2025 թվականի դեկտեմբերի 9-ին, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը նշեց Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը:
Միջոցառումը միավորեց հաշմանդամություն ունեցող անձանց կազմակերպությունների և ՄԱԿ-ի հայաստանյան գործակալությունների ներկայացուցիչներին՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց ներառական հասարակության խթանում՝ հանուն սոցիալական առաջընթացի» խորագրի ներքո:
Բացման խոսքում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբն ընդգծեց, որ Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը կոչ է անում գործել: Նա վերահաստատեց ՄԱԿ-ի հանձնառությունը հաշմանդամություն ունեցող անձանց կազմակերպությունների հետ կանոնավոր խորհրդակցություններ անցկացնելու և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներն առաջ մղելու հարցում, որը կամրագրվի նաև Հայաստան-ՄԱԿ կայուն զարգացման համագործակցության 2026-2030 թվականների շրջանակային փաստաթղթում: ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնին ընդգծեց երկխոսության կարևորությունը՝ որպես ներառական համայնքներ կառուցելու հիմքեր:
Պանելային քննարկման ընթացքում մասնակիցներն անդրադարձան քաղաքականությունների բարեփոխումների և իրականության միջև եղած բացերին: Մասնակիցներն ընդգծեցին հաշմանդամության վերաբերյալ օրենսդրության իրականացման, ծառայությունների հասանելիության ապահովման, ներառական կրթության խթանման և զբաղվածության հնարավորությունների ընդլայնման հարցում առկա մշտական մարտահրավերները: Ելույթ ունեցողները շեշտեցին առաջընթացի արագության, շահագրգիռ կողմերի միջև ավելի ամուր համագործակցության և որոշումների կայացման գործընթացներում հաշմանդամություն ունեցող անձանցբովանդակային մասնակցության անհրաժեշտությունը:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի, Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ներկայացուցիչները ներկայացրին հաշմանդամություն ունեցող անձանց ներառման խթանմանն ուղղված շարունակական նախաձեռնությունները։
Միջոցառումն ավարտվեց հաշմանդամություն ունեցող անձանց ստեղծագործականությանը նվիրված մշակութային ծրագրով։ Ծրագրում ներառված էին լսողության խնդիրներ ունեցող երեխաների հատուկ կրթական համալիրի երգչախումբը, «Հավասար իրավունքներ և հավասար հնարավորություններ» ՀԿ-ի ներկայացուցիչ Հասմիկ Փելեշյանի ելույթը և երիտասարդ նկարիչ Ջիմ Հովհաննիսյանի արվեստի ցուցահանդեսը։