քան 7 միլիոն մարդկյային կյանք է խլում, կանխարգելելի մահերի հիմնական պատճառներից մեկն է։

ԱՀԿ ԾՊՇԿ-ի և «ԾՊՇԿ 2030» ծրագրի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար՝ https://fctc.who.int/convention/development-assistance/fctc-2030 

WHO Risk Communication and Community Engagement Consultant

Հռիփսիմե Օհանյան

ԱՀԿ
Հաղորդակցության և գործընկերության հարցերով պատասխանատու

Այս նախաձեռնությանը մասնակցող ՄԱԿ-ի գործակալությունները

ԱՀԿ
Առողջապահության համաշխարհային կազմակերպություն

Նպատակները, որոնց մենք աջակցում ենք այս նախաձեռնությամբ