ՄԱԱԶԿ-ն աջակցեց ԱՐՄՍՏԱՆԴԱՐՏ-ի էլեկտրական տրամաչափարկման լաբորատորիայի կարողությունների զարգացմանը
19 դեկտեմբերի 2025
Երևան, Հայաստան – 2025 թ. դեկտեմբերի 15-ից 19-ը – ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունը (ՄԱԱԶԿ) ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն որակի ենթակառուցվածքին Հայաստանում» ծրագրով կազմակերպեց հնգօրյա դասընթաց՝ ուղղված Ազգային ստանդարտների և չափագիտության մարմնի (ԱՐՄՍՏԱՆԴԱՐՏ) էլեկտրական տրամաչափարկման լաբորատորիայի արդյունավետության բարձրացմանը, առաջիկա ստուգայցերին նախապատրաստմանը և տրամաչափարկման ծառայությունների շրջանակի հնարավոր ընդլայնմանը։
Հիմնվելով նախկինում անցկացված կարողությունների զարգացման միջոցառումների արդյունքների վրա՝ դասընթացի ընթացքում հստակեցվեցին հավատարմագրման գործընթացի հետագա քայլերը։ Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց հավատարմագրման մարմնի կողմից իրականացվող ստուգայցերին նախապատրաստմանը, որակի ապահովման մեխանիզմների ամրապնդմանը և լաբորատորիայի տրամաչափարկման ծառայությունների ընդլայնման հնարավորություններին։
Դասընթացի ընթացքում ԱՐՄՍՏԱՆԴԱՐՏ-ի մասնագետները քննարկեցին երկկողմ և միջլաբորատոր համեմատությունների (BILC/ILC) պլանավորումն ու կիրառումը՝ հավատարմագրման գործընթացն ամբողջությամբ ապահովելու նպատակով։ Անդրադարձ կատարվեց BILC/ILC-ների դերին՝ որպես որակի վերահսկողության արտաքին գործիքների, ինչպես նաև տրամաչափարկման լրացուցիչ ծառայությունների վավերացման արդյունավետ միջոցների։
Ծրագրի շրջանակում անցկացվեցին աշխատանքային հանդիպումներ ԱՐՄՍՏԱՆԴԱՐՏ-ի որակի թիմի և ղեկավարների հետ՝ դասընթացի արդյունքները գնահատելու և ISO/IEC 17025 ստանդարտի պահանջներին ու միջազգային լավագույն փորձին համապատասխանությունն ապահովելու ուղղությամբ հետագա քայլերը սահմանելու նպատակով։
Այս նախաձեռնությունը կարևոր հանգրվան է Հայաստանի որակի ենթակառուցվածքի զարգացման ճանապարհին։ Այն ամրապնդում է ԱՐՄՍՏԱՆԴԱՐՏ-ի դերը՝ որպես միջազգայնորեն ճանաչված տրամաչափարկման ծառայությունների հուսալի մատակարարի, և աջակցում է Հայաստանի շարունակական համապատասխանեցմանը եվրոպական չափագիտության համակարգերին՝ ԵՄ–ՀՀ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) շրջանակում։
«Աջակցություն որակի ենթակառուցվածքին Հայաստանում» ծրագիրն իրականացնում է ՄԱԱԶԿ-ը՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ։ Ծրագրի հիմնական նպատակն է զարգացնել ԱՐՄՍՏԱՆԴԱՐՏ-ի կարողությունները՝ շահառուներին միջազգայնորեն ընդունելի չափագիտական ծառայություններ մատուցելու համար։ Հայաստանի չափագիտության համակարգի իրավական, կառուցվածքային և տեխնիկական կարգավորումների բարելավման միջոցով ծրագիրը նպաստում է համակարգի արդիականացմանը՝ խթանելով տնտեսության դիվերսիֆիկացիան և առևտրի մրցունակության բարձրացումը, ինչը համահունչ է ԵՄ-ի հետ ստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով» (CEPA) Հայաստանի ստանձնած հանձնառություններին։
Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել`
Ծրագրի ղեկավար Ցոնգ Վուին` C.WU@unido.org
Ծրագրի համակարգող Հայաստանում Մանե Թափալցյանին` m.tapaltsyan@unido.org