Հայկական պատվիրակությունը ուսումնական այց է իրականացրել Ավստրիա և Չեխիայի Հանրապետություն
09 մարտի 2026
Երևան, Հայաստան – 2026 թ. մարտի 2–6. ԵՄ/ՄԱԱԶԿ «Աջակցություն որակի ենթակառուցվածքին Հայաստանում» ծրագրի շրջանակում Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը բարձր մակարդակի ուսումնական այց է կատարել Ավստրիա և Չեխիայի Հանրապետություն։ Պատվիրակության կազմում էին ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի և Ստանդարտների և չափագիտության ազգային մարմնի (ԱՐՄՍՏԱՆԴԱՐՏ) ներկայացուցիչներ:
Այցի նպատակն էր աջակցել Հայաստանի համապատասխանեցմանը Եվրոպական միության իրավական չափագիտության առանցքային դիրեկտիվներին, այդ թվում՝ չափման գործիքների մասին դիրեկտիվին (2014/32/EU), ոչ ավտոմատ կշռման գործիքների մասին դիրեկտիվին (2014/31/EU) և նախապես փաթեթավորված արտադրանքի մասին դիրեկտիվին (76/211/EEC)։
Մարտի 2-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանի գլխավորությամբ հանդիպում տեղի է ունեցել Միավորված ազգերի կազմակերպության արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ) կենտրոնակայանում, որի ընթացքում քննարկվել է որակի ենթակառուցվածքի ծրագրի շրջանակում արձանագրված առաջընթացը, ինչպես նաև դիտարկվել են համագործակցության հետագա հնարավորությունները՝ ուղղված Հայաստանի առևտրի մրցունակության և կայուն արդյունաբերական զարգացման ամրապնդմանը։ Պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաև Ավստրիայի Չափագիտության և քարտեզագրման դաշնային գրասենյակի (BEV) և դրա Ֆիզիկատեխնիկական փորձարկումների ծառայության (PTP) ներկայացուցիչների հետ՝ իրավական չափագիտության կարգավորումների կիրառման և ազգային որակի ենթակառուցվածքի համակարգի ինստիտուցիոնալ կազմակերպման փորձի փոխանակման նպատակով։
Հայաստանի պետական մարմինների ներկայացուցիչների ուսումնական այցը շարունակվել է Պրահայում՝ մարտի 4-ին կայացած հանդիպումներով Չեխիայի Ստանդարտների, չափագիտության և փորձարկումների գրասենյակում (UNMZ)։ Այստեղ փորձագետները ներկայացրել են Չեխիայի որակի ենթակառուցվածքի իրավական և ինստիտուցիոնալ շրջանակը և դրա ինտեգրումը ազգային կարգավորող համակարգում։ Չեխիայի առևտրային տեսչության ներկայացուցիչները ներկայացրել են երկրի շուկայի վերահսկողության համակարգը և դրա կիրառման մեխանիզմները։ Չեխիայի չափագիտության ինստիտուտում (CMI) հայկական պատվիրակությունը ծանոթացել է վերջինիս կառուցվածքին, կառավարման մոդելին և ֆինանսավորման մեխանիզմներին՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով ինստիտուցիոնալ։
Մարտի 5-ին պատվիրակությունը այցելել է Չեխիայի չափագիտության ինստիտուտի տարածաշրջանային մասնաճյուղը Չեսկե Բուդեյովիցե քաղաքում, որտեղ փորձագետները ներկայացրել են նախապես փաթեթավորված արտադրանքը կարգավորող Եվրոպական միության իրավական շրջանակը և ցուցադրել համապատասխան դիրեկտիվի պահանջների համապատասխանությունը ստուգելու գործնական ընթացակարգերը։ Մասնակիցները նաև այցելել են տեղական խոշոր արտադրամասերից մեկը և տեղում դիտարկել վիճակագրական նմուշառման մեթոդների և կշռման սարքավորումների կիրառումը՝ նախապես փաթեթավորված արտադրանքի քանակը ստուգելու նպատակով։
Ուսումնական այցի վերջին օրը Յիհլավայում մասնակիցները ծանոթացել են Չափման գործիքների մասին դիրեկտիվի (2014/32/EU) իրականացմանը, մասնավորապես՝ վառելիքաբաշխիչ սարքերին վերաբերող դրույթներին։ Չեխիայի չափագիտության ինստիտուտի տարածաշրջանային մասնաճյուղում փորձագետները ներկայացրել են համապատասխան կարգավորող պահանջները և ցուցադրել ստուգման համար օգտագործվող սարքավորումները։ Այնուհետև պատվիրակությունը այցելել է Յիհլավայի շրջակայքում գտնվող բենզալցակայաններ: Այստեղ մասնակիցները դիտարկել են վառելիքաբաշխիչ սարքերի և հեղուկացված նավթային գազի (LPG) հաշվիչների գործնական ստուգման գործընթացը՝ անմիջական պատկերացում կազմելով այն մասին, թե ինչպես են ԵՄ չափագիտական պահանջները կիրառվում իրական միջավայրում՝ ապահովելու չափումների ճշգրտությունն ու սպառողների պաշտպանությունը։
Այս ուսումնական այցը հայկական հաստատություններին հնարավորություն տվեց ձեռք բերել պրակտիկ գիտելիք Եվրոպական միության չափագիտական դիրեկտիվների իրականացման ոլորտում և ամրապնդել համագործակցությունը եվրոպական գործընկերների հետ։ Նախաձեռնությունը նպաստում է Հայաստանի որակի ենթակառուցվածքի համակարգի զարգացմանը և աջակցում երկրի պարտավորությունների իրականացմանը ԵՄ–Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) շրջանակում։
«Աջակցություն որակի ենթակառուցվածքին Հայաստանում» ծրագիրն իրականացնում է ՄԱԱԶԿ-ը՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ։ Ծրագրի հիմնական նպատակն է զարգացնել ԱՐՄՍՏԱՆԴԱՐՏ-ի կարողությունները՝ շահառուներին միջազգայնորեն ընդունելի չափագիտական ծառայություններ մատուցելու համար։ Հայաստանի չափագիտության համակարգի իրավական, կառուցվածքային և տեխնիկական կարգավորումների բարելավման միջոցով ծրագիրը նպաստում է համակարգի արդիականացմանը՝ խթանելով տնտեսության դիվերսիֆիկացիան և առևտրի մրցունակության բարձրացումը, ինչը համահունչ է ԵՄ-ի հետ ստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով» (CEPA) Հայաստանի ստանձնած հանձնառություններին։
Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել`
Ծրագրի ղեկավար Ցոնգ Վուին` C.WU@unido.org
Ծրագրի համակարգող Հայաստանում Մանե Թափալցյանին` m.tapaltsyan@unido.org