Հայաստանի դիմակայուն ապագայի կերտումը. կանաչ արժեշղթաները գործողության մեջ
01 հոկտեմբերի 2025
Ինչպե՞ս կառուցել տնտեսություն, որը միաժամանակ և՛ կայուն է, և՛ արդար։ Ամրապնդելով հիմքերը՝ արժեշղթաները։
Անցյալ շաբաթ Երևանում Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (ԱՄԿ) կազմակերպել է երկու աշխատաժողով տեղական տնտեսության պլանավորողների և միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) ներկայացուցիչների համար՝ փոխկապակցված ճգնաժամերի պայմաններում Հայաստանի տեղական տնտեսությունները վերափոխելու համար։
2023 թվականին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցեցած իրադարձությունների հետևանքով Հայաստանը ընդունել է ավելի քան 100,000 փախստական։ Այս մարդասիրական մարտահրավերը, զուգորդված ոչ ֆորմալության և կլիմայի հետ կապված ռիսկերի հետ, պահանջում է արդար անցում՝ անցում դեպի կանաչ տնտեսություն, որը ստեղծում է ֆորմալ աշխատատեղեր՝ չանտեսելով ոչ ոքի։
Իր ներածական խոսքում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբն ընդգծել է, որ Հայաստանն ունի զգալի ներուժ արդար անցումն առաջ մղելու համար, և որ խաղաղության ներկայիս քաղաքական շրջանակը առաջընթացի համար ստեղծում է նպաստավոր միջավայր։ Նա նշել է, որ ԱՄԿ-ի այս նախաձեռնությունը հանդիսանում է ոչ միայն արժանապատիվ աշխատանքը խթանելու գործնական գործիք, այլև ներառական, կայուն և սոցիալապես արդար տնտեսական վերափոխում ապահովելու ուղի։
Ինչպես իր բացման խոսքում նշել է ԱՄԿ-ի ձեռնարկությունների զարգացման և կանաչ աշխատատեղերի ավագ մասնագետ, դոկտոր Քրիստինա Մարտինեզը.
«Ոչ ֆորմալ գործունեության, հմտությունների պակասի և կլիմայական ռիսկերի, օրինակ ջրային ռեսուրսների սակավության ճգնաժամի, մարտահրավերներն իրական են: Առաջ շարժվելու ուղին արդար անցումն է, որը կնվազեցնի շրջակա միջավայրի վրա ազդեցությունը՝ միաժամանակ ապահովելով ֆորմալ կանաչ աշխատատեղեր և ստեղծելով հնարավորություններ փախստականների, կանանց և ոչ ֆորմալ աշխատողների համար»:
Հիմնվելով հետևյալ տվյալների վրա, աշխատաժողովի ուսումնասիրման կիզակետում էին բարձր ներուժ ունեցող ոլորտները.
- Երևան. շինարարության ոլորտը (ՀՀ ընդհանուր ծավալի 49%-ը, արտադրանքը՝ ↑52% 2021 թվականից ի վեր) շարժվում է դեպի կայուն վերանորոգում։ Միևնույն ժամանակ, թափոնների տեսակավորման և վերամշակման ոլորտը նոր աշխատատեղեր ապահովելուն միտված ոլորտ է, քանի որ պետք է հաշվի առնել, որ տեսակավորված թափոնները 368 տոննայից (2021թ.) աճել են մինչև 760 տոննա (2024թ.)։
- Արարատ. գյուղատնտեսական առումով այս հզոր հանգույցն արտադրում է Հայաստանի բանջարեղենի 31%-ը և մրգերի 26%-ը: Դեռ 2023 թվականի 82,000 տոննա խաղողի (ազգային բերքի 42%-ը) արտադրության ցուցանիշներով՝ կիրառելով կլիմայի փոփոխությանը արձագանքելու դիմակայուն մեթոդներ՝ արդիականացվում է այգեգործությունն ու գինեգործությունը:
Անհատականացված մոտեցում՝ առավելագույն ազդեցության համար․
- Տեղական տնտեսության պլանավորողների համար կազմակերպված հեռանկարների ուսումնասիրման աշխատաժողովը (սեպտեմբերի 23) պաշտոնյաներին ներկայացրել է արժեշղթայի վերլուծության համար անհրաժեշտ գործիքակազմը: Այն օգնում է պլանավորողներին դուրս գալ ավանդական ենթակառուցվածքային ներդրումների շրջանակից և հայտնաբերել հմտությունների, շուկայական կապերի և չափանիշների շրջանում առկա «մեղմ խոչընդոտները»։ Արժեշղթայի վերլուծության գործիքի օգտագործմամբ նրանք այժմ կարող են առաջնահերթություն տալ ոլորտներին՝ հաշվի առնելով աշխատատեղերի ստեղծման ներուժը՝ յուրաքանչյուր ներդրված լումային համապատասխան և ապահովելով, որ հանրային միջոցները անմիջապես աջակցեն ներառականությանը և կանաչ աճին։
- Միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) կարողությունների հզորացման աշխատաժողովը (սեպտեմբերի 24) ձեռնարկատերերին տրամադրել է արժեշղթաների փոխակերպման գործիքներ՝ կանաչ և ներառական ապագայի համար։ Աշխատաժողովի ընթացքում մասնակիցները քննարկել են սեզոնային դրամական հոսքերի ֆինանսական կառավարմանը, կանաչ տեխնոլոգիաների ներդրման ռազմավարություններին (սկսած խելացի խաղողագործությունից մինչև թափոնների տեսակավորում) և ներառական՝ փախստականներին ու կանանց ինտեգրելու ունակ, աշխատուժի վրա հիմնված քաղաքականություններին վերաբերող հարցեր։
Միջոցառումների հիմնական ուղերձը սոցիալական երկխոսության կարևորությունն էր։ Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ), Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի (ՀԱՄԿ), Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ակտիվ մասնակցությունն ապահովել են, որ մշակվող ռազմավարությունները ոչ միայն տնտեսապես հիմնավորված լինեն, այլև սոցիալապես կայուն՝ խթանելով կայուն և արդար աշխատանքային հարաբերություններ։
Առաջիկա քայլերը հստակեցված են․ տեղական տնտեսության զարգացման ռազմավարություններում ներդնել արժեշղթաների վերլուծության մեթոդաբանությունը, ապահովել կանաչ ֆինանսավորման հնարավորությունները փոքր և միջին ձեռնարկությունների համար և ընդլայնել պիլոտային ծրագրերը, որոնք ֆորմալացնում են զբաղվածությունը և ներառում խոցելի խմբերին։
Այս աշխատանքը վկայում է մեր համատեղ հանձնառության մասին՝ առաջ մղելու սոցիալական արդարությունը և խթանելու արժանապատիվ աշխատանքը։ Ամրապնդելով տեղական տնտեսությունների հիմնասյուները՝ մենք զարգացնում ենք ֆորմալ զբաղվածությունը և կառուցում ամուր ապագա, որը կլինի արդյունավետ, կայուն և արդար բոլորի համար։
Միջոցառումները կազմակերպվել են ԱՄԿ կողմից ֆինանսավորվող «ԱՄԿ լիազոր գործընկերների կարողությունների զարգացում՝ աշխատանքի ոչ ֆորմալ դրսևորումների կանխման և ֆորմալացմանն անցմանը խթանման ուղղությամբ, փախստականների հետ կապված ճգնաժամի համատեքստում» ծրագրի շրջանակներում։
Ավելին՝
Ծրագիր՝ http://bit.ly/4gZXeXz
Դոկտոր Քրիստինա Մարտինեզ
Ավագ մասնագետ, Ձեռնարկությունների զարգացում և կանաչ աշխատատեղեր