ՄԱԱԶԿ-ը կազմակերպեց ԱՐՄՍՏԱՆԴԱՐՏ-ի փորձագետների ուսումնական այց Չեխիայի Հանրապետություն՝ օրենսդրական չափագիտության ոլորտում կարողությունների զարգացման նպատակով
18 դեկտեմբերի 2025
Երևան, Հայաստան – 2025 թ. դեկտեմբերի 8-ից 12-ը – ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունը (ՄԱԱԶԿ) ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն որակի ենթակառուցվածքին Հայաստանում» ծրագրով կազմակերպեց ԱՐՄՍՏԱՆԴԱՐՏ-ի օրենսդրական չափագիտության ոլորտի մասնագետների՝ որակի կառավարչի, գլխավոր չափագետի և Իոնիզացիոն չափումների լաբորատորիայի ղեկավարի ուսումնական այցը Չեխիայի Հանրապետություն:
Չեխիայի չափագիտության ինստիտուտի (CMI) հետ համագործակցությամբ իրականացված այցի նպատակն էր ամրապնդել մասնակիցների ինստիտուցիոնալ և տեխնիկական կարողությունները՝ չափիչ սարքերի մասին 2014/32/EU կանոնակարգի (MID), մասնավորապես՝ ավտոմատ կշռման սարքերի (AWI – MI-006), ինչպես նաև ոչ ավտոմատ կշռման սարքերի մասին 2014/31/EU դիրեկտիվի (NAWID) կիրառման ուղղությամբ։
ԱՐՄՍՏԱՆԴԱՐՏ-ի ներկայացուցիչները մասնակցեցին Չեխիայի չափագիտության ինստիտուտի լաբորատորիաներում անցկացված ինտենսիվ դասընթացների։ Տեսական ուսուցում, լաբորատոր այցեր և պրակտիկ վարժություններ ներառող ծրագրի շրջանակում մասնակիցները ծանոթացան համապատասխանության գնահատման ընթացակարգերին, կշեռքների էլեկտրամագնիսական համատեղելիության (EMC) և էլեկտրական փորձարկումներին, ինչպես նաև բեռնատարների կշեռքների, խանութային կշեռքների և վերահսկիչ կշռման սարքերի գործնական փորձարկումներին։ Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց ԵՄ դիրեկտիվների, համապատասխանեցված ստանդարտների և OIML փաստաթղթերի գործնական կիրառմանը, ինչպես նաև համապատասխանության գնահատման իրական սցենարների վրա հիմնված խնդիրների լուծմանը։
Տեղի ունեցավ փորձի փոխանակում Չեխիայի չափագիտության ինստիտուտի մասնագետների հետ՝ չափիչ սարքերի տիպի հաստատման ընթացակարգերի և օրենսդրական չափագիտության պահանջների արդյունավետ իրականացման լավագույն փորձի շուրջ՝ ԵՄ օրենսդրությանը համապատասխան։ Ծրագրով նախատեսված էին նաև լաբորատորիաների այցելություններ։
Ուսումնական այցը կարևոր քայլ է ԱՐՄՍՏԱՆԴԱՐՏ-ի և Չեխիայի չափագիտության ինստիտուտի միջև համագործակցության խորացման, ինչպես նաև Հայաստանի օրենսդրական չափագիտության համակարգի հետագա զարգացման ուղղությամբ։ Ինստիտուցիոնալ գիտելիքների և գործնական փորձի հարստացման միջոցով այն նպաստում է ԵՄ 2014/31/EU և 2014/32/EU դիրեկտիվների արդյունավետ կիրառմանը և աջակցում է Հայաստանի շարունակական համապատասխանեցմանը եվրոպական չափանիշներին։
«Աջակցություն որակի ենթակառուցվածքին Հայաստանում» ծրագիրն իրականացնում է ՄԱԱԶԿ-ը՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ։ Ծրագրի հիմնական նպատակն է զարգացնել ԱՐՄՍՏԱՆԴԱՐՏ-ի կարողությունները՝ շահառուներին միջազգայնորեն ընդունելի չափագիտական ծառայություններ մատուցելու համար։ Հայաստանի չափագիտության համակարգի իրավական, կառուցվածքային և տեխնիկական կարգավորումների բարելավման միջոցով ծրագիրը նպաստում է համակարգի արդիականացմանը՝ խթանելով տնտեսության դիվերսիֆիկացիան և առևտրի մրցունակության բարձրացումը, ինչը համահունչ է ԵՄ-ի հետ ստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով» (CEPA) Հայաստանի ստանձնած հանձնառություններին։
Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել`
Ծրագրի ղեկավար Ցոնգ Վուին` C.WU@unido.org
Ծրագրի համակարգող Հայաստանում Մանե Թափալցյանին` m.tapaltsyan@unido.org