Մամուլի հաղորդագրություն

Հայաստանը մեկնարկում է ՄԱԿ-ի հետ համատեղ ծրագիր՝ կայուն ֆինանսավորման հասանելիության ապահովում՝ Հայաստանում սնուցման նկատմամբ զգայուն, կլիմայախելամիտ պարենային համակարգերի վերափոխման համար

29 հունվարի 2026

ՄԱԿ-ի հետ համատեղ իրականացվող նոր ծրագիրն աջակցում է ներառական, կլիմայախելամիտ և սնուցման նկատմամբ զգայուն պարենային համակարգերի վերափոխմանը։

Լուսանկարը՝ © FAO

ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբի ղեկավարությամբ և ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) Միասնական հիմնադրամի աջակցությամբ, Հայաստանի Հանրապետությունը՝ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ), ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի (ՇՄԾ) հետ համատեղ, 2026 թվականի հունվարի 29-ին պաշտոնապես մեկնարկել է «Կայուն ֆինանսավորման հասանելիության ապահովում՝ Հայաստանում սնուցման նկատմամբ զգայուն, կլիմայախելամիտ պարենային համակարգերի վերափոխման համար» ծրագիրը։

Ծրագիրը նպատակ ունի խթանել ներառական, փոփոխվող կլիմայական պայմաններում դիմակայուն և կայուն պարենային համակարգերի զարգացումը Հայաստանում՝ բարելավելով ֆինանսավորման հասանելիությունը, ամրապնդելով կլիմայախելացի արժեշղթաները և խթանելով առողջ սննդի սպառումը։ Այն հանդես է գալիս ի աջակցություն ազգային առաջնահերթություններին և նպատակ ունի ներկայացնել լուծումներ՝ դիմակայուն, շրջակա միջավայրի նկատմաբ կայուն պարենային համակարգեր կառուցելու համար։

Ծրագիրը կենտրոնանում է չորս ոլորտների վրա, որոնք անմիջական ազդեցություն ունեն մարդկանց կյանքի վրա՝ սերմնարտադրության հզորացում, կաթի արժեշղթայի կայուն զարգացում, գյուղատնտեսական փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) համար ֆինանսավորման հասանելիության ընդլայնում, ինչպես նաև առողջ և կայուն սննդի սպառման խթանում:

Ակնկալվում է, որ այս միջամտությունները համատեղ կօգնեն գյուղատնտեսներին բարձրացնել արտադրողականությունը, նվազեցնել շրջակա միջավայրի վրա ճնշումը, ստեղծել գյուղաբնակ վայրերում զբաղվածության հնարավորություններ և բարելավել առողջարար սննդի հասանելիությունն ամբողջ երկրում:

Ֆրանսուազ Ժակոբը՝ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողը, նշել է. «Այս ծրագիրը վերաբերում է մարդկանց՝ գյուղատնտեսների, ձեռնարկատերերի և սպառողների մեջ ներդրումներ կատարելուն, որպեսզի նրանք կարողանան դառնալ պարենային համակարգի մի մասը, որը նպաստում է նրանց առողջությանը, կենսապահովմանը և շրջակա միջավայրի պահպանությանը: Համատեղ գործողությունները կենսաբազմազանության օրակարգը կբարձրացնեն գյուղատնտեսական առաջնահերթությունների շարքում՝ կայուն պարենային համակարգերը վերածելով ներառական և երկարաժամկետ աճի առանցքային շարժիչ ուժի: Այս համատեղ ծրագիրն աջակցվում է Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) Միասնական հիմնադրամի կողմից: Մենք բարձր  ենք գնահատում Եվրոպական միության, ինչպես նաև Բելգիայի, Դանիայի, Գերմանիայի, Իռլանդիայի, Իտալիայի, Լյուքսեմբուրգի, Մոնակոյի, Նիդեռլանդների, Նորվեգիայի, Լեհաստանի, Պորտուգալիայի, Կորեայի Հանրապետության, Սաուդյան Արաբիայի, Իսպանիայի, Շվեդիայի և Շվեյցարիայի կառավարությունների ներդրումները՝ ԿԶՆ-ների իրականացման ուղղությամբ առաջընթացն արագացնելու գործում»:

Համատեղ ծրագիրը համահունչ է Հայաստանի 2023–2026 թվականների պարենային անվտանգության ռազմավարությանը և 2021 թվականի ազգային պարենային համակարգերի ուղենիշին, միաժամանակ նպաստելով ԿԶՆ-երին, մասնավորապես՝ պարենային անվտանգությանը և սնուցմանը, կլիմայական գործողություններին և կայուն տնտեսական աճին վերաբերող ուղղություններին: Կապելով քաղաքականության աջակցությունը գործնական ներդրումների հետ՝ նախաձեռնությունը խթանում է կլիմայական պայմանների նկատմամբ դիմակայուն գյուղատնտեսությունը, բնության վրա դրական ազդող արտադրությունը և ներառական տնտեսական հնարավորությունները:

Ռայմունդ Յելեն՝ ՊԳԿ-ի ներկայացուցիչը Հայաստանում, նշել է. «ՊԳԿ-ն կարևորում է կայուն ֆինանսավորման հասանելիության ապահովումը որպես հիմնարար պայման՝ գյուղատնտեսների և գյուղատնտեսական-պարենային ՓՄՁ-ների համար՝ կլիմայական առումով խելամիտ լուծումներ ներդնելու, տեղական պարենային արժեշղթաներն ամրապնդելու և առողջ սննդակարգը խթանելու գործում: Որպես այս համատեղ ծրագիրն առաջնորդող գործակալություն՝ ՊԳԿ-ն կաջակցի քաղաքականության առաջնահերթությունների վերածմանը իրական և շոշափելի արդյունքների անմիջապես տեղում»։

Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին նշել է. «Այս համատեղ ծրագիրը, որն իրականացվում է ՊԳԿ-ի, ՄԱԶԾ-ի և ՇՄԾ-ի կողմից, ներկայացնում է արդյունքների վրա հիմնված և նորարարական ֆինանսավորման մոդել, որը կապում է մասնավոր ներդրումները կաթի արտադրողականության, արոտավայրերի վերականգնման և գյուղատնտեսների  կենսապահովման բարելավման փաստացի արդյունքների հետ։  Այն ցույց է տալիս, որ գյուղատնտեսական վերափոխումը Հայաստանում կարող է լինել միաժամանակ և՛ կլիմայական առումով խելամիտ, և՛ կենսաբազմազանությանը նպաստող՝ ապահովելով չափելի սոցիալական և տնտեսական եկամուտներ:

Կաթնամթերքի ոլորտում զարգացման պարտատոմսերի պիլոտային ծրագրի միջոցով ՄԱԶԾ-ն ստեղծում է պարզ և թափանցիկ ֆինանսավորման մեխանիզմ, որը միավորում է պետական և մասնավոր միջոցները՝ հիմնվելով անկախ գնահատված արդյունքների վրա։ Սա նոր հնարավորություններ է բացում կլիմայի փոփոխությանը դիմակայուն և կենսաբազմազանությանը նպաստող կայուն պարենային համակարգերում ներդրումների ապահովման համար»:

ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի (ՇՄԾ) Եվրոպայում բնապահպանական գործողությունների համակարգող Թիերի Լուկասն ասել է. «Որպես Կենսաբազմազանության կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17)  հյուրընկալող երկիր՝ Հայաստանն ունի եզակի հնարավորություն՝ առաջ մղելու կայուն պարենային համակարգերի օրակարգը։ Ագրոէկոլոգիայի ընդլայնման, դեգրադացված արոտավայրերի վերականգնման և տեղական սերմերի խթանման միջոցով՝ այս համատեղ ծրագիրը շոշափելի արդյունքներ կապահովի գյուղատնտեսների, կենսաբազմազանության և հողերի դիմակայունության համար, իսկ կոնկրետ արդյունքները կներկայացվեն COP17-ի ընթացքում»:

Anna Poghosyan

Աննա Պողոսյան

ՊԳԿ
Հաղորդակցության մասնագետ

Այս նախաձեռնությանը մասնակցող ՄԱԿ-ի գործակալությունները

ՊԳԿ
Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն
ՄԱԶԾ
ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր
UNEP
United Nations Environment Programme

Նպատակները, որոնց մենք աջակցում ենք այս նախաձեռնությամբ