Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբի ելույթը ՄԱԿ-ի 80-ին
24 հոկտեմբերի 2025
Հարգելի՛ փոխվարչապետ, ձերդ գերազանցություններ, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչներ, սիրելի՛ հյուրեր, ՄԱԿ-ի սիրելի՛ գործընկերներ, բարեկամներ,
Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան թիմի անունից ուրախ եմ ողջունել ձեզ ՄԱԿ-ի գրասենյակում` մեր միակում, տոնելու Միավորված ազգերի կազմակերպության ստեղծման 80-ամյա տարեդարձը։
Նկարագրություն՝ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբի ելույթը ՄԱԿ-ի 80-ին
Խաղաղության և մարդկային արժանապատվության տեսլականը
Ութսուն տարի առաջ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, Միավորված ազգերի կազմակերպությունը ծնունդ առավ հավաքական խոստումից։ ՄԱԿ-ի կանոնադրությունը ոչ միայն իրավական համաձայնագիր կամ բարոյական կողմնացույց էր, այլև համարձակ հանձնառություն առ բազմակողմանիություն ու միջազգային համագործակցություն, արդարադատություն և մարդկային արժանապատվություն։ Ինչպես վերջերս նշել է Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը. «Խաղաղությունը միամիտ չէ։ Այն բոլոր նկրտումներից ամենահամարձակը, ամենագործնականը և ամենաանհրաժեշտն է»։
Այստեղ՝ Հայաստանում այս տարեդարձն առանձնահատուկ իմաստ ունի։ Հայաստանը քայլեր է արել խաղաղության, կայունության և բարգավաճման ապագային ընդառաջ մի տարածաշրջանում, որն առանձնանում է բարդ և փոփոխական բնույթով։ Խաղաղությունն ավելին է, քան քաղաքական համաձայնությունը. այն վստահության կառուցման, իրավունքների ապահովման, համայնքների իրավազորման և յուրաքանչյուրի՝ կանանց և տղամարդկանց, երիտասարդների և տարեցների, փախստականների և միգրանտների, գյուղաբնակների և քաղաքաբնակների համար հնարավորություններ ստեղծելու ամենօրյա աշխատանք է։ ՄԱԿ-ը կշարունակի ուղեկցել Հայաստանին այս ճանապարհին։
Հայաստան և ՄԱԿ. համատեղ պատմությունը
Թույլ տվեք համառոտ պատումով վերհիշել ՄԱԿ-ի հետ Հայաստանի անցած ուղին: Անկախության ձեռքբերումից սոսկ մի քանի ամիս անց` 1992 թվականի մարտին Հայաստանը դարձավ Միավորված ազգերի կազմակերպության անդամ: Ընդամենը երեք ամիս անց Հայաստանը մասնակցեց իր առաջին միջազգային հավաքին՝ Ռիոյում կայացած ՄԱԿ-ի շրջակա միջավայրի և զարգացման համաժողովին, որտեղ ծնվեցին կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության և անապատացման մասին երեք կարևորագույն կոնվենցիաները, ի թիվս այսօր քաջ հայտնի Կոնվենցիաների կողմերի համաժողովների` COP-երի:
Ինձ մեծապես դուր է գալիս այն, որ Հայաստանի առաջին միջազգային հանձնառությունը շրջակա միջավայրին էր վերաբերում։ Եվ հաջորդ տարի, որպես կենսաբազմազանության COP17-ը հյուրընկալող երկիր, Հայաստանը կրկին կբարձրացնի ջահը՝ գլխավորելով մեր մոլորակի ամբողջականության և գեղեցկության պահպանմանն ուղղված ջանքերը։
Խնդրում եմ ուշադրություն դարձնել ներսում և դրսում ներկայացված երկու ցուցանմուշներին, որոնք նշանավորում են ՄԱԿ-ի` Հայաստանում ծավալած գործունեությունը և Հայաստանի կենսաբազմազանությանը նվիրված առաջին հանրային ցուցադրությունը: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Բերտա Մարտիրոսյանին` այս ցուցադրության նպատակով առատաձեռնորեն մեզ տրամադրած գեղեցիկ լուսանկարների, ինչպես նաև Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամին՝ հայտնի կովկասյան ընձառյուծի լուսանկարը տարածելու համար: Հույս ունեմ, որ մի քանի տարի անց մենք կունենանք նաև իգական սեռի Գլխավոր քարտուղարի և Հայաստանի կին ներկայացուցիչների նկարներ:
80 տարեկան ՄԱԿ-ը. ազդեցության ժառանգությունը
Ութ տասնամյակ շարունակ ՄԱԿ-ն անցել է ժամանակի փորձությունը` հանդես գալով որպես մեր համատեղ մարդկայնության և հավաքական պատասխանատվության խորհրդանիշ։ ՄԱԿ-ը բարելավել է և շարունակելու է բարելավել միլիարդավոր մարդկանց կյանքը՝ ապահովելով խաղաղություն, անվտանգություն և մարդասիրական հասանելիություն ամենաբարդ իրավիճակներում` մարդու իրավունքների և միջազգային իրավունքների համակողմանի կառուցակարգերի մշակմամբ և համաշխարհային կայունության օրակարգի ձևակերպմամբ. սա նշանակում է տնտեսական զորեղացում, առողջապահության համաշխարհային չափորոշիչներ, սննդի անվտանգություն, ավիացիա, արդար առևտուր, արժանապատիվ աշխատատեղեր, միջուկային զենքի չտարածում: Այն առաջ է մղել գենդերային հավասարությունը և բարձրացրել է կանանց ու աղջիկների դերը ամբողջ աշխարհում։ ՄԱԿ-ը գտնվում է ժամանակակից խնդիրների առաջնագծում՝ տիեզերքի կառավարումից մինչև արհեստական բանականության էթիկական օգտագործումը։ Այն համակարգում է կլիմայի փոփոխության և աղտոտվածության դեմ պայքարի համաշխարհային գործողությունները։ Եվ ամեն տարի օգնում է ավելի քան 350 միլիոն երեխա փրկել թերսնումից։ Եվ այս ցանկն, անշուշտ, սպառիչ չէ:
Ես և գործընկերներս պատիվ ունենք աշխատելու մի հաստատությունում, որում մեկտեղված է մարդկության և մեր մոլորակի մասին գիտելիքների ամենամեծ պաշարը և որը ձևավորել է հավակնոտ գլոբալ նպատակներ, ինչպիսիք են «Օրակարգ 2030»-ը և Կայուն զարգացման նպատակները, որոնք մարդուն են դնում մեր բոլոր գործողությունների առանցքում։
Ապագային միտված հայացքով` ի գործ
Այսօր ՄԱԿ-ի սկզբունքները ճնշումների են ենթարկվում։ Հակամարտությունները մոլեգնում են, կլիմայական քաոսը սրվում է, անհավասարությունները` խորանում։ Մեր կատարելակերպերը միշտ չէ, որ հագեցրել են երջանիկ ավարտի: Այնուամենայնիվ, ՄԱԿ-ը շարունակում է անգերազանցելի միավորող ուժ լինել՝ մեկտեղելով մեծ ու փոքր պետություններին մի հարթակում, որպեսզի վերջիններս լուծեն այնպիսի խնդիրներ, որոնք որևէ մի երկիր միայնակ լուծել չի կարող։
Անցյալ տարի Գլխավոր քարտուղարը, անդամ պետությունների հետ միասին, «Ապագայի պակտի» միջոցով ներկայացրել է ընդհանուր ապագայի տեսլականը: Այն կառուցված է համայնքների, երիտասարդության, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի ձայների վրա, և բազմաթիվ ընթացիկ ջանքեր և բանակցություններ կան՝ ուղղված ապագայի ՄԱԿ-ի ձևավորմանը։
Այս երեկո, մինչ միասին տոնում ենք Միավորված ազգերի կազմակերպության 80-ամյակը, ես մի խնդրանք ունեմ. յուրաքանչյուր անդամ պետություն պետք է դեր ունենա ապագայի ՄԱԿ-ի ձևավորման գործում: Մասնավոր հատվածի յուրաքանչյուր ղեկավար կարող է որդեգրել Կայուն զարգացման նպատակների սկզբունքները: Մեզ անհրաժեշտ են ձեր օգնությունը, ձեր գաղափարները, ձեր ձգտումները: Բոլորի ներգրավումը կարևոր է: Եվ մենք կարող ենք այս քննարկումներն անցկացնել նաև այստեղ՝ Հայաստանում:
Եզրափակիչ. Հայաստանի առաջնորդությունը
Ամփոփելով՝ կրկին դիմում եմ Հայաստանին։ Շնորհակալություն եմ հայտնում կառավարությանը վաղվա ՄԱԿ-ի ձևավորման գործում իր ակտիվ ներգրավվածության, ինչպես նաև առաջնորդության, ներդրման և ՄԱԿ-ի բազմաթիվ պայմանագրերի ու կառուցակարգերի հետ համապատասխանության համար։ Սա Հայաստանը դիրքավորում է որպես զարգացող համաշխարհային խաղացող։
Մենք պատրաստվում ենք տալ առաջիկա հինգ տարիների մեր համագործակցության շրջանակի մեկնարկը, որը կկենտրոնանա մարդկային կապիտալի, ժողովրդագրության, կայուն տնտեսական զարգացման, կանաչ օրակարգի, խաղաղության ու ժողովրդավարության վրա: Սա բարդ խնդիր է, բայց այնպիսին, որը տանում է դեպի կայունություն և խաղաղություն: Հուսով եմ, որ սա այսօր երեկոյան այստեղ գտնվող մեր հյուրերից շատերին կոգեշնչի դեպի ավելի ընդլայնված գործընկերություն և Հայաստանի ժողովրդի համար միասին իմաստալից ազդեցության ապահովում: Ինչպես ես եմ սիրում ասել, ապագայի իմ տեսլականում Հայաստանը թերթիկները դանդաղ բացող մի ծաղիկ է, որը շուտով կփթթի:
Ի ամփոփումն, ուզում եմ շնորհակալությունս հայտնել ՄԱԿ-ի իմ սիրելի թիմին, որոնցից շատերը մեզ հետ են այս երեկո։ Ձեր աշխատանքը խորապես գնահատված է, իսկ առջևում դեռ բազում անելիքներ կան։
Շնորհակալություն։
Ելույթի հեղինակ՝
Ֆրանսուազ Ժակոբ
Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող
Նպատակները, որոնց մենք աջակցում ենք այս նախաձեռնությամբ
Այս նախաձեռնությանը մասնակցող ՄԱԿ-ի գործակալությունները
ՊԳԿ
Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն
ԱՄԿ
Աշխատանքի միջազգային կազմակերպություն
ՄՄԿ
Միգրացիայի միջազգային կազմակերպություն
ՄԱՁԻԱՀ
ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի համատեղ ծրագիր
ՄԱԶԾ
ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր
ՄԱԲՀ
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամ
ՄԱՓԳՀ
ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակ
ՄԱՏԿ
ՄԱԿ-ի Տեղեկատվական կենտրոն
ՅՈՒՆԻՍԵՖ
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ
ՄԱԱԶԿ
ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպություն
ՊՀԾ
Պարենի համաշխարհային ծրագիր
ԱՀԿ
Առողջապահության համաշխարհային կազմակերպություն
Help us improve your experience.
We are upgrading this website platform to make it clearer,
faster and more accessible.
Can you take a two-minute survey to share your feedback and help shape this upgrade?