ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) համաշխարհային մասշտաբով նշում է իր 80-ամյակը՝ Հայաստանում անցկացնելով մի շարք հոբելյանական միջոցառումներ
20 հոկտեմբերի 2025
Ութսուն տարի առաջ պետությունները միավորեցին իրենց ուժերը՝ հիմնադրելու Միավորված ազգերի կազմակերպության Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ)՝ խոստանալով վերջ տալ քաղցին, բարելավել սննդակարգը և ապահովել պարենային անվտանգությունը բոլորի համար։
Այս տարի, երբ ՊԳԿ-ն համաշխարհային մասշտաբով նշում է իր 80-ամյակը, Հայաստանը hպարտությամբ միանում է այս հոբելյանական միջոցառումներին՝ անդրադառնալով կազմակերպությանը իր անդամակցության 32 տարիներին։
Անցած ութ տասնամյակների ընթացքում ՊԳԿ-ն եղել է գյուղատնտեսությունների, համայնքների և հաստատությունների կողքին՝ նպաստելով կայուն գյուղատնտեսության զարգացմանը, կենսաբազմազանության պաշտպանությանը և գյուղական բնակավայրերի բարեկեցության ամրապնդմանը։ 2025 թվականին այս համատեղ ձեռքբերումները կյանքի են կոչվել մի շարք հիշարժան միջոցառումներով, որոնք արտացոլել են ինչպես ՊԳԿ-ի առաքելության ոգին, այնպես էլ Հայաստանի ներդրումը համաշխարհային պարենային անվտանգության գործում։
Ամբողջ 2025 թվականի ընթացքում ՊԳԿ-ն նշել է այս կարևոր իրադարձությունը մի շարք նախաձեռնությունների շարքով, որոնք ընդգծել են կազմակերպության հիմնական առաջնահերթությունները՝ կայուն գյուղատնտեսություն, պարենային անվտանգություն, կենսաբազմազանության պաշտպանություն և գյուղական կենսապահովման ամրապնդում։ Այս միջոցառումները ոչ միայն ներկայացրել են ՊԳԿ-ի համաշխարհային ժառանգությունը, այլև՝ Հայաստանի գյուղատնտեսական պարենային համակարգի փոխակերպման գործում կազմակերպության շարունակական աջակցությունը։
«365 օր գործողությունների» շրջանակում կարևորագույն իրադարձություն էր Ստարտափների գագաթնաժողովը՝ Startup Summit-ը, որտեղ ՊԳԿ-ն աջակցեց AgriTech Summit նախաձեռնությանը։ Լճափի դինամիկ միջավայրում երիտասարդ ձեռներեցներն ու ագրոտեխնոլոգիական նորարարները ներկայացրեցին կլիմայական առումով հարմար լուծումներ, ռոբոտաշինության և թվային գյուղատնտեսության գաղափարներ՝ ապացուցելով, որ Հայաստանի գյուղատնտեսության ապագան և՛ կանաչ է, և՛ խելացի։
Շեշտադրելով երիտասարդության կարևորությունը գյուղատնտեսության փոխակերպման գործընթացում՝ Ապարանում կազմակերպված Միջազգային երիտասարդության օրը ներառել է ինտերակտիվ քննարկումներ առողջ սննդակարգի, կայուն գյուղատնտեսության և սննդային վարքագծի թեմաներով։ Երիտասարդ մասնակիցները ուսումնասիրել են, թե ինչպես իրենց ընտրություններն ու գործողությունները կարող են ձևավորել ավելի դիմակայուն և առողջ պարենային ապագա։
ՊԳԿ-ի համայնքային ոգին և գյուղական զարգացման հանդեպ նվիրվածությունը առանձնացել է Բերքահավաքի փառատոնի ժամանակ, որտեղ տեղական գյուղատնտեսությունները ներկայացրել են իրենց արտադրանքը՝ մեղր, բուրավետ բույսեր, հացահատիկներ և մրգեր՝ ընդ որում բոլորն էլ հանդիսանում էին ՊԳԿ-ի աջակցությամբ իրականացվող նախաձեռնությունների արդյունք։ Յուրաքանչյուր ցուցադրություն պատմում էր փոխակերպման պատմություն՝ ընտանիքների բարելավված կենսապայմանների, գյուղերի և ավանդույթների վերածննդի մասին, որոնք նոր շունչ են ստացել նորարարության միջոցով։
Բնապահպանական կայունությունը ՊԳԿ-ի գործունեության հիմնասյուներից մեկն է, որը արտահայտվել է մի շարք նախաձեռնություններում։ ՊԳԿ-ի աշխատակիցները միացել են Սևանա լճի ափամերձ տարածքների մաքրման աշխատանքներին, վերահաստատելով կազմակերպության հանձնառությունը՝ պաշտպանելու Հայաստանի բնական գանձերը։ Ծառատունկի արարողությունը Հայաստանի Բուսաբանական այգում միավորել է տարբեր երկրների դեսպաններին, կառավարության ներկայացուցիչներին, քաղաքացիական հասարակության և ՄԱԿ-ի գործընկերներին՝ ստեղծելով նոր «Համերաշխության ծառուղի»՝ միջազգային համագործակցության և Հայաստանի բնության հանդեպ համատեղ հոգատարության խորհրդանիշ։
Համաշխարհային պարենի օրվա առթիվ հոկտեմբերի 15-ին կազմակերպված ընդունելության ընթացքում ներկայացվել է «ՊԳԿ-ի ուղու քարտեզագրումը Հայաստանում» լուսանկարչական ցուցահանդեսը, որն ընդգծում էր կազմակերպության գործունեության ուղին՝ առաջին միջամտություններից մինչև մեր օրերը՝ հողի պահպանությունից և գյուղական զարգացման ծրագրերից մինչև տեխնոլոգիական նորարարություններ և երիտասարդության հզորացում։
Ռայմունդ Յելեն՝ ՊԳԿ-ի ներկայացուցիչը Հայաստանում, ընդգծել է. «ՊԳԿ-ի 80-ամյակը հիանալի առիթ է մտորելու մեր համատեղ ձեռքբերումների շուրջ և վերահաստատելու մեր հանձնառությունը՝ Հայաստանում կառուցելու դիմակայուն, պարենային անվտանգ համայնքներ: Վերջին ութ տասնամյակների ընթացքում մենք աշխատել ենք գյուղատնտեսությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, երիտասարդության և քաղաքացիական հասարակության գործընկերների հետ՝ ամրապնդելու կայուն գյուղատնտեսությունը, պաշտպանելու կենսաբազմազանությունը և աջակցելու գյուղական բնակավայրերի բարեկեցությանը: Մեր աշխատանքը շարունակում է ապահովել, որ առաջընթացի օգուտները հասնեն յուրաքանչյուր համայնքի՝ ոչ մեկին անտեսված չթողնելով»:
ՊԳԿ-ի 80-ամյակն ընդգծում է կազմակերպության գլխավոր տեսլականը՝ «Չորս ավելի լավը» սկզբունքները (Four Betters)՝ ավելի լավ արտադրություն, ավելի լավ սնուցում, ավելի լավ միջավայր և ավելի լավ կյանք բոլորի համար։ Եվ քանի որ ի հայտ են գալիս նոր մարտահրավերներ, ՊԳԿ-ի պատմությունը Հայաստանում շարունակում է իր ընթացքը՝ արմատավորված գործընկերության մեջ, զարգանալով նորարարության շնորհիվ և մշտապես ոգեշնչվելով այն մարդկանցից, որոնց ծառայում է, ինչպես նաև Կայուն զարգացման նպատակներին ու 2030 թվականի օրակարգին հասնելու իր հանձնառությամբ: