Մամուլի հաղորդագրություն

Միասին հանուն Սևանա լճի

14 հոկտեմբերի 2025

ՊԳԿ-ի հայաստանյան գրասենյակի աշխատակիցները միավորում են ջանքերը՝ Հայաստանի «կապուտաչյա գեղեցկուհուն» պաշտպանելու ուղղությամբ:

Սևանա լիճը, որը հաճախ անվանում են նաև Հայաստանի «կապուտաչյա գեղեցկուհի», երկրի ամենամեծ քաղցրահամ ջրամբարն է և ամենակարևոր բարձրլեռնային լճերից մեկն ամբողջ աշխարհում։ Այն կենդանի էկոհամակարգ է, սննդի և կենսամիջոցների աղբյուր, ինչպես նաև Հայաստանի ինքնության ու դիմադրողականության խորհրդանիշը։ Սևանի ջրերը ոռոգում են դաշտերը, պահպանում կենսաբազմազանությունը, աջակցում զբոսաշրջությանն ու  համայնքներին ապահովում խմելու ջրով։  Բոլոր առումներով Սևանա լիճը կենսական կարևոր նշանակություն ունի։

Միասին հանուն Սևանա լճի. ՊԳԿ-ի հայաստանյան գրասենյակի աշխատակիցները միավորում են ջանքերը՝ Հայաստանի «կապուտաչյա գեղեցկուհուն» պաշտպանելու ուղղությամբ։
Նկարագրություն՝ Միասին հանուն Սևանա լճի. ՊԳԿ-ի հայաստանյան գրասենյակի աշխատակիցները միավորում են ջանքերը՝ Հայաստանի «կապուտաչյա գեղեցկուհուն» պաշտպանելու ուղղությամբ։
Լուսանկարը՝ © FAO

Այնուամենայնիվ, ինչպես բազմաթիվ բնական գանձերն աշխարհում, այնպես էլ Սևանա լիճը նույնպես կանգնած է ավելացող մարտահրավերների առջև՝ աղտոտվածությունից և գերօգտագործումից մինչև կլիմայական փոփոխության հետևանքները։ Նրա երբեմնի անաղարտ ափերին աղբն օրեցօր ավելի ու ավելի է կուտակվում՝ սպառնալով լճի առանց այդ էլ փխրուն էկոհամակարգին, ինչպես նաև նվազեցնելով նրա գեղեցկությունը։ Այս կենսական ռեսուրսի պահպանությունը ոչ միայն պետական քաղաքականության անելիքներից է, այլև յուրաքանչյուր քաղաքացու հավաքական պատասխանատվությունն ու գործնական մասնակցությունը։

Collage made from recycled waste․
Նկարագրություն՝ Կոլաժ՝ պատրաստված վերամշակված թափոններից։
Լուսանկարը՝ © FAO
Միասնական գործողություններ՝ հանուն համատեղ ապագայի

Միավորված ազգերի կազմակերպության Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) հիմնադրման 80-րդ տարեդարձի շրջանակներում ՊԳԿ-ի հայաստանյան գրասենյակի աշխատակիցները միավորել են ուժերը՝ իրական գործողություններով իրավիճակի բարելավմանն իրենց ներդրումն ունենալու նպատակով, իրականացվել է կամավորական մաքրման ակցիա Սևանա լճի ափերից մեկում։ Համագործակցելով Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) կողմից իրականացվող «Մաքուր ապագա Սևանա լճի համար» նախագծի հետ՝ աշխատակազմը մեկ օր անցկացրել է լճի ափամերձ հատվածի մաքրման, թափոնների հավաքման և իրազեկման միջոցառումների իրականացման աշխատանք կատարելով՝ ցույց տալով, թե ինչպես կարող են փոքր, բայց միասնական գործողությունները նպաստել երկարաժամկետ փոփոխություններին։

«Սևանա լիճը ոչ միայն բնության գանձ է, այլև կյանքի, ինքնության և դիմադրողականության աղբյուր Հայաստանի համար», — նշել է ՊԳԿ-ի Հայաստանի ծրագրի համակարգող Բոտագոզ Նարտայևան։ «Դարեր շարունակ Սևանա լիճը ջուր, սնունդ, ապրուստի միջոցներ և մշակութային արժեք է ապահովել ամբողջ հայ ժողովրդի համար։ Այսօր լիճը լուրջ բնապահպանական մարտահրավերների առաջ է կանգնած։ Այս համատեղ ջանքերի միջոցով մենք ցանկանում էինք հիշեցնել ինքներս մեզ և ուրիշներին, որ մեր բնական ռեսուրսների պաշտպանությունը սկսվում է անհատական պատասխանատվությունից՝ յուրաքանչյուր անգամ մեկ գործողություն, մեկ մաքրում, մեկ ընտրություն կատարելով»։

Տոնելով 80 տարիների համաշխարհային հանձնառությունը

Մաքրման այս նախաձեռնությունը Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ավելի լայն առաքելության արտացոլումն էր։ Արդեն ութ տասնամյակ է, ինչ ՊԳԿ-ն համատեղում է իր ջանքերը կառավարությունների, գործընկերների և համայնքների հետ, մոլորակի բնական պաշարների՝ անտառների, հողերի, ջրային ռեսուրսների և կենսաբազմազանության կայուն կառավարումը խթանելու ուղղությամբ։ Այս միասնական ջանքերից յուրաքանչյուրը նպաստում է այն բանին, ինչ ՊԳԿ-ն անվանում է «Չորս ավելի լավը» սկզբունքներ՝ ավելի լավ արտադրություն, ավելի լավ սնուցում, ավելի լավ միջավայր և ավելի լավ կյանք բոլորի համար։

Սևանա լճի ափին ՊԳԿ-ի Հայաստանի աշխատակազմը անդրադարձավ այս սկզբունքներին ոչ թե ելույթներով կամ զեկույցներով, այլ՝ իրական գործողությունների միջոցով։ Միասին նրանք ցույց տվեցին, որ շրջակա միջավայրի պաշտպանությունը հեռավոր նպատակ չէ, այն համատեղ պատասխանատվություն է, որը սկսվում է յուրաքանչյուրիս տանից։

Cleaning of the coastal area of Lake Sevan․
Նկարագրություն՝ Սևանա լճի ափամերձ հատվածի մաքրում։
Լուսանկարը՝ © FAO
Հույսի և պատասխանատվության խորհրդանիշ

Երբ աշխատակիցները հավաքում էին աղբով լի տասնյակ պարկերն ու նայում, թե ինչպես են արևի ճառագայթներն արտացոլվում Սևանի պարզ ու մաքուր ջրերի վրա, նրանց մեջ հպարտության և նպատակասլացության զգացումն էր արթնանում։ Նրանց աշխատանքը հիշեցում էր, որ բնության պաշտպանությունը մեկանգամյա նախաձեռնություն չէ, այլ խնամքի, հարգանքի և համագործակցության շարունակական առաքելություն։

Այս հասարակ, բայց ազդեցիկ գործողությամբ Պարենի և գյուղատնտեսության հայաստանյան գրասենյակի աշխատակիցները ոչ միայն արտահայտեցին իրենց համերաշխությունը ՊԳԿ-ի համաշխարհային արժեքներին, այլև իրենց անձնական նվիրվածությունը՝ պահպանելու Հայաստանի եզակի բնապահպանական ժառանգությունը։ Սևանի պաշտպանությունն իր իսկ էությամբ կյանքի պաշտպանության գործընթաց է՝ ջրի, սննդի և հույսի պահպանություն։

Որովհետև միասին մենք ավելի ուժեղ ենք։

Anna Poghosyan

Աննա Պողոսյան

ՊԳԿ
Հաղորդակցության մասնագետ

Այս նախաձեռնությանը մասնակցող ՄԱԿ-ի գործակալությունները

ՊԳԿ
Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն

Նպատակները, որոնց մենք աջակցում ենք այս նախաձեռնությամբ