Գյուղատնտեսությունից անմիջապես դեպի մամուլի առաջին էջեր․ ՊԳԿ-ն Հայաստանում նշում է իր 80-ամյակը լրատվամիջոցների հետ համագործակցությամբ
15 սեպտեմբերի 2025
Գյուղատնտեսության ոլորտի դերը Հայաստանի տնտեսությունում նվազում է, չնայած այն հանգամանքին, որ ոլորտը շարունակում է կենսական նշանակություն ունենալ, մասնավորապես՝ պարենային անվտանգության և գյուղական բնակչության կենսապահովման համար։ Այնուամենայնիվ, հաճախ դժվար է լինում ոլորտի նկատմամբ գրավել կայուն ուշադրություն։ Այս բացը լրացնելու նպատակով ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն սեպտեմբերի 3-ին աշխատանքային նախաճաշ և երկխոսություն է անցկացրել ոլորտը լուսաբանող մի շարք լրագրողների հետ, մամուլի և լրատվամիջոցների հետ համագործակցությունը ամրապնդելու և գյուղատնտեսության ամուր դիրքը հանրային օրակարգում հստակեցնելու նպատակով։
Երկխոսությունն ընդգծեց նաև լրատվամիջոցների առանցքային դերը, քանի որ նրանց լուսաբանումը կարևոր ներդրում է իրազեկվածության բարձրացման և ապացույցների հավաքագրման գործում, և, հետևաբար, քաղաքականության առաջնահերթությունների, ներդրումային որոշումների կայացման և գյուղատնտոսությունների ու գյուղական համայնքների խնդիրները բարձրաձայնելու գործում։
Իր խոսքում Յելեն անդրադարձել է կազմակերպության հիմնական նպատակներին՝ նկատի ունենալով Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության 80-ամյակը 2025 թվականին, նա ընդգծեց Հայաստանի անդամակցությունը ՊԳԿ-ին 1993 թվականից ի վեր և կազմակերպության ներկայացուցչության բացումը 2024 թվականին։ Այդ ժամանակից ի վեր ՊԳԿ-ն իրականացրել է ավելի քան 150 նախագիծ ՝ գրեթե 100 միլիոն ԱՄՆ դոլարի ընդհանուր ծավալով։ Ծրագրերն ընդգրկել են այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են անտառատնտեսությունը, ձկնորսությունը, բուսական և անասնաբուժական արտադրությունը, բուսասանիտարիան և անասնաբուժությունը, սննդի անվտանգությունը, ինչպես նաև քաղաքականության մշակման աջակցությունը, գյուղական զարգացումը, պարենային անվտանգությունն ու սոցիալական պաշտպանությունը։ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունն անմիջականորեն համագործակցել է շահառուների, պետական հաստատությունների և քաղաքացիական հասարակության հետ՝ ապահովելով նաև գիտելիքների փոխանակման, քննարկման և կարողությունների զարգացման միասնական հարթակ։
«Լրատվամիջոցները կարևոր դեր են խաղում հասարակական կարծիքի ձևավորման և գյուղատնտեսության վերաբերյալ իրազեկվածության բարձրացման գործում», – նշել է Յելեն։ «Լուսաբանելով ոլորտի մարտահրավերներն ու հնարավորությունները, լրագրողները կարող են օգնել գյուղատնտեսներին լսելի դարձնել իրենց ձայները, ներկայացնել նորարարական գործելակերպը և ուշադրություն հրավիրել գյուղական համայնքների զարգացման կարևորության վրա՝ Հայաստանի ընդհանուր առաջընթացի համար»։
Քննարկումն անցել է աշխույժ և ինտերակտիվ մթնոլորտում։ Լրագրողները բարձրացրել են լայն շրջանակ ընդգրկող հարցեր՝ սկսած թունաքիմիկատների կիրառությունից և մնացորդներից մինչև զգայուն հարցերը՝ ինչպիսին է, օրինակ, դաբաղի հիվանդությունը, լուսաբանելու լավագույն եղանակները: Նրանց բարձրացրած հարցերն արտացոլում էին ոչ միայն գյուղատնտեսական թեմաների լուսաբանման բարդությունը, այլև հայկական լրատվամիջոցների մեծ հետաքրքրությունը՝ սննդի և գյուղատնտեսության խնդիրներին ավելի իրազեկված և մասնագիտական ձևով անդրադառնալու նկատմամբ:
Մասնակիցները քննարկել են՝ ինչպես են ներկայումս լուսաբանվում գյուղատնտեսական հարցերը, ինչ դժվարությունների են բախվում լրագրողները տվյալների և տեխնիկական փորձագիտական գիտելիքների հասանելիության առումով, և ինչ հնարավորություններ կան ավելի սերտ համագործակցության համար։ Երկխոսությունը հստակ ցույց է տվել, որ գյուղատնտեսությունը լրատվական օրակարգում պահելը միջազգային կազմակերպությունների, քաղաքականություն մշակողների և լրատվամիջոցների համատեղ պատասխանատվությունն է։
Նախաճաշ-երկխոսությունը եզրափակվել է ՊԳԿ-ի հանձնառությամբ՝ աջակցելու հայ լրագրողներին գիտելիքներով և ռեսուրսներով՝ խրախուսելով նրանց ավելի մեծ ուշադրություն դարձնել գյուղատնտեսությանն իրենց աշխատանքում և ընդլայնելու գյուղատնտեսական թեմաների լուսաբանումը։ Խթանելով լրատվամիջոցների ավելի ակտիվ ներգրավվածությունը՝ Պարենի և գյուղատնտեսության կազմակեպությունը նպատակ ունի խթանել տեղեկացված հանրային քննարկումները, բարձրացնել գյուղատնտեսության դերը ազգային օրակարգում և նպաստել Հայաստանում ավելի կայուն և դիմացկուն պարենային համակարգի կառուցմանը։