Եվրոպայի և Ասիայի երկրները համախմբվել են Երևանում՝ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17–րդ համաժողովին (COP17) ընդառաջ կենսաբազմազանության ինտեգրման գործընթացն արագացնելու նպատակով
04 դեկտեմբերի 2025
Երևան, Հայաստան, 2025 թ. դեկտեմբերի 4 - Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների ներկայացուցիչները դեկտեմբերի 3-4-ը Երևանում մասնակցեցին «Կենսաբազմազանության ինտեգրումը գյուղատնտեսության բոլոր ճյուղերում» տարածաշրջանային երկխոսության երրորդ հանդիպմանը, որը նախաձեռնել էր Միավորված ազգերի կազմակերպության Պարենի ու գյուղատնտեսության կազմակերպությունը։
Միջոցառումը մի հարկի տակ միավորել էր կառավարության ներկայացուցիչների, հետազոտողների, տեխնիկական մասնագետների, հասարակական կազմակերպությունների, ֆերմերների, կանանց տարբերի խմբերի ու երիտասարդների։ Երկխոսության գլխավոր նպատակն էր բարելավել քաղաքականությունների հետևողական կիրառումը, ամրապնդել ինստիտուցիոնալ կարողություններն ու տարածաշրջանային համագործակցությունը՝ կենսաբազմազանությունն ագրոպարենային համակարգերում ավելի արդյունավետ ինտեգրելու համար։
Կենսաբազմազանություն. ահագնացող հիմնախնդիր և առաջնահերթություն
Երկխոսության անհրաժեշտությունն ի հայտ է գալիս վճռորոշ պահի։ Բազմաթիվ գլոբալ ճգնաժամեր շարունակաբար արագացնում են կենսաբազմազանության կորուստը՝ սպառնալով պարենային անվտանգությանը և էկոհամակարգերի կայունությանը։ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի երկրները ներկայումս վերանայում են Կենսաբազմազանության ազգային ռազմավարություններն ու գործողությունների ծրագրերը՝ համապատասխանեցնելով դրանք Կունմին–Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի և գլոբալ նպատակների իրականացմանը, ինչը կարևոր քայլ է մինչև 2030 թ. կենսաբազմազանության համընդհանուր թիրախներին հասնելու ուղղությամբ։
«Կենսաբազմազանությունն ագրոպարենային համակարգերի սիրտն է. այն խորապես ազդում է մեր շրջակա միջավայրի և բարեկեցության վրա։ Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում մենք ունենք օրինակ ծառայելու բացառիկ հնարավորություն՝ կենսաբազմազանությունը ներառել քաղաքականությունների բոլոր մակարդակներում ու գործելակերպում՝ դրանով իսկ ամրապնդելով դիմակայունությունն ու ապահովելով ապագա սերունդների պարենային անվտանգությունը։ Քանի որ շուտով Հայաստանում անցկացվելու է COP17–ը, մեր տարածաշրջանը հնարավորություն ունի ձևավորելու ապագայի տեսլական ունեցող օրակարգ, որտեղ բնությունը, մարդիկ և պարենային համակարգերը կլինեն համաշխարհային գործողությունների կարևորագույն մասը», - նշեց Տանիա Սանտիվանեզը, ՊԳԿ–ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի Գյուղատնտեսության մասնագետ և կենսաբազմազանության տարածաշրջանային կոորդինատոր։
Տարածաշրջանի 19 երկիր ներկայացրել են իրենց վերանայած Կենսաբազմազանության ազգային ռազմավարություններն ու գործողությունների ծրագրերը, ինչը վկայում է ագրոկենսաբազմազանությունն ազգային քաղաքականություններում ներառելու աճի մասին։ Սակայն բազմաթիվ են նաև մարտահրավերները։ Ոչ միասնական կառավարումը, անբավարար ֆինանսավորումը, ինչպես նաև բնապահպանական և զարգացման կարիքների ու ինստիտուցիոնալ լիազորությունների միջև առկա անջրպետը շարունակում են խոչընդոտել առաջընթացը։
Քննարկումների ընթացքում ընդգծվեց, որ ագրոպարենային համակարգերը՝ լինելով, մի կողմից, կենսաբազմազանության կորստին նպաստող, իսկ մյուս կողմից՝ վերականգնման և կայուն օգտագործման հզոր գործիք, պետք է լինեն ազգային ռազմավարությունների առանցքային կետերից։ Կլիմայական, բնապահպանական և տնտեսական ճնշումների պայմաններում կենսաբազմազանության շարունակական նվազման միտումին անդրադարձ կատարելով՝ մասնակիցները շեշտեցին, որ գյուղատնտեսության, անասնապահության, անտառտնտեսության և ձկնորսության ոլորտներում ագրոպարենային համակարգերի փոխակերպումը պարտադիր նախապայման է Կենսաբազմազանության համաշխարհային շրջանակը կյանքի կոչելու համար՝ հաշվի առնելով, որ վերջինիս համաշխարհային թիրախների կեսից ավելին կախված են այս ոլորտներից։
Երկրները ընդգծեցին կենսաբազմազանության, սնուցման, կլիմայի, հողային և ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներում քաղաքականությունների ավելի սերտ փոխկապակցվածության և միասնականության ապահովման անհրաժեշտությունը և նշեցին Կենսաբազմազանության ազգային ռազմավարությունների և գործողությունների ծրագրերի վերանայման գործընթացում առաջընթացի մասին։ Այնուամենայնիվ, դրանց հետագա համապատասխանեցումը պարենային անվտանգության, բնապահպանական և զարգացման առաջնահերթություններին շարունակում է մնալ օրվա հրամայական։
Քննարկման ընթացքում կրկին շեշտվեց, որ կենսաբազմազանությունը ագրոպարենային համակարգերում ինտեգրելու համար պահանջվում է քաղաքական հանձնառություն, միջգերատեսչական համագործակցություն և ամրապնդված ինստիտուցիոնալ կարողություններ, այդ թվում նաև՝ տարբեր շահառուների ներգրավվածության ապահովում։
Առաջնահերթ կարևորություն տրվեց ֆինանսավորման հետ կապված գործողություններին, և կենսաբազմազանության ֆինանսավորման բացը լրացնելու և Կենսաբազմազանության համաշխարհային շրջանակի իրենց պարտավորությունները մինչև 2030 թ․ կատարելու հարցում երկրներին աջակցելու համար կոչ արվեց քայլեր ձեռնարկելու առավել համակարգված նախաձեռնությունների ձևավորման, հանրային բյուջեների օպտիմալացման և նոր ֆինանսական գործիքների մշակման ուղղությամբ։
Դեպի Հայաստանում անցկացվելիք COP17
Քանի որ Հայաստանը պատրաստվում է հյուրընկալել COP17–ը, սույն քննարկումը վերահաստատեց տարածաշրջանի համընդհանուր նպատակների ձևավորմանը նպաստելու պատրաստակամությունը։ Այդպիսով, սույն քննարկումը ծառայում է որպես կարևոր նախապատրաստական հարթակ, որը ազգային դերակատարներին զինում է գործիքակազմով ու գիտելիքներով և ապահովում է համագործակցություն՝ բանակցություններին արդյունավետ ներգրավման համար։
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ Ոսկեհատ Գրիգորյանն ընդգծեց պահի կարևորությունը տարածաշրջանի համար՝ նշելով․ «Ես վստահ եմ, որ այս երկխոսությունը, նախկինում հրավիրված երկու քննարկումների հետ միասին, մեզ հնարավորություն կտա ձևակերպել ավելի հստակ և հավակնոտ դիրքորոշում՝ թե՛ տարածաշրջանային համագործակցությունը ամրապնդելու, թե՛ առաջիկա COP17-ին ընդառաջ մեր ներդրումները ձևավորելու հարցում»։