ՄԱԱԶԿ-ն անցկացրեց չափածրարված ապրանքների կանոնակարգի վերաբերյալ դասընթաց ԱՐՄՍՏԱՆԴԱՐՏ-ի և ՇՎՏՄ աշխատակիցների համար
08 սեպտեմբերի 2025
Երևան, Հայաստան – 2025 թ. սեպտեմբերի 1-ից – 5– ը – ԵՄ/ՄԱԱԶԿ-ը, Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն որակի ենթակառուցվածքին Հայաստանում» ծրագրի շրջանակում, կազմակերպեց հնգօրյա ինտենսիվ տեսական և գործնական դասընթաց՝ նվիրված 76/211/EEC չափածրարված ապրանքների (PPP) կանոնակարգին։ Դասընթացին մասնակցեցին ստանդարտների և չափագիտության ազգային մարմնի (ԱՐՄՍՏԱՆԴԱՐՏ) ինը և շուկայի վերահսկողության տեսչական մարմնի (ՇՎՏՄ) երկու աշխատակից։ Որոշ դասընթացների մասնակցեցին նաև Էկոնոմիկայի նախարարության որակի ենթակառուցվածքի զարգացման վարչության երկու ներկայացուցիչ։
Դասընթացը վարեցին Չեխիայի չափագիտության ինստիտուտի (CMI) միջազգային փորձագետները՝ համադրելով տեսական նյութերը գործնական աշխատանքների հետ։ Այն կենտրոնացած էր չափածրարված ապրանքների իրավական, տեխնիկական և ընթացակարգային պահանջների վրա։ Մասնակիցները ծանոթացան նշումների և պիտակավորման պահանջներին, հանդուրժելի բացասական սխալներին (TNE), նմուշառման և վիճակագրական վերահսկողության մեթոդներին, փաթեթավորման վերահսկողության մեջ չափիչ գործիքների (կշռիչ սարքեր, խտաչափեր) կիրառմանը, ինչպես նաև գործարանային աուդիտների և համապատասխանության ստուգման ընթացակարգերին։
Ծրագրի կարևոր բաղադրիչներից էր արտադրամաս կատարած այցելությունը, որի ընթացքում մասնակիցները կիրառեցին ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները՝ իրականացնելով սիմուլյացիոն աուդիտ։ Դասընթացի ավարտին մասնակիցները ամրապնդեցին իրենց մասնագիտական կարողությունները չափածրարված ապրանքների կանոնակարգի կիրառման գործում՝ նպաստելով Հայաստանի օրենսդրական չափագիտության համակարգի համահունչեցմանը ԵՄ չափանիշներին։
«Աջակցություն որակի ենթակառուցվածքին Հայաստանում» ծրագիրն իրականացնում է ՄԱԱԶԿ-ը՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ։ Ծրագրի հիմնական նպատակն է զարգացնել ԱՐՄՍՏԱՆԴԱՐՏ-ի կարողությունները՝ շահառուներին միջազգայնորեն ընդունելի չափագիտական ծառայություններ մատուցելու համար։ Հայաստանի չափագիտության համակարգի իրավական, կառուցվածքային և տեխնիկական կարգավորումների բարելավման միջոցով ծրագիրը նպաստում է համակարգի արդիականացմանը՝ խթանելով տնտեսության դիվերսիֆիկացիան և առևտրի մրցունակության բարձրացումը, ինչը համահունչ է ԵՄ-ի հետ ստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով» (CEPA) Հայաստանի ստանձնած հանձնառություններին։
Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել`
Ծրագրի ղեկավար Ցոնգ Վուին` C.WU@unido.org
Ծրագրի համակարգող Հայաստանում Մանե Թափալցյանին` m.tapaltsyan@unido.org